Հայերի էթնիկ զտումներն Ադրբեջանում դադարեցնելու մասին նամակը Եվրոպայի Հայ դատի հաջող աշխատանքներից էր․ Գասպար Կարապետյան

Եվրախորհրդարանի 43 պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայության Բարձր Ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին, որում ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության հանդեպ էթնիկ զտման քաղաքականության մասին, և ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ անում օգտագործել Եվրամիության լծակները՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հիշեցրեց, որ մոտ 10 օր առաջ ընդունված բանաձևում Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ էր անում չքանդել հայկական կոթողները, և առաջին անգամ խոսում էր հայատյացության մասին։

«Դա կարծր բանաձև էր Ադրբեջանի համար։ Այդ աշխատանքը, հիմնականում, արեց ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը և Բրյուսելում ՀՀ ներկայացուցչությունը։ Նամակի հարցն այլ է․ դա ուղղակիորեն Եվրախորհրդարանի պատգամավորների հետ ենք աշխատել։ Աշխատանքն սկսեցինք երկու եվրապատգամավորի հետ՝ մեկը Լուկաս Ֆուրլասն է Կիպրոսից, որը նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, մյուսը՝ Ֆրանսուա-Քսավյե Բելամին Ֆրանսիայից, որը նույնպես մեզ հետ շատ մոտ է և ամեն առիթով մեզ զորակցում է»,-ասաց Գասպար Կարապետյանը։

Նա նշեց, որ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի պատրաստած նամակի պատճենն ուղարկել են երկու պատգամավորին էլ, որոնք էլ դա ուղարկել են իրեենց գործընկերներին, որ ստորագրություններ հավաքվեն։ Ժամանակը շատ կարճ է եղել․ ընդամենը 2 օրում են 43 ստորագրություն հավաքել։

«Բավական երկար աշխատանք կատարեցինք և հաջողեցանք 43 ստորագրություն ունենալ նամակի տակ, որը մեջ թիվ է․ ընդհանրապես այսքան մեծ թվեր չեն լինում նման պարագաներում՝ 1 կամ 2 հոգի են ստորագրում և ուղարկում։ Նաև նրանք առանձին չեն արձագանքում՝ պետք է հետները խոսել, բացատրել, որ ստորագրեն։ Կարևորն այն է, որ նրանք գրեթե բոլոր երկրներից են և բոլոր քաղաքական խմբերից, որ 1 կամ 2 երկիր չէ, 1 կամ 2 քաղաքական խումբ չէ»,-մանրամասնեց Գասպար Կարապետյանը։

Նամակը Շառլ Միշլին է ուղարկվել Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման նախօրեին։ Թե որքանով է ազդել՝ դժվար է իմանալ, բայց կարևորն այն է, որ Շառլ Միշելը և Բորրելլը պետք է պատասխանեն այդ նամակին։

«Նրանք ստիպված են պատասխանել երեսփոխանների նամակին։ Տեսնենք ինչ կլինի պատասխանը․ համենայն դեպս, ինչ էլ լինի՝ իրականություն է, որ նման քայլերն իրենց ազդեցությունը թողնում են վերջնական որոշում ընդունողների վրա, որոնք զգում են, որ Եվրախորհրդարանի պատգամավորների վերահսկողության տակ են։ Եվ որովհետև իրենք ամիսը մեկ անգամ նաև զեկուցում են Եվրախորհրդարանին, նաև դա նկատի կունենան, որ այնտեղ կարող են քննադատության ենթարկվել։ Այդ պատճառով էլ կարևոր է։ Եվ կարծում եմ, որ մեր՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ևս մեկ հաջող աշխատանքներից էր՝ առանց ուզենալու գովել մեր աշխատանքը, բայց իրականությունը պետք է երևա»,-նշեց նա։

Գասպար Կարապետյանը նոր է այցելել Արցախ, և ժողովրդի հետ շփումներից ընդհանուր տպավորություն է ստացել, որ նրանք կարծում են՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվացել է Արցախից։ Նա չի ուզում հավատալ սրան՝ կարծելով, որ Հայաստանը պետք է հասկանա, որ շատ-շատ վտանգավոր է նման մտայնություն թողնելը թե՛ Արցախի մեր ժողովրդի, թե՛ Սփյուռքի հայության համար, չմոռանանք, որ Սփյուռքը հայ ժողովրդի 2/3-ն է այսօր։ Այդ պատճառով էլ կարևոր են հայտարարությունները։

Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը հետևելով՝ Գասպար Կարապետյանն ընդգծում է՝ երբ հայելային հետքաշման մասին են խոսում՝ ո՞վ է երաշխավորելու, որ Ադրբեջանը հարգելու է իր ասածները և հայելայինը հավասար պայմաններով է լինելու։ Նա մտագոհություն է հայտնում, որ այդ պարագայում հայկական ուժերը ետ պիտի քաշվեն այն շրջաններից, որոնք արդեն հայկական են, այնինչ ճիշտ կլիներ, որ Ադրբեջանը հետ քաշվեր հայկական գյուղերից։ Հարցը չեզոք գոտի ստեղծելն է, բայց ո՛չ հայկական գյուղերի հաշվին։

Թե՛ լավ մասնագետների և թե՛ լավ բանակցողների կարիք ունենք, ասում է Գասպար Կարապետյանը, սկսած վարչապետից մինչև վերջին պաշտոնյան, քանի որ նրանց ամեն բառը կարող են վերցնել և օգտագործել։ Իսկ Սփյուռքի ձեռքից ինչ գա՝ ամեն ինչ պիտի անի հայ ժողովրդի բարօրության համար՝ անկախ իշխանությունների հետ համաձայն լինելուց կամ չլինելուց։

Գասպար Կարապետյանը խոսեց նաև իր ամբողջ կյանքը Հայ դատի պայքարին նվիրելու մասին՝ առանց որևէ անձնական ակնկալիքի։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով