(yerkir.am) Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձել է ԼՂ խնդրի շուրջ ձևավորված զարգացումներին: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան նախագահների հաջորդ հանդիպման ժամանակ, որը պետք է տեղի ունենա Փարիզում, որևէ փաստաթուղթ ստորագվի ԼՂ կարգավորման վերաբերյալ, Կիրո Մանոյանը նշեց, որ կարևոր հարցերից մեկն այն է, որ համապարփակ պայմանագիրը չստորագրվի, մինչև չլինի համաձայնություն այն հիմնարար սկզբունքների վերաբերյալ, որոնք առաջարկվել էին Մինսկի Խմբի կողմից:
Կիրո Մանոյանի համոզմամբ` եթե լինի ինչ-որ համաձայնություն ինչ-որ փաստաթղթի շուրջ Փարիզում, ապա դա նախ պետք է լինի այդ սկզբունքների շուրջ: Իսկ եթե որոշվի մշակել համապարփակ պայմանագիրը, դա կարող է հանգեցնել Հայաստանի վրա ավելի մեծ ճնշումների, որպեսզի Հայաստանը գնա փուլային կարգավորմանը:
«Եթե սկզբունքների շուրջ համաձայնություն լինի, Ադրբեջանը ճանաչի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա հնարավորություն կտա շարժվել առաջ, բայց մոտ ապագայում չեմ կարծում, որ կստորագրվի նման պայմանագիր, որովհետև դա կնշանակի, որ Ադրբեջանը համաձայնվում է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է, որ պետք է լինի փուլային լուծում: Ահա ինչու ես չեմ սպասում դրական արդյունք նախագահների միջև հանդիպումից, սակայն, եթե հաջողվի միջնորդներին համոզել Ադրբեջանին ընդունել սկզբունքները ու անցնել համապարփակ պայմանագրի մշակմանը, այդ ժամանակ Հայաստանի վրա ճնշումները կշատանան, որովհետև կսկսվի փուլային կարգավորումը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Ըստ Կիրո Մանոյանի, մինչև հիմա մոտեցումը եղել է հետևյալը, որ սա փաթեթային լուծում պետք է լինի` փուլային կիրառմամբ, և կա մտահոգություն, որ առանց փաթեթային լուծման ու առանց սկզբունքների շուրջ համաձայնության, ճնշում կգործադրեն Հայաստանի վրա, որ վերջինս գնա փուլային կարգավորման:
Կիրո Մանոյանը կարծում է, որ ԼՂ հարցում քաղաքականության փոփոխության առիթ կարող են դառնալ առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
Yerkir.am-ի հարցին, ինչով է պայմանավորված Լավրով-Մամեդյարով ԼՂ կարգավորման հետ կապված լավատեսական հայտարարություններն այն մասին, որ երբևէ այսքան մոտ չեն եղել ԼՂ կարգավորմանը, Կիրո Մանոյանը նշեց. « Իսկապես անհասկանալի է Լավրովի այդ լավատեսությունը, և եթե դրան ավելացնենք Լավրովի հայտարարությունը փուլային կարգավորման վերաբերյալ, այդ ամենը դառնում է մտահոգիչ, քանի որ դրանք Հայաստանի վրա ճնշումներն ավելացնելու ազդանշաններ են, այն է` եկեք այս փուլային լուծմանը համաձայնվեք: Ահա ինչու Լավրովի անհասկանալի լավատեսությունը մտահոգիչ է»,- ասաց Կիրո Մանոյանը:
Հարցին, թե ինչպիսին կլինի պաշտոնական Երևանի վարքագիծը այդ դեպքում, Կիրո Մանոյանը նշեց. «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց կլինի, իրավիճակը կձգվի մինչև խորհրդարանական ընտրություններ, որից հետո կորոշվի, թե ինչպես կփոխվի ԼՂ կարգավորման ուղղությամբ քաղաքականությունը: Մինչ խորհրդարանական ընտրությունները կարող են առաջանալ ներքին անհանգստություններ, 98թ-ի օրինակով, երբ նախագահին ստիպեցին հրաժարական տալ, բայց ես դրա հավանականությունը չեմ տեսնում»,- ասաց Կիրո Մանոյանը:
Ռուսաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունները կարող են վերաճել ռազմավարական հարաբերությունների
Կիրո Մանոյանի կարծիքով` դա շոու չէր, իսկապես, մի խումբ զինված մարդկանց կողմից հեղաշրջման փորձը տապալվեց, և ձերբակալվեցին ոչ միայն մեծ թվով զինվորականներ, այլ նաև դատավորներ, դատախազներ:
«Ինչպես Էրդողանը այդ գիշեր հայտնվելով Ստամբուլի օդանավակայանում հայտարարեց, որ տեղի ունեցածը Աստծո պարգևն էր, որովհետև դա առիթ, է որ մաքրագործեն բանակը, ճիշտ այդպես էլ անում են, մաքրում են բանակն ու դատական համակարգը, և դա կտարածվի նաև այլ համակարգերում»,- ասաց Կիրո Մանոյանը: Նրա խոսքով` անհավատալի է այն վարկածը, թե տեղի ունեցածը գյուլենականների ձեռքի գործն է: Ինչևէ, սկսված գործընթացը, ըստ Մանոյանի, շարունակվելու է, մասնավորապես` Թուրքիայի իշխանությունների կողմից շարունակվելու է Թուրքիայի հասարակության պառակտման ու բևեռացման քաղաքականությունը, դա կհանգեցնի հասարակության դժգոհության խորացմանը, ինչն էլ կարտահայտվի ամենատարբեր ձևերով:
Էրդողանը արդեն մտադիր է վերականգնել մահապատիժը, ինչը նոր խնդիրներ կստեղծի իր և Եվրոպայի միջև հարաբերություններում: Մանոյանի կարծիքով, բանակն էլ միասնական չէր, ահա ինչու ձախողվեց ռազմական հեղաշրջման փորձը:
Հարցին, արդյո՞ք Հայաստանի համար մտահոգիչ չէ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռամիասնությունը, և ի՞նչ հետևանքներ կունենար Հայաստանի համար այն սցենարը, եթե Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը չտապալվեր, Կիրո Մանոյանը նշեց, որ հստակ չէ, թե ինչ հետևանքներ կունենար, եթե Թուրքիայում իշխանության գային ռազմական հեղաշրջման մասնակիցները, որովհետև նրանք այդքան էլ ծանոթ դեմքեր չէին: Բոլոր դեպքերում, ըստ Կիրո Մանոյանի, Թուրիքայի բանակը միշտ էլ հայտնի է եղել մի շարք հարցերում իր կոշտ դիրքորոշմամբ, և այդ հարցերից մեկն էլ հայկական հարցն է ու հայերի հետ հարաբերությունները:
Կիրո Մանոյանի կարծիքով` ներկա վիճակով, երբ Էրդողանը տապալեց ռազմական հեղաշրջման փորձը, նա կշարունակի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այն է` Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն չեն: Թուրքիան կշարունակի իր սերտ հարաբերությունները Ադրբեջանի հետ:
«Չէի ասի թե կա Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռամիասնություն, կա Ադրբեջան-Թուրքիա միասնություն, բայց Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ կարելի է համարել տնտեսական շահերով պայմանավորված, ինչը մտահոգիչ է դառնում Հայաստանի համար, օրինակ` Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին: Եթե Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները վերակագնվեն, լինեն այնպիսին, ինչպիսին մինչև Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանումը, ապա դա նույնպես մտահոգիչ կլինի Հայաստանի համար, որովհետև Ռուսաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունները կարող են վերաճել ռազմավարական հարաբերությունների: Մենք պետք է զգոն և ուշադիր լինենք, հետևենք իրադարձություններին, որ կարողանանք ճիշտ պաշտպանենք մեր շահերը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձևը սխալ է. Կիրո Մանոյանը՝ Էրեբունիում կատարվող դեպքերի մասին
Կիրո Մանոյանն անդրադարձել է Էրեբունու ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման դեպքին: Հարցին, թե ինչպես է գնահատում կատարվածը, Կիրո Մանոյանը նշեց, որ Դաշնակցության հայաստանյան ԳՄ ներիկայացուցիչը երեկ արդեն հրապարակել է կուսակցության կեցվածքը, ասելով, որ նման միջոցները ՀՅԴ-ի համար ընդունելի չեն անհրաժեշտ փոփոխությունները երկրում իրականացնելու համար:
Ըստ Մանոյանի, արտաքին քաղաքականության տեսնակյունից այդ միջադեպը երկրի համար վատ հետևանքներ ունի, և կշարունակի ունենալ, եթե ամենը ավարտվի զոհերով: Կիրո Մանոյանի խոսքով` ամեն ինչն էլ մտահոգիչ է:
Իսկ թե ինչ հետևանքներ կունենա ստեղծված իրավիճակը, Կիրո Մանոյանի կարծիքով , հետևանքների մասին պատկերացումներն էլ հստակ չեն, որովհետև հստակ է այն, որ հասարակության մեջ կա դժգոհություն իշխանությունների նկատմամբ, միաժամանակ հասարակության արձագանքից պարզ է դառնում, որ հասարակությունը չի կիսում այս ձևով հարցեր լուծելու մոտեցումը:
«Հասարակությունը պետք է կազմակերպված լինի, որ կարողան ազդել երկրում փոփոխություններ կատարելու վրա վրա, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն գնալ նման ծայրահեղ միջոցների: Այս միջոցը արդարացված չէ, այսինքն խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձևը սխալ է»,- ասաց Կիրո Մանոյանը: