(tert.am) Ամերիկայի Հայ դատը շարունակում է ճնշել ԱՄՆ ղեկավարությանը, որ պաշտպանեն Կարո Փայլանի խոսքի ազատության իրավունքը․ Tert.am-ին այս մասին ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«ԱՄՆ կառավարությանը առաջին պաշտոնական հիշատակումը Կարո Փայլանի դեմ հետապնդումների վերաբերյալ եղել է 2016 թվականի մայիսին Ամերիկայի Հայ դատի նամակում՝ ուղղված Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին: Մենք այդ նամակում մատնանշել ենք ԱՄՆ-ի անգործությունը Հրանտ Դինքի դեմ հետապնդումների ժամանակ և զգուշացրել ենք, որ նմանատիպ անգործությունը պարզ ազդանշան է Կարո Փայլանի դեմ նմանատիպ բռնություն իրագործելու համար»,- նշեց նա:
Արամ Համբարյանը նաև նշեց, որ Ժողովրդադեմոկրատական կուսակցության իրենց ընկերները կառուցողական դեր են խաղացել Կարո Փայլանի՝ աշնանը ԱՄՆ այցելության, ներառյալ նրա՝ Վաշինգթոնում անցկացրած ժամանակի հարցում, որի ընթացքում Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավորը խոսել է հետազոտական կենտրոն համարվող կազմակերպություններում, հանդիպել է Պետդեպի հետ և խորհրդատվություններ է անցկացրել Կոնգրեսի հետ:
«Մենք հաճախակի բարձրացնում ենք Կարոյի անվտանգության հարցը կառավարության և Կոնգրեսի հետ մեր քննարկումներում՝ ընդգծելով, որ նրա անվտանգությունը հայ-ամերիկյան հարաբերություններում լուրջ առաջնահերթություն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Մեջլիսի հայ պատգամավորին «ցեղասպանություն» եզրույթի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով մեջլիսի աշխատանքներից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից:
Փայլանի արածին ի պատասխան՝ նրա դեմ բողոք է ներկայացրել թուրքական «Մեծ միություն» կուսակցության Էդիրնեի մասնաճյուղի ղեկավար Արիֆ Քյորօղլուն է, որը հայազգի պատգամավորին մեղադրել է ժողովրդի շրջանում քեն և ատելություն տարածելու համար: