(hayernaysor.am) Փետրվարի 29-ին Մոսկվայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ստեղծման 24-ամյակին: Ինստիտուտին շնորհավորելու էին եկել ՌԴ նախագահի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի, Պետական Դումայի, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է իր աղբյուրներից:
Ինստիտուտի գործունեության մասին տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովի ամփոփիչ զեկույցից հետո ելույթներ ունեցան ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը և ՌԴ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալ Վալերի Նազարենկոն: Նրանք նշեցին ինստիտուտի վերլուծական գործունեության օգտակարության բարձր աստիճանը ՌԴ նախագահի աշխատակազմի և Անվտանգության խորհրդի աշխատանքների համար, ինչպես նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի անունից ինստիտուտի մի շարք աշխատակիցների պարգևատրեցին պատվո նշաններով և շնորհակալագրերով:
Ապա ելութ ունեցավ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ով անդրադարձավ ինստիտուտի հետ համատեղ ծրագրերին, որոնք միտված են շարք գործընթացների տեղեկատվական-վերլուծական ապահովմանը և Հայաստանի գիտա-վերլուծական հաստատությունների հետ համագործակցության հաստատմանը:
Յուրի Նավոյանը ընդգծեց, որ տարածաշրջանային կայունությանն ուղղված հայ-ռուսական վերլուծական աշխատանքըն ավելի մեծ պահանջ ունի և ստեղծված են դա զարգացնելու անհրաժեշտ հիմքերը:
Ի նշան արդյունավետ համագործակցության, նա ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովին և «Հայաստան, խաչը Արարատի վրա» վավերագրական ֆիլմի ստեղծագործական կազմին (Մ. Շիրյաև, Ա. Լուպինով, Կ. Տասից, Ա. Գալիյա) պարգևատևրեց «Ռուս-հայկական համագործակցության» պատվոգրերով:
Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի հիմնադիրը ՌԴ նախագահն է: Ինստիտուտի և «Ռուս-հայկական համագործակցության» երարատև գործընկերության արդյունքում իրականացվել են երկկողմանի հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին նվիրված բազմաթիվ քննարկումներ, գիտաժողովներ, հրատարակություններ և շնորհանդեսներ: Դրանց թվում են նաև «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում» միջազգային գիտաժողովը Մոսկվայում 2012 թ. մարտին, Լեոնիդ Ռեշետնիկովի «Վերադարձ Ռուսաստան: Երրորդ ճանապարհ կամ հուսահատության փակուղիներ» գրքի հայերեն հրատարակության իրականացումն ու շնորհանդեսը Երևանում 2014 թ., «Հայաստան, խաչը Արարատի վրա» վավերագրական ֆիլմի ստեղծումը 2015 թ: «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ համագործակցություն է հաստատվել Հայաստանի գիտական, ուսումնական և վերլուծական առաջատար հաստատությունների և Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի միջև:
Լուսանկար՝ Լեոնիդ Ռեշետնիկով, Յուրի Նավոյան