Ֆրանսահայ համայնքը հիասթափված է Թուրքիայում Օլանդի արած հայտարարությունից

Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առնչությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման մասով ես կասկած չունեմ, որովհետև նախագահը շատ հստակ նշեց, որ նախագահական պալատը հարցը մտադիր է լուծել միմիայն օրենքի սահմաններում: Սա մեզ հետաքրքրում է, քանզի եթե օրենքի սահմաններում է հարցը լուծվելու, ապա օրինագիծը պետք է անցնի և կիրառվի: Համոզված եմ, որ մինչ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նախագահ Օլանդը հստակ և կոնկրետ քայլեր կձեռնարկի, մանավանդ, որ նախատեսված է նրա մայիսյան այցելությունը Երևան, ուր էլ օրինագծի հետ կապված առաջադիմական և դրական հայտարարություն կանի»,- նշեց Վարժապետյանը:

Մեկնաբանելով երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը` պատմության հետ հաշվի նստելու հետ կապված, նա ընդգծեց, որ ֆրանսիական մամուլի լրատվությունը և նախագահի հայտարարությունը էականորեն տարբերվում են. ֆրանսիական մամուլի հրապարակումներում նշվում էր, որ նախագահը Հայոց ցեղասպանութան ճանաչման կոչ է արել, սակայն նախագահը նման բան չհայտարարեց: «Այդ առումով հայ համայնքի ակնալիքները չարդարացան: Նախագահի հայտարարության մեջ իրերն իրենց անուններով չէին կոչվում: Անընդունելի են նաև այն արդարացումները, իբր, գտնվելով Թուրքիայում, նախագահը չէր կարող նման հայտարարություն անել: Հայ դատը շարունակելու է հետամուտ լինել նույն պահանջին` հասնելու վերջանական արդարության»,- պարզաբանեց Ֆրանսիայի Հայ դատի ղեկավարը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Թուրքիա պաշտոնական այցի նախօրյակին Ֆրանսիայի հայ համայնքը բողոքի ակցիա էր անցակցրել` պահանջելով Թուրքիայի առջև բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Օլանդն իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հետ Անկարայում հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «հաշտություն եւ համաձայնություն ապահովելու համար անհրաժեշտ է ճանաչել 1915 թ-ի իրադարձությունները», իսկ «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է կիրառել միջազգային համաձայնագրերի շրջանակում»:

Վերջին 22 տարվա ընթացքում սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա:

28.01.2014
www.yerkirmedia.am

Ֆրանսահայերը բողոքի ցույց են կազմակերպել Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի դեմ

Երեկ Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց գտնվող Տրոկադերո հրապարակում, Օլանդի Թուրքիա կատարելիք այցի եւ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության դեմ բողոքի ցույց են կազմակերպել ֆրանսահայերը: Ցույցի մասնակիցները հիշեցրել են, որ Թուրքիան շարունակում է ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում եւ վստահեցրել են՝ պատրաստ են շարունակել պայքարը եւս մեկ հարյուրամյակ:

Փարիզից բացի, բողոքի ակցիա է անցկացվել նաեւ Մարսելում: Այստեղ ցուցարարների շարքում է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն:

Այս ամենի մասին Փարիզից “Երկիրն այսօրին” մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: