ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ԻՍԿ ՄԵՆՔ` ՀՈԳՈՎ

Վերջերս Արցախում տեղի ունեցած ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողովի շրջանակներում Արցախ էր այցելել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, ով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Ձեզ ենք ներկայացնում Գասպար Կարապետյանի հետ «Ապառաժի» հարցազրույցը:

– Հայ Դատի գրասենյակները ի՞նչ աշխատանքներ են ծավալում Եվրոպայում եւ, մասնավորապես, ինչ՞ աշխատանքներ են տարվում Արցախյան հիմնախնդրի հետ կապված:

-Անցյալ տարվանից Արցախի համար բավական աշխատանքներ կատարվեցին. հիմնեցինք Հայաստանի հետ բարեկամության խումբ եվրոպական խորհրդարանում: Ապրիլի 24-ին նրանց Հայաստան ենք բերել, այցելել Ծիծեռնակաբերդ: Եվրոխորհրդարանի եւ երկու ֆրանսիացի ազգային պատգամավորներից բաղկացած պատվիրակությունն այցելեց Արցախ, ունեցան տարբեր հանդիպումներ, դա մեծ ազդեցություն ունեցավ եվրոպական խորհրդարանի վրա: Նրանք այցելեցին Արցախ՝ որպես բարեկամական խմբեր, թեւ այս բարեկամական խմբերը պաշտոնական չեն, խորհրդարանի մաս չեն կազմում, սակայն նրանք գործում են խորհրդարանի ներսում: Այդ խմբերի մեջ էին բավականին հայտնի դեմքեր: Անցյալ տարի հոկտեմբերի սկզբին կազմակերպեցինք գիտական խորհրդաժողով Արցախի պետական համալսարանի եւ Ֆրանսիական որոշ համալսարանների հետ, որին ներկա էին դասախոսներ, բելգիացի սենատորներ, այլ քաղաքական դեմքեր, նաեւ լրագրողներ, որոնց մեջ կար եւ թուրքական ծագում ունեցող լրագրող: Հոկտեմբերի 14-15-ին կազմակերպեցինք եվրոպահայության երրորդ համագումարը, որին մասնակցեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Ձախէն՝ Գասպար Կարապետյան (Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու), Էլէնի Թէոխարուս (Եվրոխորհրդարանում՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ), Զոզեֆ Դոլ (Եվրոխորհրդարանի Եվրոպական Ժողովրդական Կուսակցութեան նախագահ), Բակո Սահակյան (ԼՂՀ Նախագահ), Արամ Ա. (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս), Հովիկ Աբրահամյան (ՀՀ ԱԺ խոսնակ), Ավետ Ադոնց (ՀՀ դեսպան -Պելգիա), Հակոբ Տեր Խաչատուրյան (Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդի նախագահ)
Ձախէն՝ Գասպար Կարապետյան (Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու), Էլէնի Թէոխարուս (Եվրոխորհրդարանում՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ), Զոզեֆ Դոլ (Եվրոպական Ժողովրդական Կուսակցութիւն եվրոխորհրդարանական խմբի նախագահ), Բակո Սահակյան (ԼՂՀ Նախագահ), Արամ Ա. (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս), Հովիկ Աբրահամյան (ՀՀ ԱԺ խոսնակ), Ավետ Ադոնց (ՀՀ դեսպան -Պելգիա), Հակոբ Տեր Խաչատուրյան (Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդի նախագահ)

ԼՂՀ նախագահը պաշտոնապես մուտք գործեց Եվրոպական խորհրդարան` ելույթ ունենալով ամենալավ սրահում եւ առիթ ունենալով ԼՂՀ պաշտքնական դիրքորոշումները հայտնելու: Սա պատմական դեպք էր, որովհետեւ առաջին անգամ չճանաչված պետության նախագահը կարողացավ պաշտոնապես մուտք գործել Եվրոպական խորհրդարան եւ իր խոսքն ուղղել բոլոր ներկաներին եւ՝ ոչ միայն, քանի որ այդ ելույթի խոսքերն ուղարկվեցին բոլոր պատգամավորների գրասենյակներ: Նաեւ նախագահը առիթ ունեցավ պաշտոնական հանդիպումներ ունենալ 12 եվրոպատգամավորների հետ, բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպումները հրապարակվեցին լրատվամիջոցներում: Հանդիպում ունեցավ բելգիացի սենատորների հետ, նիդեռլանդների ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, եւ այլն: Սա շատ մեծ առաջընթաց էր: Մի քանի զեկույցներ ունեցանք Արցախի հիմնահարցի հետ կապված: Պետք է նաեւ նշեմ, որ արդեն երկու տարի է՝ այն բառապաշարը, որ օգտագործում էին եւրոպացինեը, հիմա չեն գործածում, մասնավորապես «գրաված տարածքներ» արտահայտությունը:

– Ինչպե՞ս է իրականացվում ադրբեջանաթուրքական լոբբինգը Եվրոպայում եւ ի՞նչ հակաքայլեր են իրականացնում Հայ Դատի գրասենյակները:

– Թուրքիայի լոբբինգին մենք ծանոթ ենք տարիներ ի վեր. մենք իրար շատ լավ ենք ճանաչում: Ադրբեջանցիները նոր ֆակտոր են. նրանք հիմնականում սկսեցին ավելի ակտիվանալ 2002 թվականից՝ կապված իրենց կարողությունների աճի հետ: Ինչ վերաբերում է նրանց ֆինանսական կարողություններին, ապա պետք է նշեմ, որ մենք նրանց հետ մրցել չենք կարող: Նույնիսկ եթե ՀՀ-ն իր բոլոր ռեսուրսները տրամադրի, միեւնույն է՝ չենք կարող մրցել: Նաեւ պետք է նշեմ, որ մենք մեր գործունեության համար ՀՀ-ից մեկ եվրո անգամ չենք ստանում. մեր բոլոր ծախսերը հոգում է ՀՅԴ Բյուրոն, նաեւ մեզ օժանդակում են մեր եվրոպահայ հայրենակիցները, որոնք ունեն այդ հնարավորությունը: Կարեւորը հարցերը ճիշտ ծրագրելն ու հասկանալն է, թե որտեղ պետք է ներկայացնես ու ինչպես, եւ շատ անգամ խուճապահար չպատասխանես թշնամուդ եւ ամեն անգամ չպատասխանես. պետք է պատասխանես ուղղորդված՝ ում որ պետք է: Մենք ամեն ինչ անում ենք նախապես ծրագրված, եւ ամեն անգամ, երբ իմանում ենք, թե ինչ պետք է անեն ադրբեջանցիները, որոշում ենք՝ թե արդյոք պետք է հակազդենք եւ ինչպես: Մինչեւ հիմա հաջողության ենք հասել: Սակայն պետք է նշեմ՝ իրենց մարդկային ներուժն անհամեմատելի է մեր մարդկային ներուժի հետ: Սակայն կան Հայ Դատի հանձնախմբեր ամբողջ եվրոպայի տարածքում, որոնց հետ անմիջական կապ ունենք: Այս պարագան մեզ շատ մեծ առավելություն է տալիս, քանի որ մեր աշխատանքներն իրականացնում ենք համադրաբար:

Կան մեր գաղութները, կա մեր ժողովուրդը, կա մեր տարիների փորձառությունը, որ ադրբեջանցիները փորձում են ընդօրինակել: Նրանք աշխատում են վարձկանների օգնությամբ, մենք՝ մեր հոգով. սա չափազանց տարբեր բաներ են:

Ամեն անգամ, երբ կազմակերպում ենք որևէ միջոցառում՝ Արցախի հետ կապված, մեծ աղմուկ են բարձրացնում, սակայն դա մեզ չի խանգարում մեր գործը վարելու: Այդպես եղավ, երբ Արցախ բերեցինք եվրոպատգամավորներին, եւ նրանց տված մեր պատասխանն այն էր, որ այս մարդիկ ազատ են եւ կարող են այցելել իրենց իսկ ցանկացած վայրը: Պետք է ասեմ, որ վերջին տարիներին մեր խորհրդարանական դիվանագիտությունը բավականին բարելավվել է եւ արդյունքներ է տալիս:

Դրա վառ օրինակը Եվրանեստին մեր մասնակցությունն է: Եվրանեստին մասնակցում էին 6 երկրներ՝ Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը (կազմից դուրս է եկել), որոնցից 4-ը՝ Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, համաձայնություն ունեին միմյանց հետ, Հայաստանը մենակ էր, բայց եւ այնպես՝ մեր դիվանագիտության շնորհիվ, Արտակ Զաքարյանի եւ Վահան Հովհաննիսյանի ղեկավարությամբ ոչ միայն կարողացանք հակազդել, այլեւ շատ անգամ կարողացանք ադրբեջանցիներին պարտության մատնել: Հայ Դատ եւ պետություն համագործակցությունը տալիս է իր պտուղները:

– Արդյո՞ք կա համագործակցություն ՀՅԴ Արցախի կառույցի հետ, եւ ինչպիսի՞ն է այդ համագործակցությունը:

– Պետք է նշեմ, որ Արցախի Հանրապետության հետ մենք շատ սերտ հարաբերություններ ունենք, եւ պետք է նշեմ անշուշտ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի դերը, որի հետ իհարկե մենք սերտ գործակցություն ունենք: Ապառաժի նախաձեռնությամբ, Արցախի ազատագրական շարժման 25-ամյակի առիթով կազմակերպեցինք հարցազրույցներ եւ եվրոպական խորհրդարանի անդամների հետ: Եվրոպական խորհրդարանի որոշ անդամներ հայտարարություններով հանդես եկան, որտեղ նշեցին, որ ընդունում են Արցախի ժողովրդի անկախություն ունենալու իրավունքը: Շնորհակալ ենք Արցախի Ապառաժի կառույցին նման նախաձեռնության եւ մեզ այս հարցում ուղղորդելու համար:

– Եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես Ռումինիայում, Լեհաստանում եւ Ավստրիայում հիմնվեցին Հայ Դատի հանձնախմբեր: Ինչո՞վ էր պայմանավորված հենց այդ երկրներում Հայ Դատի հանձնախմբեր հիմնելը:

– Ամեն ինչ նախապես ծրագրված էր: Ռումինայում հայերը շատ վաղուց են ապրում եւ մեծ դերակատարություն են ունեցել միշտ, սակայն քաղաքական կյանքում չեն կարողացել լուրջ աշխատանքներ տանել: Եւ այսօր Ռումինիայում կա Մուստաֆա Քեմալի, Հեյդար Ալիեւի արձանները, եւ շատ անգամ Ռումինիայի արտաքին գործերի նախարարները մեզ համար վատ հայտարարություններով են հանդես եկել, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի որոշ ռումինացի պատգամավորների հետ ունենք լուրջ խնդիրներ, դրա համար անհրաժեշտություն կար հակազդելու այս ամենին: Արդեն որոշ պատգամավորների հակազդել ենք եւ առաջիկայում, հուսանք, ավելի բեղմնավոր աշխատանք կունենանք: Լեհաստանը բավական ազդեցիկ է Եվրոպական խորհրդարանում, եւ այդ երկիրն է, որ Շվեդիայի հետ առավել շատ զբաղվել է մեր տարածաշրջանով: Եվրանեստի 60 պատգամավորներից, որ ունի Եվրոպական խորհրդարանը, 18-ը լեհ է, ուրեմն հասկանալի է, որ այդ երկիրը չէինք կարող անտեսել եւ հետաքրքրված չլինել: Ավստրիայում ունեինք երկու ընկերներ, որոնք աշխատում էին անհատաբար, սակայն պետք էր այնտեղ հանձնախումբ ունենայինք, քանի որ գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, փոքր երկիր է, սակայն կշիռ ունի: Անշուշտ, սա դեռ վերջնակետը չէ: Մենք այլ շրջանների մեջ մինչեւ տարվա վերջ կունենանք Հայ Դատի հանձնախմբեր, եւ պետք է փորձենք ամբողջ Եվրոպայում մեր ցանցը տարածել, քանի որ սա մեր ուժն է՝ ի հակակշիռ ադրբեջանաթուրքական միլիոնավոր դոլարների: Իրենք ունեն իրենց միլիոնները, վարձկանները, սակայն մենք ունենք մեր գաղութները, մեր նվիրյալ հայերը եւ մեր արդար պայքար ունենալու իրավունքը: