(tert.am) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի անդամ և Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնում է Եգիպտոսում հայ գաղթօջախի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերն ու գաղութի խնդիրները:
«Պետք է կապերն ավելի սերտանան հայկական գաղութների միջև և հայրենիքի միջև: Այդ դեպքում գործակցությունն ավելի սերտ կլինի և արդյունքն ավելի շոշափելի կլինի»,-ասաց նա:
Արմեն Մազլումյանը շեշտում է, որ աշխատանք արվում է, և հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակներում դրանք հսկայական են եղել, սակայն նշում է, որ պետք է ջանքերը կրկնապատկվեն հատկապես այդ գաղութների մեջ, որոնք նոսրացել են, իսկ Եգիպտոսն այդ երկրների շարքում է:
«Կարծում եմ` պետք է հայապահպանության մասով Հայաստանը ակտիվ դեր ունենա, օգնի մեզ նման գաղութներում գրքերի, ուսուցիչների վերապատրաստման հարցում, որովհետև մեզ մոտ այդ ամենը պատրաստել մի քիչ դժվար է, ուսուցիչ պատրաստել և այլն, այդ հարցերում պետք է ավելի մեծ ջանքեր ուղղել»,-ասաց նա:
Արմեն Մազլումյանը նշեց, որ Եգիպտոսի հայկական գաղութի թիվը դեռևս 50-ականներին 50 000-ի էր հասնում, որոնք հեղափոխությունից հետո աստիճանաբար նվազել և հասել են այսօր 8000-ի: Ըստ նրա՝ հիմնական հոսքը դեպի Արևմուտք է:
«Հիմնականը պատճառը գոյատևման խնդիրն է: Իհարկե, ինքն իրեն պահում է, բայց երթալով այդ թիվը նվազում է Եգիպտոսում: Բայց դպրոցներ ունենք, մեր ակումբներն ու մշակութային կենտրոններն ունենք, երիտասարդների և պատանիների երգչախումբ, պարախումբ, սովորեցում ենք երիտասարդներին հայկական արվեստ և ամեն ինչ, բայց թիվը նվազում է»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ քրիստոնյանների նման արտահոսքը բոլորովին կապ չունի կրոնի հետ:
«Ընդհանրապես Եգիպտոսում հայերը երբեք էլ կրոնական հարց չեն ունեցել, որովհետև Եգիպտոսն ինքն է ընդունել ջարդից փախած 1915թ-ին հայ գաղթականներին: 1915-1919 թթ-ին, 4-5 տարի հայ գաղթականները գոյատևել են վրաններում, իսկ մուսուլմանները նվիրատվությունն են իրենց արել, որ գոյատևեն հայերը: Այնպես որ, չնայած աշխարհում տեղի ունեցող այս խառնաշփոթին, Եգիպտոսում կրոնական հարցեր հայ համայնքը չունի, քրիստոնյա-իսլամ հակամարտություններն ավելի շատ Սիրիայում է, մեզ մոտ բարյացակամ են եգիպտացի ժողովուրդն ընդհանրապես հայերի նկատմամբ, այդ ծայրահեղական մոտեցումը չկա »,-ասաց նա:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի անդամն անդրադարձավ նաև այս տարվա ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքների մասին Եգիպտոսում: «Մենք ազատ աշխատում ենք և Հայոց ցեղասպանության հարցերով իրազեկում եգիպտացի ժողովրդին ու մտավորականությունը: Հիմնականում մեզ պակասում էր գրականությունն արաբերեն լեզվով, մենք դրա վրա ամբողջ տարի աշխատեցինք, և հրատարակչական գրքերով, թարգմանություններով հիմա 10 գիրք կա, և 10 գիրք ևս պատրաստում ենք, որը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ Հայոց պատմության և հայկական այլ հարցերին ՝ ԼՂՀ հիմնախնդիր և այլն»,-ասաց նա:
Երկրորդ ուղղվածությունն ըստ նրա՝ աշխատանքն էր եգիպտական ԶԼՄ-ների հետ: «Ավելի շատ հեռուստակայաններով ենք փորձել տարածել Հայոց ցեղասպանության ու հայերի մասին տեղեկությունները և ասեմ, որ ստացվում է»,-նշեց նա:
Եգիպտոսի Խորհրդարանը Պիտի Քննէ Ցեղասպանութեան Ճանաչման Հարցը
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- «Եգիպտոսի գլխաւոր երկու քաղաքական կուսակցութիւնները, որոնք արդէն իսկ յայտարարած են, թէ կ՛ընդունին Հայոց Ցեղասպանութեան փաստը, նոր ընտրութիւններէն ետք խորհրդարանին մէջ պիտի բարձրացնեն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման հարցը», ըսած է Ցեղասպանութեան 100ամեակի միջոցառումներու ամփոփումը կատարող քննարկումներուն համար Հայաստան գտնուող Եգիպտոսի Հայ Դատի յանձնախումբի անդամ Արմէն Մազլումեանը:
«Յանձնախումբը նախկին խորհրդարանին մէջ ջանք թափեց, որ Եգիպտոս ընդունի Հայոց Ցեղասպանութիւնը, բայց տակաւին այդ պահը չէր եկած, ըստ երեւոյթին: Սակայն, կը կարծեմ, որ Եգիպտոս պիտի ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը», աւելցուցած է Մազլումեան:
Բժ. Արմէն Մազլումեան Պարգեւատրուած ՀՀ «Երախտագիտութեան» Մետալով
(ՅՈՒՍԱԲԵՐ) Սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահի նստավայրին մէջ գումարուած Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովի Զ. Նիստին, զոր վարած է նախագահ Սերժ Սարգսեան, կատարուած աշխատանքներուն մասին միջանկեալ զեկոյցով հանդէս եկած է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հարիւրամեակի ձեռնարկներու գլխաւոր համակարգող Վիգէն Սարգսեան, որմէ ետք Հայաստանի եւ սփիւռքի խումբ մը բարերարներ, գործարարներ ու գործիչներ պարեւատրուած են տարբեր մետալներով։
Ուրախալի է, որ եգիպտահայ համայնքէն ներս անցած տասնամեակին Հայ դատի քարոզչութեան արդիւնաւէտ գործունէութիւն համադրած եւ
ծաւալած բժիշկ Արմէն Մազլումեան եւս գնահատուած է ու արժանացած «Երախտագիտութեան» մետալի։
Նկար – Ձախէն՝ Սերժ Սարգսյան, Արմէն Մազլումեան