(ԱՐՄԵՆՊՐԵՍ) «Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կշրջի Եվրոպայով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Ծրագիր կա, որի համաձայն «Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը պետք է ներկայացվի Եվրոպայի այլ երկրներում: Ծրագրման փուլում ենք, կնախընտրեմ դեռ չասել, թե որ երկրներում ցուցադրություններ կլինեն, բայց երբ հստակ լինի, բնականաբար, տեղեկատվություն կտարածվի: Այս տարվա ընթացքում է լինելու»,-նշեց նա:
«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը փետրվարի 29-ից մարտի 4-ը ներկայացվել է Եվրախորհրդարանում:
«Եվրախորհրդարանում ցուցահանդեսը շատ հաջող է անցել, պաշտոնական բացումը տեղի ունեցավ մարտի 1-ին: Մեկ շաբաթ Եվրախորհրդարանում ցուցադրվեցին 32 մեծ լուսանկարները, որոնք ստեղծվել էին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ղեկավարած կառույցի կողմից: Շուրջ 1000-ից ավելի այցելուներ եղան»,-շեշտեց Դեմիրճյանը` հավելելով, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջ բերեց:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացված «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագրի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Հայկյան» հատուկ մրցանակի էր արժանացրել պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանին: