Ռումինահայ երիտասարդները հանդիպել են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահի հետ

Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդարանում Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հրավերով մարտի 9-ին հանդիպում տեղի ունեցավ ռումինահայ երիտասարդների եւ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի միջև:

Հանդիպման նպատակն էր ռումինահայ երիտասարդությանը իրազեկ պահել ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցերին:

Հանդիպմանը ներկա էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Բուխարեստ և Պիտեշտ քաղաքների հոգևոր հովիվներ Տեր Եզրաս քահանա Բոգդանը և Տեր Հեթում քահանա Թարվերդյանը, Ռումինիայի Հայ դատի ներկայացուցիչներ Պաուլ Հակոբյանը, Սեթո Բոգդանը:

Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ բարձրացվեց Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման խնդրի, ինչպես նաեւ այդ հարցում հայ երիտասարդության մասնակցության եւ դերի կարեւորությունը:

Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը երիտասարդներին ուղված իր խոսքում նշեց, որ գաղութի ապագա կերտողները ներկա երիտասարդներն են, ովքեր պետք է գաղութի համար նոր էջ բացեն եւ իրենց նախնիների անմեղ թափած արյան համար արդարություն պահանջեն Ռումինիայի կառավարությունից, եւ առաջինը քայլն այն է, որ հանձն առնեն եւ պայքարեն Ռումինիայի մայրաքաղաքում կանգնեցված Աթաթուրքի եւ Հեյդար Ալիեւի արձանները հանելու համար:

ԱՐՄԵՆՊՐԵՍ