(mfa.am) Մայիսի 27-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին, որին ներկա էին Մոսկվայում տեղակայված ռուսաստանյան և տարածաշրջանային տարբեր կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների բազմաթիվ անդամներ:
Իր ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը նշեց, որ Հանրապետության օրվա խորհուրդը ողջ հայության միասնությունն է, մեր պետականության վերակերտումը և ինքնիշխան պետության պատմական անցյալի լավագույն ավանդույթների բազմապատկումը:
Դեսպանն ընդգծել է, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա մարտահրավերներին դիմակայելու համար առանցքային նշանակություն ունի Առաջին Հանրապետության օրվա խորհրդի գիտակցումը՝ որպես Հայոց պետականության հետագա ամրապնդման հրամայական:
Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը:
Լուսանկարը՝ արխիվից