(ԱՐՄԵՆՊՐԵՍ) ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի սպասվող քննարկման առնչությամբ Գերմանիայից դրական ազդակներ են գալիս: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Հուսադրող է եկող արձագանքը, գրեթե բոլոր խմբակցությունները համաձայն են, որ այլևս ժամանակն է քննադատելու Թուրքիան և ընդունելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Ինչպես գիտեք, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Հայոց ցեղասպանության բանաձևի համանախաձեռնողներից է: Նա նաև այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Պետո Դեմիրճյանը նշեց, որ դրական ազդակներ են գալիս, ոչ միայն քաղաքական դաշտից, այլև հասարակական հատվածից: Նա հիշեցրեց, որ մտավորականները նամակով դիմել են Անգելա Մերկելին, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևն ընդունվի:
«Գերմանիայում հասարակության շրջանում վաղուց է հասունացել այն պահը, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանոթյունը: Պետք է նշեմ, որ քաղաքական դաշտում ուրացում, ժխտողականություն չկա, պարզապես քաղաքական շահերից ելնելով է հարցը ձգձգվում»,-ասաց Պետո Դեմիրճյանը:
Անդրադառնալով Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների քաղաքական զարգացումներին` Պետո Դեմիրճյանը նշեց, որ Եվրոպայի կողմից Թուրքիայի նկատմամբ խիստ մոտեցումներ են նկատվում` կապված վիզայի ռեժիմի ազատականացման հետ: Դրան ի պատասխան էլ Թուրքիան է քննադատող հայտարարություններով հանդես գալիս` ասելով, որ Եվրոպան իրենց պետք չէ: Որքանո՞վ այդ խիստ շեշտադրումները կարող են պարարտ հող ստեղծել Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունման համար. «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Պետո Դեմիրճյանը նշեց, որ ամեն ինչ հնարավոր է:
«Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, բայց մինչև քվերակության պահը և դրանից հետո շատ բան կարող է փոխվել: Արդեն գիտենք, որ Թուրքիան որոշ ճնշումներ է գործադրում, որ Բունդեսթագը չճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց այդ ամենի կողքին կա հայ համայնքը: Փորձում ենք գործընացը մղել ճիշտ ուղի: Մենք չենք ուզում երկրորդ այնպիսի բանաձև, որտեղ կլինեն ընդհանուր խոսքեր, որոնք չեն վերաբերի բուն նյութին` Հայոց ցեղասպանությանը»,-հավելեց Պետո Դեմիրճյանը:
Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը:
Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր ԱնգելաՄերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: