(news.am) ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին, որ տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերին, Ամերիկայի հայ համայնքը ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախընտրական խոստումներին է ապավինում, այլ ավելի շատ՝ համայնքի քաղաքական հզորությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ինչպիսի՞ն են Ամերիկայի հայ համայնքի սպասումներն այս տարի տեղի ունենալիք նախագահական ընտրություններից: Տարբերություններ կա՞ն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում թեկնածուների դիրքորոշումներում:
Այս նախագահական ընտրություններն առանձնանում են հետնապահ եւ առաջապահ թեկնածուների միջեւ հակադրությամբ, ինչպես նաեւ ամերիկյան ընտրազանգվածի ընդհանուր բեւեռացմամբ:
Նախկին պետքարտուղար Քլինթոնը զգալի մակարդակ ունի հայերին առնչվող մի ամբողջ շարք հարցերի ընկալման առումով, այդ թվում՝ նաեւ եղան, ավաղ, որոշ անցանկալի գործողություններ եւ հայտարարություններ: Դրանց թվում են նրա հրապարակային պնդումները, թե Հայոց ցեղասպանությունը «պատմական բանավեճի» հարց է, ինչպես նաեւ նրա կողմից, վերջին հաշվով, հաջողված ջանքերը 2010 թվականի վերջին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւը տապալելու ուղղությամբ, եւ Հայաստանի վրա գործադրված ճնշումը՝ ընդունելու համար Հայ-թուրքական արձանագրությունների անխոհեմ եւ անպատասխանատու պայմանները:
Ի տարբերություն Քլինթոնի՝ Դոնալդ Թրամփը, ըստ էության, նախկինում որեւէ դիրքորոշում չի հայտնել հայոց հարցի վերաբերյալ, եթե բացառենք Թուրքիայում եւ Ադրբեջանում նրա բազմամիլիոնանոց հյուրանոցները: Բաքվի նրա գործընկերների թվում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին՝ Անար Մամեդովը, որի Azerbaijan America Alliance ընկերությունը 2012-2015 թվականներին ավելի քան 10 մլն դոլար է ծախսել ԱՄՆ-ում հայկական շահերի դեմ լոբբինգ իրականացնելու համար: Թրամփը դեռեւս ոչ մի հրապարակային հայտարարություն չի արել այն հարցերի վերաբերյալ, որոնք հատկապես հետաքրքրում են հայ ամերիկյան ընտրողներին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ:
Ավելի քան մեկ սերնդի կյանքի ընթացքում, որպես ամերիկյան քաղաքականության մեջ ներգրավված մարդ, Հիլարի Քլինթոնը մեր համայնքի հետ ավելի մեծ կապեր ունի, քան Դոնալդ Թրամփը, որը ընտրարշավում նորեկ է:
Հայկական ծագում ունեցող ամերիկացիների թվում կան երկու թեկնածուների մոլի կողմնակիցներ: Մեծ թիվ են կազմում նաեւ նրանք, ովքեր դժգոհ են ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունների առաջարկած երկու տարբերակերից էլ:
Ընտրություններից հետո սպասվո՞ւմ է Հայոց ցեղասպանության եւ այլ հարցերով Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն:
Եթե վերջին մի քանի ընտրությունների ընթացքում մենք ինչ-որ բան յուրացրել ենք, ապա դա այն է, որ ընտրություններից հետո թեկնածուների հետագա քայլերի հանդեպ վստահություն չունենք, եթե անգամ ընտրարշավի ժամանակ նրանք Հայոց ցեղասպանության կամ հայկական ծագում ունեցող ամերիկացիների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերով խոստումներ են տալիս: Գործնականում մենք ավելի քիչ ենք ապավինում նախընտրական խոստումներին եւ ավելի շատ՝ մեր համայնքի քաղաքական հզորությանը եւ մեր գործին:
Ձեր կարծիքով՝ կոնկրետ թեկնածուի ընտրությունը կհանգեցնի՞ Թուրքիայի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխության:
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններում փոփոխությունները ներկայումս զգալիորեն պայմանավորված են Անկարայի պահվածքով, որն ավելի ու ավելի է հեռանում ԱՄՆ գլխավորած դարաշրջանային անվտանգության ճարտարապետությունից, որը հաջորդել էր Երկրորդ աշխարհամարտին: Այնպես որ, ամենւին հստակ չէ՝ այդ տեսակետից ընտրությունները բեկումնային կլինե՞ն, թե՞ ոչ: