(tert.am) ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն, ասաց, որ հայկական կողմը պետք է անընդհատ ցույց տա, որ Ադրբեջանն է այսօրվա վիճակի պատասխանատուն, միաժամանակ պահանջի միջազգային համայնքից՝ ավելի կտրուկ լինել Ադրբեջանի նկատմամբ:
«Այսօր Ադրբեջանի ռազմական, ռազմաքաղաքական և տնտեսական նշանակությունը էլ ավելի արժեզրկվել է: Արդեն Ադրբեջանն է օգնում ինքն իրեն վարկաբեկելու աշխատանքին՝ ներքին ժողովրդավարության և այլ հարցերով, մնում է մենք էլ Ղարաբաղի հարցով ավելի ակտիվ լինենք և այլընտրանքներ ներկայացնենք միջազգային հանրությանը»,-ասաց նա:
Կիրո Մանոյանը նկատեց, որ ինչ-որ տեղ կարելի է ասել, որ փոխվում է Մինսկի համանախագահող պետությունների կեցվածքը և իրենց վերջին հայտարարությունների մեջ կա ինչ-որ ակնարկներ Ադրբեջանի վերաբերյալ: «Պետք է հասկանանք, որ Մինսկի համանախագահողները դատավորներ չեն, այլ միջնորդներ են, դրա համար էլ պետք է, որ կարողանան բոլորի հետ խոսել: Նրանք զգույշ են, սակայն դա չի նշանակում, որ պետք է շարունակեն այն կեցվածքը, որ կարող է խրախուսել Ադրբեջանին՝ շարունակել այս վարքագիծը: Միջազգային համայնքը՝ հանձինս Մինսկի խմբի համանախագահող պետությունների, պետք է, որ Ադրբեջանին հասկացնի, որ նաև այլ լուծումներ կան»,-ասաց նա:
Հարցին, թե, ըստ Ձեզ, հենց միջազգային հանրության, մասնավորապես` Մինսկի խմբի համանախգահ պետությունների ոչ համարժեք արձագանքի պատճառո՞վ է, որ Ադրբեջանը և՛ բանակցային գործընթացում, և՛ սահմանում նման վարքագիծ է դրսևորում, Կիրո Մանոյանը պատասխանեց.«Ասել, թե պատճառն է, կարծում եմ, որ շատ մեղադրած կլինենք, սակայն այն որ իրենք ունեն իրենց մեղքի բաժինը, մեղսակից են, դա կարծում եմ՝ փաստ է, որ իրենց պահվածքով խրախուսում են Ադրբեջանին շարունակել նույն անլուրջ և խափանարար գործելաոճը»,-ասաց նա:
Կիրո Մանոյանն անդրադարձավ նաև Ալիևի կողմից արված այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում ձևական բնույթ է կրում: «Դա ցինիզմ է, նշանակում է, որ ինքը լուրջ չի վերաբերում այս հարցին: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը հասկացնի Ալիևին, որ չի կարելի այսքան կամայական լինել և եթե երկար է այս պահվածքը շարունակվելու ,ապա միջազգային համայնքը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,-ասաց նա և, հիմք ընդունելով Ալիևի այդ հայտարարությունը, նշեց, որ առաջընթացի հույս չի տեսնում:
«Եթե որևէ հույսի նշույլ որևէ մեկի մոտ կար, կարծում եմ, որ արդեն պետք է հիասթափվի»,-հավելեց Կիրո Մանոյանը: