(tert.am) Չի բացառվում, որ Թուրքիան Ռուսաստանին դաս տալու համար Ադրբեջանին հրամայեր՝ մի քիչ ավել շիկացնել հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը, ինչի հետևանքով էլ Ադրբեջանն օրերս հրադադարի ռեժիմը կնքելուց հետո առաջին անգամ տանկից կրակեց: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Վերջինս շեշտեց, որ Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը կապված են ավելի շատ երկու պետությունների նախագահների հանդիպման հետ:
«Ադրբեջանը միշտ բարձրաստիճան հանդիպումներից առաջ այս կերպ փորձում է փոխել մթնոլորտը: Իսկ մթնոլորտը վտանգավոր է, որովհետև հետևանքներն անկանխատեսելի են: Չնայած ես համոզված եմ, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, որովհետև առանց դրա էլ իրենք տնտեսապես տուժել են՝ նավթի գնի անկման և այլնի հետ կապված, բայց դա չի նշանակում, որ իրենց քայլերը վտանգավոր չեն, դրանք կարող են վերածվել պատերազմի»,- նկատեց Կիրո Մանոյանը:
ՀՅԴ ներկայացուցիչն ընդգծեց, որ Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ–ի ուղղությամբ ամեն անգամ ավելի հզոր զինտեխնիկա է կիրառում, որպեսզի ստուգի հայկական կողմի պատրաստվածությունը, զգոնությունը, կիրառվող հակաքայլերը: «Եթե պատերազմ ուզեին, արդեն կսկսեին: Նրանք վստահ չեն՝ որն է լինելու պատերազմի ելքը»,- ասաց Մանոյանը:
Անդրադառնալով կարծիքներին, որ ադրբեջանական սադրանքների համար զսպաշապիկ կարող է հանդիսանալ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական դիրքորոշումը, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ՄԽ-ն չի կիրառում իր ուժը՝ Ադրբեջանին զսպելու համար: «Եթե բացատրեմ՝ ինչո՞ւ հասցեական չեն խոսում, արդարացրած կլինեմ Մինսկի խմբին, դրա համար չեմ ուզում բացատրել»,- պատասխանեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:
Միաժամանակ, Կիրո Մանոյանը համաձայնեց, որ Մինսկի խումբն իր բառապաշարում պետք է ավելի հստակ լինի: «Մինսկի խումը բացի հասցեական հայտարարություններից այլ քայլեր ևս պետք է նախաձեռնի: Օրինակ, նրանք կարող են Ղարաբաղի ժողովրդին, իշխանություններին Արցախը ճանաչելու մասին նախանշաններ ցուց տալ, որ Ադրբեջանը հասկանա՝ նա չի կարող երկար խաղալ, որ կա գիծ, որից այն կողմ չի կարող անցնել: Այս քայլն ամենաշատը կսանձի Ադրբեջանին: Իրենք մեղավորներին պետք է հրապարակավ դիտողություններ անեն»,– ասաց նա:
Ադրբեջանը չի ուզում պատերազմ, որովհետև սկսել է տուժել տնտեսապես. Կիրո Մանոյան
(yerkir.am) Չի բացառվում, որ Թուրքիան փորձում է Հայաստանի միջոցով Ռուսաստանին պատասխան տալ. Yerkir.am-ի զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Հնարավոր է` ասել են` մի քիչ ավելի շիկացրեք մթնոլորտը, բայց չեմ կարծում, որ միայն դա է պատճառը, որ Ադրբեջանն այս քայլերին է գնում: Ադրբեջանը միշտ էլ բարձրաստիճան հանդիպումներից առաջ փորձում է այսպիսի մթնոլորտ ստեղծել: Այսինքն` երբ ինչ-որ բան է ակնկալվում, միշտ էլ այդպես են վարվում: Կարծում եմ` այս բոլորի հետևանքով ստեղծվել է այն մթնոլորտը, որն իսկապես վտանգավոր է` հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Հաճախ եմ ասել, որ Ադրբեջանը չի ուզում պատերազմ, որովհետև առանց պատերազմի էլ սկսել է տուժել տնտեսապես, բայց դա չի նշանակում, որ նրա արածները վտանգավոր չեն. նրա արածները կարող են վերաճել պատերազմի»,- ասաց Մանոյանը:
Նրա կարծիքով` եթե Ադրբեջանը պատերազմ ուզերն, արդեն կսկսեր: «Ամեն անգամ հզոր տեխնիկա չէին օգտագործի, որ տեսնեին` դիմացինն ինչ կանի և այլն: Շատ անհանգստություն կա այն նյութերից, այն տեսանյութերից, որ հրապարակվել են: Բայց նրանք վստահ չեն` ինչ կլինի ելքը, դրա համար էլ չեն ուզում պատերազմ: Ադրբեջանը չի կարծում, որ մենք ներքնապես այնքան պառակտված ենք, որ կարող է սահմանին խաղեր անել` հանրաքվեի հետ կապված: Կարծում եմ, որ մենք ունենք այն քաղաքական հասունությունը, որ նման բան թույլ չտանք»,- ասաց Մանոյանը:
Նրա խոսքով` Մինսկի խմբի վերջին հայտարարությանը, որ անհրաժեշտ է զինադադարի խախտումները վերստուգող մեխանիզմ ստեղծել, պարզ է` Ադրբեջանը դեմ է, իսկ Հայաստանը` կողմ: «Պարզապես լավ կլինի, որ ավելի հստակ խոսեն: Բայց կարծում եմ, որ ավելի հստակ քայլեր պետք է արվեն, որպեսզի Ադրբեջանը հասկանա: Օրինակ` Ղարաբաղի ժողովրդին, Ղարաբաղի իշխանություններին ինչ-որ չափով, ինչ-որ ձևով ճանաչելու նախանշաններ ցույց տանք, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ չի կարող այսպես, սա սահման ունի, որից այն կողմ չի կարող անցնել: Կարևոր է` Մինսկի խումբը ճիշտ գնահատականներ տա, բայց կարծում եմ, որ այլ քայլեր էլ պետք է արվեն, որ Ադրբեջանը հասկանա»,- ասաց Մանոյանը: