Եվրոպական խորհրդարանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով

(aysor.am) Եվրոպական խորհրդարանում այս պահին ընթանում է «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ մշակութային ժառանգության վերականգման օրինական և քաղաքական ասպեկտները» խորագրով համաժողով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Բեդո Դեմիրճյանը:

«Այս միջոցառման նպատակն է Ցեղասպանության ճանաչումից զատ, բարձրացնել հատուցման հրամայականը: Մեկնարկը տալիս ենք Եվրախորհրդարանում», – ասաց Բ.Դեմիրճյանը:

Մասնակիցներն են՝ մարդու իրավունքների գծով դատապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային իրավունքի մասնագետ Օվե Բրինգը, ազգությամբ թուրք, մարդու իրավուքնների գծով փաստաբան Սեմ Սոֆոուզլուն, լրագող Դողան Օզգուդեն, լրագրող Կիյոմ Փերիեն:

Համաժողովը հյուրընկալել է ԵԽ պատգամավոր Չարլզ Թաննոքը: Մոդերատորն է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Բ.Դեմիրճյանը տեղեկացրեց նաև, որ համաժողովը տևելու է մոտ 2 ժամ: