(news.am) Հարավային Ամերիկան, հատկապես Ուրուգվայը, նախորդ տարիների ընթացքում շատ ուժեղ մեսիջներ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցում։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ, ԱՊՀ երկրների,
Հարավային Կովկասի եւ Մերձսեւծովյան պետությունների Սոցինտերնի հանձնաժողովի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, որն ակտիվորեն մասնակցում է Հարավային Ամերիկայում Հայ դատի գրասենյակի գործունեությանը։
Նրա խոսքով՝ ԼՂՀ անկախության ճանաչումը բնականաբար հեշտ գործընթաց չէ։ «Կցանկանայի ընդգծել, որ այս տարի Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն շատ վառ ելույթ էր ունեցել, որում ողջունել էր ԼՂՀ ժողովրդին եւ հաջողություն էր մաղթել։ Այդ հայտարարությամբ նա հակված էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ 3 տարի առաջ Ուրուգվայը խորհրդարանական պատվիրակություն էր ուղարկել Ղարաբաղ։
Երկրի խորհրդարանի ղեկավարն ու բազմակուսակցական պատվիրակությունն այցելել էին Լեռնային Ղարաբաղ եւ համապատասխան հանդիպումներ էին ունեցել»,- հիշեցրել է Մարիո Նալբանդյանը։
Նա նշել է, որ Հարավային Ամերիկայում շատ բարձր է ազգերի ինքնորոշման իրավունքի գիտակցության մակարդակը։
«Դա խթանում է շարունակել Լեռնային Ղարաբաղի ճանաչման աշխատանքները։ Գործընթացը, ինչպես ասացի, բարդ է, բայց այս դեպքում ճշմարտությունն հայ ժողովրդի կողմից է, եւ մենք պետք է շարունակենք այդ աշխատանքների իրականացումը»,- հավելել է Մարիո Նալբանդյանը։