Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է Հայոց ցեղասպանության ուսուցման համար 10 միլիոն դոլար ապահովելու ուղղությամբ։ Օրինագիծը նախ՝ Ներկայացուցիչների պալատում կքվեարկվի ապրիլի 24-ին ընդառաջ։ Ընդունվելու դեպքում գումարը կհատկացվի Կոնգրեսի գրադարանին՝ առաջիկա 5 տարում Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ օրինագծի ընդունումից հետո Հայոց ցեղասպանությունը դասավանդվելու է դպրոցներում, բուհերում ու կրթական այլ կենտրոններում։ Մեթոդաբանությունը կմշակվի ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի ու ոլորտի մասնագետների կողմից։
«Կարող ենք ընդլայնել Հայոց Ցեղասպանության ուսուցումը երկրի չորս կողմը։ Ամերիկայի մեջ մինչև Հայկական Ցեղասպանության ճանաչումը դաշնակցային մակարդակի վրա և նախագահի ճանաչումը 49 նահանգ տարբեր մակարդակներով Հայկական Ցեղասպանությունը ճանաչել են։ Դրանց կողքին մոտ 12 նահանգ արդեն որոշում են որդեգրել, որ Հայկական Ցեղասպանությունն ուսուցվի իրենց նահանգների մեջ։ Բայց մենք պետք է ընդայնենք այդ թիվը մինչև 50 նահանգների, և շատ կարևոր քայլ է հասցնելու դասավանդման մեթոդները, որպեսզի ուսուցիչներն այդ միջոցը ունենան շիտակ ձևով դասավանդելու ոչ միայն հայկական Ցեղասպանության պատմությունը, այլև դրա ներկա հետևանքները»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։
Ցեղասպանության հանգամանքերի ուսուցումը ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո կարևոր մի հանգրվան է՝ նշեց նա։
Հայոց Ցեղասպանության պատմությունը, նրա խոսքով, կարող է ներառվել, ասենք, 7-րդ դասարանի պատմության դասագրքում կամ գրականության դասագրքում և այլն։
«Միտքն այն է, որ ուր որ ճիշտ է ներգրավել Հայոց Ցեղասպանությունն ու հետևանքները՝ լինի զուտ պատմության տեսանկյունից, լինի գրականության տեսանկյունից, որ այս նյութերը ներգրավվեն դպրոցական ուսուցման ընդհանուր ոլորտի մեջ։ Հայկական Ցեղասպանության ուսուցման օրինագիծը միտք ունի պետք եղած գումարները տալու Կոնգրեսի գրադարանի միջոցով, որպեսզի ուսուցիչները կարողանան մտածել, թե ինչ ձևով ներգրավեն Հայոց Ցեղասպանությունը իրենց ուսուցման ընդհանուր ցուցակներում»,-ասաց Չուլջյանը։
Ուսուցման թեմատիկան նահանգային մակարդակում է որոշվում, և այդ պատճառով տարբեր նահանգներում ընդհանրապես՝ ճիշտ, երբեմն սխալ ձևով դասավանդում են Հայոց Ցեղասպանության պատմությունը․ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տասնամյակներով հատուկ այս նպատակով հանձնախմբեր է ունեցել, որոնք աշխատել են դպրոցների հետ, նահանգների հետ, որ ճիշտ ձևով դասավանդվի նշված թեմատիկան։
Օրինագիծն ընդունելուց հետո Կոնգրեսի գրադարանի միջոցով հնարավոր կլինի աշխատել Հայոց Ցեղասպանության և ընդհանրապես Ցեղասպանության ուսուցման մասնագետների հետ, որպեսզի կարողանան պետք եղած թղթածրարները պատրաստել, տարբեր դասարանների դասավանդման ցուցակները պատրաստել, որ ուսուցիչները կարողանան օգտագործել իրենց դասարաններում։
Թուրքական կառավարությունն, իհարկե, ամեն կերպ փորձում է արգելք լինել այս գործընթացին։
«Ամեն քայլափոխի միշտ աշխատել է դեմն առնել, կանգնեցնել Հայոց Ցեղասպանության ուսուցումը նահանգային, քաղաքային մակարդակներում։ Ոչ միայն աշխատել են քաղաքային մակարդակի վրա, նույնիսկ դատի են տվել նահանգների, ինչպես Մասաչուսեցի պարագայում, երբ ասել են, որ Հայկական Ցեղասպանության ուսուցումով սխալ պատմություն է ուսուցանվում։ Իրենք այդ դատը պարտվեցին, բայց, համենայն դեպս, դժբախտաբար արգելքները շատ են Հայկական Ցեղասպանության ուսուցման համար։ Հուսով ենք, որ դաշնակցային մակարդակում այս օրենքը անցկացնելով պիտի ինչ-որ կերպ վերացնենք այդ արգելքները»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։
Նրա համոզմամբ, անհրաժեշտ է այսօրվա մակարդակով ըմբռնելի, ընթեռնելի ձևով ներկայացնել թեման, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն անցյալն իմանալ, այլև կանխել ապագա Ցեղասպանությունները։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։