(armenpress.am) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական բանաձևերի նախագծերը, հնարավոր է, քննարկման չդրվեն:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից՝ արձագանքելով ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասյորի այն հայտարարությանը, թե կան բազմաթիվ առաջարկներ՝ վերոնշյալ բանաձևերի նախագծերիի վերաբերյալ քննարկում չանցկացնել։ «Այո, կա նման հավանականություն: Այսօր ավելի ուշ կիմանանք»,- փոխանցեցին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից:
ԵԽԽՎ նախկին նախագահ Անն Բրասյորը վեհաժողովի նստաշրջանի մեկնարկից առաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարել է, որ կան բազմաթիվ առաջարկներ՝ հակահայկական բանաձևերի նախագծերի վերաբերյալ քննարկում չանցկացնել։ Նա հավելել է, որ վերջնական որոշում պետք է կայացնի վեհաժողովը՝ քննարկե՞լ նախագծերը, թե՞ ոչ կամ դրանք հետ ուղարկել հանձնաժողով, հայտնում է Panorama.am-ը:
«Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ անդամ երկրներ են և մենք պետք է գտնենք լուծում, որպեսզի մարդիկ ապրեն խաղաղության մեջ։ Սա անելու համար մենք պետք է քրտնաջան աշխատենք, քանի որ մարդիկ տառապում են այդ շրջանում: Նրանք ԵԽ քաղաքացիներն են, նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն, մնում է միայն գտնել միջոցը: Խնդրի լուծումը պետք է գտնվի։ Իմ անձնական կարծիքն է, որ մենք չպետք է թողնենք այնպես, ինչպես կա»,-ասել է Անն Բրասյորը։
Հայ դատ. Հնարավոր է, որ հակահայկական բանաձևերի քվեարկությունը հետաձգվի
Դրանց ճակատագիրը հայտնի կդառնա վաղը կեսօրին։
(azatutyun.am) Հնարավոր է, որ հակահայկական բանաձևերի քվեարկությունը հետաձգվի, անգամ հետ ուղարկվի համապատասխան հանձնաժողովներ։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բեդո Դեմիրճյանը։
Նրա խոսքով, բանաձևերի քննարկումների հետաձգումը պայմանավորված է տասնյակ պատգամավորների՝ ԵԽԽՎ ղեկավարությանն ուղղված առաջարկով՝ բանաձևերի քննարկումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Հնգօրյա նստաշրջանի երկրորդ օրվա օրակարգը աչքի է ընկնում հակահայկական բանաձևերի առատությամբ։ Ավելի վաղ համապատասխան հանձնաժողովների հավանությանն արժանացած աղմկահարույց փաստաթղթերը նախատեսված էր քվեարկության դնել վաղը։
Հիշեցնենք, խոքը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերտառությամբ զեկույցն է, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը, որը հեղինակը ներկայացնում է որպես բնապահպանական խնդիր, նույնպես ուղեկցվում է քաղաքական՝ հայկական կողմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համար անընդունելի ձևակերպումներով։
Հիշեցնենք, ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող երկու փաստաթղթերի հեղինակներն էլ իրենց զեկույցները պատրաստելիս շրջանցել են Լեռնային Ղարաբաղը, և երկու նախագծերն էլ կազմվել են բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում։
Ուոլթերի հեղինակած զեկույցը կոչ է անում՝ դուրս բերել հայկական զինուժը «Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից» և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն։
«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցում էլ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբար չայցելած Մարկովիչը պնդում է, որ ջրամբարը ոչ բարենպաստ վիճակում է, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի հետևանքով կարող են մարդկային մեծ կորուստներ լինել։
Եվրոպացի պատգամավորների քվեարկությանը սպասող այս նախագիծը ևս պահանջում է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել հայկական զինված ուժերը։
Ամիսներ շարունակ Հայաստանում և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից քննադատվող այս նախագծերի ճակատագիրը հայտնի կդառնա վաղը կեսօրին։
Մինչ այդ, հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները։ «Նման բանաձևերի ընդունմամբ ԵԽԽՎ-ն կթուլացնի ԵԱՀԿ-ի կողմից Մինսկի խմբի ընդունած մանդատը, կամ կբարդացնի ընթացող բանակցությունները», – հերթական անգամ հայտարարում են միջնորդները՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար միակ ընդունված ձևաչափը շարունակում է մնալ Մինսկի խումբը։
Լուսինե Մուսայելյան