(tert.am) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին պետք է մեղսակից համարել Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունների համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ նշելով, թե քաղաքավար լինելը և այսպես ասած՝ կեղծ հավասարության նշաններ դնելը ոչ մի ձևով չի նպաստում իրավիճակի կայունացմանը:
«Անհրաժեշտ է, որ իրերը կոչվեն իրենց անունով և շատ հստակ քայլեր ձեռնարկվեն, այսինքն՝ ոչ միայն դատապարտվի զինադադարի խախտումը, իսկ Հայաստանի դեպքում՝ սահմանի գնդակոծումները, այլ պետք է համանախագահներից ակնկալել մի քայլ առաջ գնալ և ինչ-որ ձևով հասկացնել Ադրբեջանին, ավելի շփումներ ունենալով Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ՝ ցույց տալ Ադրբեջանին, որ իր այս պահվածքն անհետևանք չի մնա»,-ասաց Կիրո Մանոյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի պահվածքին ու արձագանքին, որպես ոչ միայն համանախագահող երկիր, այլ նաև որպես ռազմավարական դաշնակից, Կիրո Մանոյանն ասաց, որ պետք է զգույշ լինել, քանի որ հակառակ կողմից էլ կարող է առարկությունը լինել, թե ռազմավարական գործընկերն ինչպե՞ս կարող է արդար միջնորդ լինել:
«Դրա համար էլ մեր ակնկալիքներն իրապաշտ և ճիշտ պետք է լինեն. չլինի այնպես, որ մենք հոնքը սարքելու փոխարեն աչքը հանեն: Ճիշտ է, մենք ակնկալիքներ ունենք Ռուսաստանից, բայց կարծում եմ, որ պետք չէ պատկերացնենք, թե դրանք կլինեն ինչ-որ ձևական բաներ, այլ շատ իրական աջակցություն, որը, կարծում եմ, արդեն տրամադրվում է»,-նշեց Կիրո Մանոյանը: