A l’invitation du Comité de Défense de la Cause Arménienne (CDCA) et de la FRA Dachnakstoutioun, Bruno le Roux, président du Groupe Socialiste à l’Assemblée Nationale a entamé une visite parlementaire en Arménie et au Karabakh.
Il est accompagné des députés socialistes Nathalie Nieson (Drome), Françoise Dumas (Gard), Hugues Fourage (Vendée) et Jean Launay (Lot).
Ils seront reçus aujourd’hui par le Président de la République arménienne, le Ministre des Affaires Etrangères, le Président du Parlement, les groupes parlementaires représentés à l’Assemblée et le Bureau Mondial de la FRA Dachnaktsoutioun.
Ils se rendront au Karabakh vendredi et samedi, une première pour le Président du groupe majoritaire à l’Assemblée Nationale.
Photo: Bruno le Roux
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակությունն այցելում է Հայաստանի եւ Արցախի հանրապետություններ
(arfd.info) ԵՐԵՎԱՆ (2015թ. սեպտեմբերի 2) – Այսօր երեկոյան Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը, գլխավորությամբ խմբակցության ղեկավար պրն Բրյունո Լը Ռուի։
Մինչեւ սեպտեմբերի 6 երկարող այցելությունը նախաձեռնել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (Արևմտյան Եվրոպայի, Հայաստանի եւ Արցախի կառույցներ)։ Պատվիրակությանը ընկերակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի, Հայ Դատի գրասենյակի եւ ՀՅԴ «Նոր Սերունդ» Երիտասարդական միության ներկայացուցիչները։
Այցելության նպատակն է Արցախում ծանոթանալ իրավիճակին, շփվել Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի եւ ընդհանրապես հասարակության տարբեր խմբերի հետ։
Հայաստանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ։
Երեւանում, պատվիրակության ղեկավարի մամուլի ասուլիսը կկայանա հինգշաբթի, սեպտեմբերի 3-ին, ժամը 14։00-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության փ. 30)։
Ֆրանսիական պատվիրակության պաշտոնական հանդիպումներին մասնակցում են ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը։
Բրյունո Լը Ռուի գլխավորությամբ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը Հայաստան այցելել էր նաեւ 2014թ. սեպտեմբերին, ՀՅ Դաշնակցության հրավերով, նշելու համար սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի՝ Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցը։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Չորեքշաբթի, 2 սեպտեմբերի
Երեկոյան Պատվիրակության ժամանում Երեւան։
Հինգշաբթի, 3 սեպտեմբերի
10։00 Հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ (Ոսկեզօծ դահլիճ)
11։00 Հանդիպում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ
12։30 Հանդիպում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ
14։00 Մամուլի ասուլիս ֆրանսիական պատվիրակության եւ ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ (ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն, Հանրապետության փ. 30, ք. Երեւան)։
16։00 Մեկնում Արցախ
Շաբաթ, 5 սեպտեմբերի
12։00 Վերադարձ Արցախից
15։00 Ժամանում՝ Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակի զետեղում, այցելություն թանգարան։
19։30 Ընթրիք՝ ՀՀ ԱԺ նախագահի անունից
Կիրակի, 6 սեպտեմբերի՝ պատվիրակության վերադարձ Ֆրանսիա
Ֆրանսիական Խորհրդարանական Սոցիալիստական Պատվիրակության Կազմ
1. Բրունո Լե Րու պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցության ղեկավար, պատվիրակության ղեկավար
2. Տիկ. Ֆրանսուազ Դյումա պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցություն. քարտուղարն է ԱԺ Արեւելքի քրիստոնյաների հանձնաժողովին.
3. Տիկ. Նատալի Նիսոն պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցություն, Պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի անդամ.
4. Ժան Լունե պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցություն, Ֆինանսների հանձնաժողով անդամ, մասնագետ պաշտպանության բյուջեի պատրաստության.
5. Հյուգ Ֆուրաժ պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցություն, Իրավական հանձնաժողովի անդամ (այս հանձնաժողովն է քննարկելու Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը).
6. Գիյուլոմ Պերիե հրապարակագիր
___________________________________
ՀՀ-ում եղել է բազմաթիվ անգամներ. առաջին այցելությունն է լինելու Արցախ.
Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության պատվիրակությանը
(parliament.am) 03/09/2015 – ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ նախորդ այցից անցել է մեկ տարի, եւ այդ ընթացքում հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններն ավելի են խորացել: Անդրադառնալով հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների խորացմանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների ղեկավարների փոխայցերը, այդ թվում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան: Խոսելով Ֆրանիսա կատարած իր այցի մասին՝ Ազգային ժողովի նախագահը վերհաստատել է իր հրավերը Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին:
ԱԺ նախագահը, բարձր գնահատելով բարեկամության խմբերի ծավալած արդյունավետ գործունեությունը, ընդգծել է բարեկամական խմբերի ղեկավարների մեծ ներդրումը բարեկամ երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ անհանգստության տեղիք տվող, անհանդուժող պահվածքին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԵԽԽՎ-ն իրական քայլեր ձեռնարկի այդ երկրի հանդուգն, ոչ ժողովրդավար գործելակերպը կանխելու համար:
Իր երախտագիտության խոսքն ուղղելով Բրյունո լը Ռուին, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ջատագովներից է, Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում:
Անդրադառնալով պատվիրակության առաջիկա այցին Ղարաբաղ՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ կարեւորում է յուրաքանչյուր նման այց, քանի որ Լեռնային Ղարաբաղ այցելող յուրաքանչյուր պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի ականատես լինելու ազատ ապրելու իրավունքը նվաճած, անկախության համար մարտնչած ժողովրդի կենսակերպին: ԱԺ նախագահի խոսքով՝ անկախ ճանաչված կամ չճանաչված լինելու հանգամանքից, Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ ապրելու իր իրավունքը եւ չպետք է անտեսված լինի միջազգային հանրության կողմից:
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն, շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի նախագահին ընդունելության համար, նշել է, որ Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն ավելի են հզորացել: Կարեւորելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Բրյունո լը Ռուն փաստել է, որ իր երկրի նախագահը հետեւողականորեն վերհաստատել է Ֆրանսիայի հանձնառությունը Ցեղասպանության դատապարտման հարցում:
Անդրադառնալով պատվիրակության այցելությանը Լեռնային Ղարաբաղ՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ իրենց նպատակն է տեղում շփվել արցախցիների հետ եւ վերհաստատել այն միտքը, որ այնտեղ ապրող ժողովուրդն իրավունք ունի խաղաղ ապրելու: Բրյունո լը Ռուն նշել է, որ պատվիրակության անդամները տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից եւ փաստել, որ միջազգային հանրության համար անընդունելի են հրադադարի ռեժիմի խախտումները:
Խոսելով Հայաստան եւ Արցախ այցելության մասին, նա նշել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է կարեւորվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները՝ ի տարբերություն հարեւան երկրի, որտեղ ժողովրդավարությունը կաղում է:
Անդրադառնալով Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններին՝ Բրյունո լը Ռուն փաստել է, որ պետք է խորացնել դրանք բարեկամ երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների մակարդակով:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը
(president.am) 03/09/2015 – Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է պարոն Լը Ռուին և պատվիրակության մեջ գտնվող մի շարք խորհրդարանականների Երևանում մեկ տարի առաջ կայացած հանդիպումից հետո կրկին հյուրընկալել, ուրախ է նաև պատվիրակության կազմում տեսնել առաջին անգամ Հայաստան այցելած պատգամավորների:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրանց համոզմամբ, ավելի են ամրապնդում հայ-ֆրանսիական բարեկամությունն ու լավ հնարավորություն են՝ տեղում անմիջական մթնոլորտում քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: «Ֆրանսիայի պարագայում այսպիսի հանդիպումները դարձել են ավանդական. վերջին մեկ տարվա ընթացքում խորհրդարանական երեք մեծ պատվիրակություններ են այցելել Հայաստան և նաև Լեռնային Ղարաբաղ: Ընդհանրապես, վերջին տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները նոր որակ են ստացել՝ նշանավորվելով երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ բոլոր ոլորտներում»,-գոհունակությամբ նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ միջպետական հարաբերությունների ամրապնդման կարևորագույն բաղկացուցիչ է միջխորհրդարանական համագործակցությունը, որի զարգացման գործում իրենց նշանակալի ավանդն ունեն երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը:
Պատգամավոր Բրյունո լը Ռուն Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները: Նա ևս գոհունակությամբ է նշել, որ տարբեր մակարդակներում հաճախակի դարձած երկկողմ հանդիպումները մշտապես աչքի են ընկել արդյունավետությամբ՝ հանդիպումից հանդիպում նախանշելով համագործակցության նոր եզրեր:
Ֆրանսիացի պատգամավորները կարևորել են նաև այցելությունը Լեռնային Ղարաբաղ և շեշտել, որ լինելով խորհրդարանականներ, իրենց առաքելությունն ու անմիջական պարտականությունն են համարում տեղում ծանոթանալ իրավիճակին, շփվել մարդկանց հետ և այդ ամենի արդյունքում ձևավորված իրենց պատկերացումները, տեսածն ու լսածը փոխանցել նաև գործընկերներին: Ըստ նրանց, Ֆրանսիան շահագրգռված է, որպեսզի ԼՂ հիմնախնդրի լուծման համար շարունակվեն երկխոսությունն ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացը, և իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ ևս այդ նպատակին են ծառայում:
Հանդիպման ժամանակ հյուրերը ՀՀ Նախագահին խնդրել են հակիրճ ներկայացնել ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու այդ բարեփոխումների նպատակը: Բրյունո լը Ռուն ընդգծել է, որ, իր համոզմամբ, ցանկացած կառուցակարգային փոփոխություն, որ միտված է կառավարման լավագույն տարբերակին և արժանանում է երկրի քաղաքացիների հավանությանը, միայն ողջունելի է, և եթե պետությունը ինչ-որ ժամանակ գնում է կառավարման համակարգի բարելավման, դա վկայում է պետության քաղաքական հասունության մասին:
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին
(mfa.am) 03/09/2015 – Սեպտեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցության պատգամավորներին՝ խմբակցության նախագահ Բրունո լե Ռուի գլխավորությամբ:
Ողջունելով խորհրդարանականներին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջիններիս ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։
Նախարար Նալբանդյանը հատուկ կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների՝ Արցախ նախատեսվելիք այցելությունը՝ նշելով, որ դա հնարավարություն է ընձեռում առաջին ձեռքից ծանոթանալ իրավիճակին և զարգացումներին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատգամավորները վստահեցրին, որ շարունակելու են հայ և ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված իրենց գործունեությունը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրներին:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը՝ առանձնահատուկ ընդգծելով Ֆրանսիայի դերը ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ժխտողականության դեմ պայքարում: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին Ֆրանսիայի նախագահի ղեկավարությամբ պատկառելի պատվիրակության մասնակցության համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային խմբի պատվիրկությունը Արցախում է
(aparaj.am) 03/09/2015 – Արցախ է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը՝ գլխավորությամբ խմբակցության ղեկավար պրն Բրյունո Լը Ռուի։
Պատվիրակությանը դիմավորել են ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը և ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, «Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:
Այցելությունը նախաձեռնել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (Արևմտյան Եվրոպայի, Հայաստանի եւ Արցախի կառույցներ)։ Պատվիրակությանը ընկերակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի, Հայ Դատի գրասենյակի եւ ՀՅԴ «Նոր Սերունդ» Երիտասարդական միության ներկայացուցիչները։
Ֆրանսիայի պատվիրակության հետ Արցախ են ժամանել եւ պաշտոնական հանդիպումներին մասնակցելու են ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՆԵՐԿԱ ԷԻՆ «ՎԱՐԱՆԴԱՅԻ» ՀԱՄԵՐԳԻՆ
Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում տեղի ունեցավ Շուշիի «Վարանդա» երգչախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգին ներկա էին Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբի անդամները, ովքեր այսօր ժամանել են Արցախ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԿԿ անդամ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ« Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:
Երգչախմբի կատարամբ հանդիսատեսն ունկնդրեց Կոմիտաս, Արեգ Լուսինյան, Ռոբերտ Պետրոսյան եւ այլն:
Ֆրանսիայի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում
(aparaj.am) 05/09/2015 – Արցախում գտնվող Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները, խմբակցության ղեկավար Բրունո Լե Րուի գլխավորությամբ, այսօր առավոտյան այցելեցին Ստեփանակերտի Հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ԼՂՀ գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին եւ Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հուշարձանին:
Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:
Այնուհետեւ նրանք այցելեցին Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք մեր սարերը» հուշարձան, ուր նրանց ներկայացրեցին հուշարձանի կերտման պատմությունն ու խորհուրդը:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը Արցախում
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է առաջնագիծ
(aparaj.am ) 04/09/2015 – ՀՅ Դաշնակցության հրավերով Արցախում են Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները: Այսօր առավոտյան նրանք այցելեցին առաջնագիծ:
Նրանց ուղեկցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ֆրանսիայի պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱՐՊՀ-ում
Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամներն այսօր այցելել են Արցախի պետական հալասարան, ծաղիկներ խոնարհել Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հանդիպում ունեցել ԱրՊՀ ֆրանկոֆոն ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը հակիրճ ներկայացրել է համալսարանի գործնեությունը, առաջիկա ծրագրերը, որից հետո ուսանողները հանդես են եկել հարցադրումներով, մասնավորապես՝ երկկողմ կապերի ամրապնդման, հնարավոր միջբուհական հարաբերւթյունների ստեղծման վերաբերյալ:
Մամլո Ասուլիս՝ Բրունո Լե Րուի գլխավորությամբ
ՀՅԴ նախաձեռնությամբ Արցախում գտնվող Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները, խմբակցության ղեկավար Բրունո Լե Րուի գլխավորությամբ, այսօր հանդիպում ունեցան Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Արմենիա» հյուրանոցի նիստերի դահլիճում հրավիրված մամլո ասուլիսին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Ֆրանսիայի ԿԿ անդամներ, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ ԿԿ անդամներ եւ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ:
Մամլո ասուլիսի բացման խոսքով հանդես եկավ Դ.Իշխանյանը, ով ներկաներին տեղեկացրեց, որ Ֆրանսիայի պատվիրակության այցի կազմակերպումը նպատակ ունի նրանց ծանոթացնելու Արցախի ներքին կյանքին, ինչպես նաեւ մոտիկից անդրադառնալու Արցախյան հիմնահարցին: Ուստի պատահական չէ, որ ասուլիսից ժամեր առաջ պատվիրակությունն այցելել էր առաջնագիծ եւ ծանոթացել սահմանում տիրող իրավիճակին: Դ. Իշխանյանը կարևորեց նման այցերի կազմակերպումը եւ հույս հայտնեց, որ այն կկրի շարունակական բնույթ:
Ասուլիսի ընթացքում Բրունո Լե Րուն իր երախտագիտությունը հայտնեց ՀՅ Դաշնակցության կառույցին՝ հետաքրքիր ու բովանդակալից այցի կազմակերպման համար՝ նշելով, որ նման այցելությունները օգնում են ճանաչելու Արցախը: «Մենք Արցախ եկանք սեպտեմբերի 3-ին՝ Արցախի անկախության հռչակման հաջորդ օրը: ես գիտեմ, որ անկախությունը շատ թանկ է յուրաքանչյուր արցախցու համար: Ես հասկացա, որ ժողովուրդը փայփայում է իր անկախությունը: Դրա համար շատ կարևոր էր առաջնագիծ մեր այցելությունը: Մենք անձամբ ծանոթացանք իրավիճակին: Պետք է նախաձեռնողականություն ցույց տալ եւ ընթանալ դեպի խաղաղություն: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է այս հարցում կարգավորման ուղիներ որոնի: Ֆրանսիան եւս պիտի այդ ուղղությամբ ջանքեր չխնայի»,- նշեց նա:
Հանդիպաման ընթացքում լրագրողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին պատվիրակության ղեկավարին, որոնք հիմնականում վերաբերում էին Անկարա-Փարիզ հարաբերություններին, Ղարաբաղյան գործընթացի կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների սերտացմանը եւ այլն:
«Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է միշտ առաջնորդվեն ժողովրդավարության եւ ազատության սկզբունքներով: Այդ երկուսն ամեն ինչից զորավոր են եւ վերջում միշտ հաղթում են»,- շեշտեց Բ. Լե Րուն:
Հանդիպում ՀՅԴ Արցախի եւ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեների անդամների միջեւ
«Արմենիա» հյուրանոցի նիստերի դահլիճում կայացավ ընկերական հանդիպում ՀՅԴ Արցախի ԿԿ-ի եւ ՀՅԴ Ֆրանսիայի ԿԿ անդամների միջեւ:
Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ, ՀՅԴ Ֆրանսիայի ԿԿ անդամներ Դրո Էքմեքջյանը (ԿԿ ներկայացուցիչ), Հրաչ Վարժապետյանը, Անտո Նշանյանը, Մուրատ Արսլանյանը, Տիգրան Շահմիրյանը:
Ընկերներն անդրադարձան Ֆրանսիայի պատվիրակության՝ Արցախ կատարած այցելության եւ նման ոչ պաշտոնական եւ պաշտոնական հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությանը, Արցախի քաղաքական կյանքին եւ այդ ասպարեզում ՀՅԴ Արցախի կառույցի կատարած եւ կատարելիք աշխատանքներին, ԼՂՀ արտաքին հարաբերություններում կուսակցության կողմից իրականացվող զգալի աշխատանքերին, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության հետ համագործակցությանը, ԼՂՀ-ում կայացած եւ կայանալիք ընտրական գործընթացներին, ժողովրդավարության ամրպնդման սկզբունքների որդեգրմանը, ներկուսակցական կյանքին:
Արցախցիների մեջ ամենաշատը սիրեցի ազատության ձգտումը. Բրունո Լե Րու
Այսօր Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության անդամները Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում հանդիպում են ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական կառույցի և Արցախի երիտասարդական այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը:
Միջոցառաման սկըզբում, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական թևի կողմից Արցախում կազմակերպած ամառային ճամբարի պատանիները հանդես եկան գեղարվեստական մասով:
Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո Լե Րուն, շնորհակալություն հայտնելով պատանիներին և ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական թևին, նշել է, որ հաջորդ ամառվանից սկսած՝ նրանք և «Նոր սերունդ»-ակաները կհամագործակցեն և կստանան ֆինանսական աջակցություն:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այսօր բեմի վրա էին և այն հնարավորության համար, որ մենք այսօր միասին կարողանում ենք կիսել այն հպարտությունը, որը դուք բոլորդ ունեք Ձեր երկրի նկատմամբ»,- ասել է Բրունո Լե Րուն:
Բրունո Լե Րուն կարևորել է այն համագործակցությունը, որն առկա է ՀՅԴ կուսակցության հետ և նշել, որ միշտ պետք է տարբերություն դնել այն երկրների միջև, ովքեր հարգում են ժողովրդավարությունն ու խաղաղությունը և այն երկրի միջև, որոնք ոտնահարում են ժողովրդավարությունն ու խաղաղությունը:
«Պետք է այնպես անել, որ ստատուս քվոն փոխվի դեպի խաղաղություն, և դա է պատճառը, որ մենք եկանք այստեղ, որպեսզի տեղում հասկանանք և քննարկենք իրավիճակը»:
Արցախի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները ուղղել են իրենց հարցադրումները:
Պատասխանելով այն հարցին, թե երբ Ֆրանսիան կճանաչի ԼՂՀ-ն, Բրունո Լե Րուն պատասխանեց, որ ԱՄՆ, Ռուսաստանը, Ֆրանսիան և Հայաստանը միասին պետք է գան այդ հայտարարին:
Ֆրանսիայի խորհրդարանի սոցիալիստական խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ
(ARTSAKH TV) Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Արցախ են այցելելՖրանսիայի խորհրդարանի սոցիալիստական խմբակցության պատգամավորները: Բրունո լե Ռուի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է առաջնագիծ և ծանոթացել տիրող վիճակին: Այն, որ շփման գծում Ադրբեջանը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, ֆրանսիացի խորհրդարանականը տեղյակ է: “Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և մենք եկել ենք տեսնելու մի երկրի առօրյան, որը, փաստորեն, պատերազմի մեջ է: Եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը”,-ասել է Բրունո լե Ռուն:
ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն՝ Արցախ կատարած այցի մասին
(ARTSAKH TV) “Խրամատում ես տեսա մարտունակ բանակ, իսկ Ստեփանակերտում տեսա, թե ինչպես են պատրաստվում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին”: Հայտարարության հեղինակը ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն է, ով օրերս կրկին Արցախում էր՝ ֆրանսիացի պատգամավորներին հայկական երկրորդ հանրապետությունը ներկայացնելու առաքելությամբ: