ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (մարտի 1-15, 2022թ.)

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մարտի առաջին կեսին շարունակել է աշխատանքներ իրականացնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակության դադարեցման և Արցախին տրամադրվող օժանդակության մեծացման ուղղություններով։

Այս աշխատանքների ուղղությամբ կարևոր քայլ էր ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի զեկույցը՝ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության չափի և դրա իրավաչափության վերաբերյալ։ Համաձայն զեկույցի՝ տարբեր խողովակներով ամերիկյան կառավարությունը 2002-2020թթ․ Ադրբեջանին է տրամադրել 808 մլն դոլարի օժանդակություն, որից 164 մլն դոլարը, կամ շուրջ 20 տոկոսը՝ անվտանգային բնույթի է եղել և պայմանավորված է եղել 907-րդ բանաձևի պահանջների չեղարկմամբ։ ԱՄՆ Պետդեպարտամենտն ու Պաշտպանության դեպարտամենտը 2014-2020թթ. հաշվի չեն առել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան աջակցության ազդեցությունը երկու երկրների միջև հավասարակշռությունը չխախտելու համատեքստում։ Պետական մարմինները Կոնգրեսին պատշաճ չեն ծանուցել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության վերաբերյալ, ինչպես նաև համոզված չեն եղել, որ տրամադրվող օժանդակությունը չի օգտագերծվի ընդդեմ Հայաստանի։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ զեկույցին ծավալուն անդրադարձ է կատարել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը՝ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Ջեսիկա Լևիսից հետաքրքրվելով, թե արդյո՞ք Պետդեպարտամենը չի պատրաստվում վերանայել զեկույցում մատնանշված թերությունները։ Լևիսը դրական պատասխան է տվել՝ խոստանալով ուսումնասիրել հարցը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նաև աշխատանքներ է տարել Արցախին հատկացվող ֆինանսական օժանդակության մեծացման ուղղությամբ։ Մանսավորապես Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփեյերը և հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը հանդես էին եկել Արցախին 50 մլն դոլար օժանդակություն տրամադրելու նախաձեռնությամբ, ինչին նախորդել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի՝ թվով 20 կոնգրեսականների ուղղված գրությունը։

Այնուամենայնիվ, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները որոշել են Հայաստանի և Արցախի համար անել համապատասխանաբար 45 և 2 մլն դոլարների ֆինանսական օժանդակության առաջարկ։

Մարտի սկզբից Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է իրականացնել «Աճող առաջնորդներ» երիտասարդական կրթական ծրագիրը՝ ԱՄՆ ամբողջ տարածքից հայ երիտասարդների ներգրավմամբ, ովքեր առարկայական գիտելիքներ են ձեռք բերում հայությանն առնչվող հիմնախնդիրների և հայության շահերի պաշտպանության վերաբերյալ։

Եվրոպա

Մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանը հրատապ ընթացակարգով և ճնշող մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձև։ ԵԽ լիագումար նիստի ընթացքում պատգամավորների կողմից քննադատվել է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգության ոչնչացումը դիտարկվել է որպես այդ երկում պետական մակարդակով հովանավորվող և համակարգված հայատյաց քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևում առաջին անգամ օգտագործվում է «արմենոֆոբիա» եզրույթը։ Շեշտվում է, որ մշակութային ժառանգության ոչնչացումից բացի Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսևորումներից են նաև պատմության սրբագրումը, հայերի նկատմամբ բռնության փառաբանումը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները, ինչը վտանգում է խաղաղությունը և խաթարում անվտանգությունը Հարավային Կովկասում։

Եվրախորհրդարանը քննադատում է Ադրբեջանի ծավալապաշտական, ռազմատենչ քաղաքականությունը և կոչ է անում Ադրբեջանին հրաժարվել առավելապաշտական նկրտումներից։ Բանաձևում նաև շեշտվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռևս կարգավորված չէ, և որ այն պետք է հստակեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Եվրախորհրդարանն Ադրբեջանից պահանջում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ թույլ տալ տեղում առաքելություն իրականացնել՝ խորհրդակցելով նաև հայ մասնագետների հետ և առաջարկում է օգտագործել Եվրամիության արբանյակային հնարավորությունները փաստերն արձանագրելու համար։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը տեղի է ունենում ոչ միայն կոթողները ոչնչացնելով և վնասելով, այլև պատմությունը կեղծելով և փորձելով դրանք ներկայացնել որպես այպես կոչված «Կովկասյան Ալբանիայի» ժառանգություն։ Այս համատեքստում արձանագրվում է, որ Ադրբեջանի մշայկույթի նախարարության կողմից սույն տարվա փետրվարին աշխատանքային խմբի ստեղծման նպատակը պատմության սրբագրումն է։

Մարտի սկզբին Հայաստանում գտնվող՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ, մարտի 9-11-ը աշխատանքային այցով մեկնել Է Արցախի Հանրապետություն, տեղում ծանոթացել Արցախի ժողովրդի առօրյա մարտահրավերներին և քաղաքական բնույթի հանդիպումներ ունեցել՝ Եվրոպայում Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանն ուղղված հետագա ծրագրերի վերաբերյալ։

Կանադա

          Հայ դատի Կանադայի հանձնախումբը մարտի 12-ին առցանց հանդիպում էր կազմակերպել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա ազդեցությունը Հայաստանի և Արցախի վրա։ Հանդիպումն ունեցել է ֆեյսբուքյան սփռում։

Ավստրալիա

Ադրբեջանական հանցագործությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը մեղմելու շուրջ աշխատանքներ է իրականացրել նաև Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը։ Մարտի 15-ին հանձնախումբը նամակով դիմել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնեին՝ խնդրելով Արցախին հատկացնել հումանիտար բնույթի օժանդակությունը։ Հայ դատի հանձնախումբը այս առիթով նաև նախաձեռնել է սոցիալական արշավ՝ ներառելով ավստրալահայ համայնքին։

Լիբանան

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը մարտի 11-ին նամակ է հղել Լիբանանում Եվրոպական Միության դեսպան Ռալֆ Թրաֆին` ողջունելով Եվրոպական խորհրդարանի կողմից ճնշող մեծամասնությամբ ընդունված՝ Ադրբեջանին դատապարտող բանաձևը։

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

15.032022 թ.