Կիրո Մանոյան. 2015թ. տհաճ տարի է լինելու Թուրքիայի համար

Հայոց ցեղասպանության 100-ամյակը կարեւոր խորհրդանշական թվական է, սակայն աշխատանքների իմաստով Հայաստանը եւ մասնավորապես Հայ դատի գրասենյակները կշարունակեն իրենց գործունեությունը 2015թ. հետո:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեսակետ է հայտնում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջերս արած հայտարարությունը, որ պետք է ուժերը լարել եւ պատրաստվել 2015-ին, հիմնականում ուղղված է միջազգային հանրությանը, քանի որ նրանք այդ ուղղությամբ լուրջ վտանգներ են տեսնում:

«Հարյուրամյակը վերջը չէ, եւ դա բոլորն են հասկանում, սակայն խորհրդանշական է եւ միջազգային հանրությանը կստիպի սկզբունքային մոտեցում ունենալ Ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի իրավունքների հարցում: Հենց այդ պատճառով է Թուրքիան մտահոգ: Նրանք հասկանում են, որ ամեն առումով մթնոլորտը բացասական է իրենց համար»,-նկատեց նա:

Եթե տարիներ առաջ Թուրքիան 2015թ. անվանում էր «Հայկական ցունամի», ապա վերջին շրջանում թուրքական իշխանությունները խուսափում են այդ արտահայտությունից: «Նրանք հրաժարվել են նման լուրջ որակումներ տալուց, սակայն դա չի խանգարել, որ այդ «ցունամին» մտնի թուրք հասարակության մեջ, որտեղ խոսում են Հայոց ցեղասպանության եւ ճանաչման մասին: Դա նույնպես անհանգստացնում է Թուրքիային»,-ընդգծեց Մանոյանը:

Չակերտները չբացելով` Կիրո Մանոյանը շեշտում է` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ այսօր հայկական կողմն ավելի ակտիվ է, Հայ դատի գործունեությունը` նույնպես:

Թուրքիային նանապատրաստվելու հիմքեր չտալու համար Մանոյանը չի բացահայտում այն պետությունների անունները, որոնց հետ աշխատանքներ տարվում են, սակայն հավաստիացնում է` եթե անգամ կոշտ բանաձեւեր չլինեն, ընդհանուր մթնոլորտը, հայտարարություններն ու կոշտ ձեւակերպումներ տհաճ են լինելու Թուրքիայի համար:

Այսօր Հայ դատի կառույցները երկու տարբեր ուղղությամբ են աշխատում: «Ամենակարեւորը համախմբվածությունն է: Մեր ընդհանուր մոտեցումն այն է, որ 2015թ. լինի իրավունքների սահմանման եւ ճանաչման տարի: Բացի պատմական փաստի ճանաչումը, պետք է շեշտը դրվի նաեւ իրավունքների ճանաչման վրա: Այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասաց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

Հայաստանի համար Թուրքիայի ներքին քաղաքականությունը չպետք է այնքան մտահոգիչ լինի, որ պարտավորված զգա կողմնորոշվելու ներքին այս կամ այն ուժի նկատմամբ: Վերջին ամիսներին Թուրքիայում կատարվող իրադարձությունները այդ երկրի հասարակության կյանքն է, ներքաղաքական խնդիրը եւ հենց իրենք պետք է որոշեն իրենց իշխանություններին, Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի ցանկացած իշխանության հետ հարաբերվելու: «Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները փաստում են, որ թուրքական իշխանությունների առաջ քաշած մոտեցումները կյանքի չկոչվեցին եւ տապալվեցին ոչ միայն արտաքին այլեւ ներքին կյանքում: Ոչ կայուն Թուրքիան Հայաստանի համար ավելի շատ խնդիր է ներկայացնում, քան իր ուղղությունը հստակ իմացող Թուրքիան: Թուրքիայի ապակայունացումը կարող է բերել անկանխատեսելիության, ինչը Հայաստանի համար այնքան էլ ցանկալի չէ: Իսկ Հայաստանի համար օգտակարը մեկն է, որ այդ երկիրը շատ իմաստներով փոխվի` չափից սկսած մինչեւ համակարգ»,- ասաց Մանոյանը` հավելելով, որ այս պարագայում Հայաստանին պետք է անհանգստացնի ոչ թե Թուրքիայի ներքաղաքական կյանքը, այլ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստական աշխատանքներն ու այդ առնչությամբ թուրքական արձագանքները:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

ԱՐՄԵՆՊՐԵՍ