Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները

Uncategorized

Հ.Յ. Դաշնակցութեան Հայ Դատի յանձնախմբերը այդ անունով գործում են շուրջ հինգ տասնամեակից ի վեր, սակայն նրանց ակունքները աւելի վաղ ժամանակներում են: Առաջին աշխարհամարտի աւարտին Ամերիկայի Միացեալ Նահանգներում կազմուած «Հայաստանի անկախութեան համար ամերիկեան կոմիտէն», իսկ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ` նաեւ «Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը» եղել են այն կառոյցները, որոնց միջոցով Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միջազգային մակարդակով քաղաքական, յարաբերական եւ քարոզչական աշխատանքներ էր տանում յանուն հայ ժողովրդի իրաւունքների միջազգային ճանաչման եւ Հայաստանի անկախութեան:

Երկրորդ աշխարհամարտի աւարտին, 1944, Ամերիկայի Միացեալ Նահանգներում Հ.Յ.Դ. կազմեց Հայ Դատի յանձնախումբ (Armenian National Committee), որը Նիւ Եորքում ունեցաւ գրասենեակ եւ հայ ժողովրդի իրաւունքների խնդիրը ներկայացրեց նորակազմ Միաւորուած ազգերի կազմակերպութեանը (Մ.Ա.Կ.)։

Հայոց Ցեղասպանութեան յիսնամեակի առիթով Սփիւռքի բոլոր համայնքներում Դաշնակցութիւնը կազմեց յատուկ յանձնախմբեր, որոնք էլ այնուհետեւ կոչվեցին Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախմբեր եւ գործում են առ այսօր: Մի շարք երկրներում գործում են նաեւ Հայ Դատի գրասենեակներ:

Հայ Դատի յանձնախմբերի խորհրդաժողով, 2012, Երեւան
Հայ Դատի յանձնախմբերի խորհրդաժողով, 2012, Երեւան

Վերջին տասնամեակներում, միջազգային քաղաքական կեանքում ամենակարեւոր մայրաքաղաքներում` Ուաշինգտոնում, Մոսկուայում եւ Բրիւսէլում, ինչպէս նաեւ Բէյրութում հաստատուել են Հայ Դատի գրասենեակներ:

Այս գրասենյակներից առաջինը հաստատուել է 1984 թուին, Վաշինգտոնում: Այն գործում է Armenian National Committee of America (Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբ) անունով: Այն առաւելաբար հանդէս է գալիս որպէս ամերիկահայությեան քաղաքական առաջադրանքներն ու շահերը ամերիկեան քաղաքական շրջանակներում հետապնդող գլխաւոր կառոյց: Այդ առաջադրանքներին մաս են կազմում ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ արդար հատուցումը, այլ նաեւ՝ Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդիրներ, Ջաւախքի հայութեան իրաւունքների պաշտպանութիւնը եւայլն:

Մոսկուայի գրասենեակը (Русско-армянское содружество) հաստատուեց 1993 թուականին եւ գործում է որպէս Հ.Յ.Դ. Բիւրոյի քաղաքական գրասենեակ: Այս գրասենեակի աշխատանքների ծիրն էլ չի սահմանափակւում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդրով, մանաւանդ որ արդէն այս գրասենեակի աշխատանքների շնորհիւ 1995¬ին Ռուսաստանի Պետդուման այդ մասին բանաձեւ է որդեգրել: Այս գրասենեակի միջոցով նաեւ քաղաքական որոշ աշխատանքներ են տարվում ԱՊՀ անդամ հարեւան երկրներում:

Բրիւսէլի գրասենեակը հաստատուեց 2002-ին: 2001-ին, ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնութեամբ, Ժնեւում տեղի ունեցաւ հանգանակային ճաշկերոյթ` Եւրոպայում Դաշնակցութեան քաղաքական աշխատանքներին ի նպաստ: Նկատի ունենալով ընդհանրապէս աշխարհում ընթացող գործընթացները, յատկապէս` Հայաստանի տարածաշրջանի վրայ ազդեցութիւն ունեցող քաղաքական հոլովոյթներն ու նրանց մէջ Եւրոպայի դերակատարութիւնը, անհրաժեշտ էր զարկ տալ Եւրոպայում քաղաքական աշխատանքներին: 1990-ականների կէսերին, գլխաւորաբար Մակ-ի եւ միջազգային այլ կազմակերպութիւններում Արցախի հարցի պաշտպանութեան նպատակով, Ժնեւում հաստատուեց Հայ Դատի գրասենեակ: Իսկ 2001-ին Եւրոպայի գրասենեակը ժամանակաւորապէս հաստատուեց Փարիզում, ապա Բրիւսէլում, նկատի ունենալով որ այդ քաղաքում են հաստատուած եւրոպական գլխաւոր կառոյցները: Գրասենեակը եւ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը գործում են եւրոպական կառոյցների եւ Եւրոպայում գտնուող միջազգային կազմակերպութիւնների հետ: Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբը եւ Բրիւսէլի գրասենեակը եւրոպական շրջանակներում հանդէս են գալիս European-Armenian Federation for Justice and Democracy անունով:

2005թ. օգոստոսի 1-ին, Բէյրութում բացվեց Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենեակը։ Այն ունի տարածաշրջանային առաքելութիւն, յատկապէս՝ արաբական եւ իսլամական երկրների քաղաքական եւ հասարակական շրջանակներում Հայաստանի, հայութեան եւ հայկական հարցերի նկատմամբ դրական կեցուածք ձեւաւորելու նպատակ։

Եւ վերջապէս` Երեւանում գործում է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակը, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարութեամբ: Նման գրասենեակ անցեալում գործել է Աթէնքում, երբ քաղաքական արգելքների պատճառով Բիւրոյի նստավայրը տակաւին Երեւանում չէր հաստատուել: Այս գրասենեակի պարտականութիւնն է համադրել Հայ Դատի աշխատանքները եւ պահել Բիւրոյի միջազգային յարաբերութիւնները:

Մօտ եօթանասուն տարածաշրջանային, շրջանային, նահանգային եւ քաղաքային մակարդակի Հայ Դատի յանձնախմբեր գործում են աւելի քանի երեսուն երկրներում։ Գործում են նաեւ Սիդնիի, Բէյրութի, Թեհրանի, Փարիզի, Բուէնոս Այրէսի, Գլենդէյլի (շրջանային եւ տեղական), Ուաթըրթաունի, Օտտաուայի եւ Տորոնտոյի (տեղական) գրասենեակները։