Թուրքիայի ղեկավարությանը պետք է ընդունել որպես խուճապի մատնված, քաղաքական հստակ ուղղություն չունեցող ուժի

(artsakhtert.com) ԱԱ-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո ՄԱՆՈՅԱՆԸ

-Պարոն Մանոյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը ներկայացրեց Համահայկական հռչակագիրը, որը փաստորեն ուղերձ էր համայն մարդկությանը, և որում հայ ժողովրդի հիշողությունն է, երախտագիտությունը ու նաև պահանջատիրությունը։ Ինչպե՞ս կբնութագրեիք այդ տարելիցի նախաշեմին միջազգային հանրության կեցվածքը և փաստաթղթի միջազգային արձագանքները։

– Ազգովի հռչակեցինք Համահայկական հռչակագիրը, որը Նախագահն ընթերցեց Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների և բազմաթիվ երկրներից ժամանած տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նախքան միջազգային համայնքի կեցվածքին անդրադառնալը՝ պիտի կարևորեմ հայության կեցվածքը, և այդ իմաստով՝ Համահայկական հռչակագրի նշանակությունը։ Համահայկական է հռչակագրի բովանդակությունը, համահայկական է այն մարմինը, որը որդեգրեց այդ հռչակագիրը։ Դա պետական հանձնաժողովն է, որում իսկապես ներկայացված են մեր բոլոր հիմնական կառույցները։

Հռչակագրին ուղղակի արձագանք չի եղել, բայց դա չի նշանակում, թե այն անուշադրության է մատնված։ Հակառակը, բոլորն էլ ընդունում են, որ ծանրակշիռ խոսք է ասվել, ուրեմն, պետք չէ շատ թեթև արձագանքել, մանավանդ որ Հռչակագրի հրապարակումից օրեր անց ՀՀ նախագահը քայլ արեց՝ Ազգային ժողովից հետ կանչելով հայ-թուրքական արձանագրությունները։ Ճիշտ է, ստորագրությունը հետ չվերցրեց՝ ասելով. ՙԻմ քայլն իրավական չէր, ես ոչ թե սպանել եմ այդ արձանագրությունները, այլ քաղաքական պատգամ եմ փոխանցել Թուրքիային և աշխարհին՚։ Ամեն դեպքում Նախագահի քայլը Համահայկական հռչակագրի ոգով էր։ Նախագահի քայլին արձագանքեց միայն Միացյալ Նահանգները. այդ երկիրն ինչ-որ չափով հանգստություն արտահայտեց առ այն, որ Հայաստանը ստորագրությունը պահում է, և հույս հայտնեց, որ գործընթացը շարունակություն կունենա։ Իրականությունն այն է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթաց չկա Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների պատճառով։

Նշեմ, որ արդեն 100-րդ տարելիցին կան առաջընթացի որոշ դրսևորումներ։ Անցյալ տարի էլ ականատես եղանք դրական դրսևորման. եվրոպական երկու պետությունների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները Թուրքիային կոչ արեցին առերեսվել սեփական պատմության հետ։ Դրանից առաջ ԱՄՆ նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ նույնպիսի կոչով հանդես եկավ։ Վերջերս էլ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց բանաձև, որն արդյունք է Հայաստանում այդ կառույցին անդամակցող հայկական երեք կուսակցությունների աշխատանքների։ Եվրոպական ազդեցիկ քաղաքական ուժը Հայոց ցեղասպանության հարցում որդեգրեց հստակ դիրքորոշում. բանաձևը ոչ միայն ճանաչման, պատմական փաստի դատապարտման, այլ նաև հատուցումների մասին է։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունն սկսել է դրական արձագանքել Համահայկական հռչակագրի հատուցմանը վերաբերող դրույթներին։ Իսկ դրանցում նշվում է, որ մենք պատրաստում ենք իրավական պահանջների թղթածրար, որը կանդրադառնա հայության անհատական, համայնքային և համազգային իրավունքներին ու շահերին, և արդեն տեսնում ենք, որ, օրինակ, ԵԺԿ-ի բանաձևում կա խոսք հատուցման մասին։

Թուրքիայի ղեկավարության և հատկապես նախագահի՝ այս վերջին օրերին արտահայտած մտքերից հետևում է, որ այդ ղեկավարությանն իսկապես պետք է ընդունել որպես խուճապի մատնված,` քաղաքական հստակ ուղղություն չունեցող ուժի։ Անցյալ տարվանից սկսած, երբ հրավեր ուղարկեցին ՀՀ նախագահին՝ ներկա գտնվելու ապրիլի 24-ին նախատեսված՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, մինչև արխիվների մասին վերջին խոսակցությունները, վկայում են թուրքական իշխանությունների խուճապային տրամադրության մասին։

Հարկ է փաստել նաև, որ Թուրքիայում ձևավորվում է ոչ շատ մեծ, բայց ինչ-որ չափով կարևոր հասարակական տեսակետ, որը ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս տարի դա տեղի է ունենալու թուրքական 5-6 քաղաքներում։ Մենք աշխարհին ներկայացել ենք մեկ ձայնով՝ Համահայկական հռչակագրով, և արձագանքները ցույց են տալիս, որ այն դրականորեն է ընկալվում միջազգային հանրության կողմից, եթե անգամ այդ մասին ուղղակի ակնարկներ չեն արվում։

– ԱՄՆ Կոնգրեսում մի խումբ կոնգրեսականների կողմից ներկայացվել է ճշմարտության և արդարության բանաձև Հայոց Ցեղասպանության մասին։ Սովորաբար, Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը հայությունն սպասում է, թե ինչպիսին կլինի ԱՄՆ նախագահի ելույթը։ Ի՞նչ եք կարծում, թուրք-ամերիկյան ներկա հարաբերությունները կարո՞ղ են ինչ-որ կերպ անդրադառնալ 100-րդ տարելիցին ամերիկյան կողմից հնչեցվելիք խոսքի բովանդակության վրա։

– Կարծում եմ, չպիտի սպասենք, թե ինչ կասի ԱՄՆ նախագահը։ Ոչ թե կարևոր չէ, այլ դա մի խնդիր է, որն ավելի շուտ վերաբերում է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուի կողմից տրված խոստմանը։ Նա խոստացել էր իր քաղաքացիներին և մասնավորապես հայերին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ամերիկահայերն ու նրանց բարեկամները հետամուտ են, որ Նախագահը կատարի իր խոստումը։ Կոնգրեսում ներկայացվել է բանաձև, բայց կա նաև Բ. Օբամային ուղղված երկու նամակ սենատորների և կոնգրեսականների կողմից, որոնցում կոչ է արվում նախագահին հարգել իր ընտրական խոստումը և իրերը կոչել իրենց անուններով։ Դա, անշուշտ, կարևոր է, բայց դրանից չեն կախված մեր բոլոր հարցերը։ Մենք դեռևս չգիտենք, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները ապրիլի 24-ին Երևանում, ակնկալվում է բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցություն։ Իսկ մայիսի 8-ին Վաշինգտոնում կկայանա տարելիցին նվիրված մեծ միջոցառում, որին կմասնակցեն ՀՀ նախագահը և երկու կաթողիկոսները։ Հրավիրված է ԱՄՆ նախագահը։ Այս երկրի կեցվածքը Ցեղասպանության հարցում դեռևս դրսևորվելու առիթ ունի, և ճիշտ եք, որ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների ներկա վիճակն ինչ-որ չափով հույս է ներշնչում, որ ԱՄՆ-ն կարող է դրական կեցվածք ցուցաբերել՝ ոչ թե պարզապես հակառակվելով Թուրքիային, այլ նվազ չափով հաշվի առնելով թուրքական իշխանությունների զգայությունները։ Թուրքիայի ղեկավարությունն էլ, պարզ է, դրան խոչընդոտելու նպատակով օգտագործելու է բոլոր միջոցները։ Թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը կարող է իր դրսևորումն ունենալ. կլինի դա բանաձևի տեսքով, թե նախագահի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հայտարարությամբ, սպասենք և կտեսնենք։ Կարծում եմ, դրական տեղաշարժի հիմքեր կան։

– Ձեր խոսքում նշեցիք, որ թուրքական հասարակության մեջ ի հայտ են գալիս նոր տրամադրությունների կրողներ, ովքեր հակված են իրերն անվանել իրենց անուններով։ Վկայությունը՝ վերջերս Երևանում կայացած «Արարատի ստորոտին» խորագրով մեդիա-ֆորումն էր և դրան մասնակցած թուրք լրագրողների ելույթները։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան իր ժխտողական գիծն իրականացնելիս փորձում է օգտագործել երկրի ազգությամբ հայ մտավորականներին՝ ներգրավելով նրանց պետական մակարդակով ծավալված գործընթացներում, մասնավորապես խորհրդարանական ընտրարշավում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողություններին։

– Թուրքական հասարակության մի փոքրամասնության մոտ առկա է մտածելակերպի փոփոխություն, որը հակադրվում է պետական քաղաքականությանը։ Ասեմ, որ մեդիա-ֆորումին ներկայացած թուրք լրագրողները ՙԶաման՚ թերթից էին, որը հովանավորվում է թուրքական իշխանությունների գլխավոր հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմից։ Այդ թերթի լրագրողները, ճիշտ է, իրենց իշխանություններին քննադատում են, բայց կոնկրետ այստեղ գտնվողները չհամարձակվեցին գործածել «ցեղասպանություն» բառը։ Ոչ թե չէին հավատում, որ կատարվածը ցեղասպանություն էր, այլ այդպես իրենց դրսևորեցին ինչ-ինչ նկատառումներով, որպեսզի չորակավորվեն որպես թշնամի։ Բայց երկրի ներսում կա մեկ այլ՝ ավելի փոքր հավաքականություն, որը ոչ միայն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունն է կարևորում, այլև խոսում է հատուցումների մասին։ Դա ինքնին կարևոր փաստ է։

Այո, թուրքական պետությունը փորձում է տարբեր հնարքներով ցույց տալ, թե իբր գործընթաց կա, իշխանության կեցվածքը փոխվել է և այլն, բայց նրանց չի հաջողվում մինչև վերջ թաքցնել իրենց իսկական դիմագիծը։ Կամա թե ակամա բացահայտվում է այդ պետության հակահայկական քաղաքականությունը։ Հայերին ներգրավելով պետական կառույցներում՝ թուրքական իշխանություններն ուզում են ինչ-որ տպավորություն ստեղծել։ Իրականությունն այն է, որ այդ մարդիկ ընդամենը ազգությամբ հայ են, բայց իրենց ամբողջ էությամբ թուրք մտավորականներ են հիշեցնում։ Սա է իրողությունը, և ես սրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է մեջլիսի թեկնածուներին, ապա ոչ բոլորն են պետության կողմից առաջ քաշված։ Օրինակ՝ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունից առաջադրված են երկու հայ թեկնածության թեկնածուներ (Թուրքիայում գործող կարգի համաձայն), և չնայած այդ կուսակցությունը քրդական նախագիծ է իրենից ներկայացնում, բայց և այնպես, հույս ունի այս անգամ մտնել խորհրդարան՝ որպես թուրքական ձախ կուսակցություն։ Դրա կողքին տեղ ունի մեկ այլ իրողություն. մեջլիսում իշխող՝ «Արդարություն և զարգացում»՚ կուսակցության խմբակցության մեջ կան ավելի մեծ թվով քրդեր, ովքեր իրենց դավանած արժեհամակարգով հակադրվում են Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության սկզբունքներին ու մոտեցումներին։ Սա այն կուսակցությունն է, որը Թուրքիայի խորհրդարանում այս տարվա ընթացքում երեք-չորս անգամ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնեց։

Թուրքիան պատրանք է ստեղծում, թե իբր գործընթաց կա, այժմ էլ տպավորություն է ստեղծում, թե Սփյուռքում որոշ շրջանակների հետ երկխոսության մեջ է (մի ժամանակ ասում էին, թե Սփյուռքն է վատը, Հայաստանի հետ կարելի է շփվել, հետո էլ ասացին՝ ո՜չ Սփյուռքն է լավ, ո՜չ էլ՝ Հայաստանը)։ Մենք պետք է գիտակցենք խաղի բուն նպատակը։ Անհրաժեշտ է, որ Թուրքիայի իշխանությունների հետ շփման մեջ մտնող ցանկացած հայկական կառույց նախ խոսի Ցեղասպանության ճանաչման խնդրի, որից հետո՝ մյուս հարցերի մասին։

– Պարոն Մանոյան, կուզենայինք Ձեր տեսակետն իմանալ ԵԽԽՎ զեկուցող Ռ. Ուոլթերի պատրաստած ՙԲռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում՚ զեկույցի վերաբերյալ։ Դա հայկական կողմի պասիվությա՞ն հետևանքն է։

– Դա ավելի շուտ խոսում է ԵԽԽՎ-ի վարկաբեկման մասին։ Չմոռանանք, որ Եվրախորհրդարանն Ադրբեջանին դատապարտող տեսակետներով է հանդես գալիս, այսինքն՝ այնպես չէ, որ հայերը թույլ են ԵԽԽՎ-ում, բայց Եվրախորհրդարանում հայերի մասնակցությամբ Ադրբեջանին դատապարտող բանաձևեր են ընդունվում։ ԵԽԽՎ-ն ընդամենը վարկազրկեց իրեն, որովհետև այնտեղ ներկայացված են տարբեր պետություններից պատգամավորներ, որոնց կաշառելն այնքան էլ դժվար չէ։ Մենք դա տեսանք նույնիսկ Հունաստանի դեպքում. այդ երկրի շահերի պաշտպանության քողի տակ կատարվեց միանգամայն այլ բան։

Պարզ է նաև, որ խոսքը գնում է միջազգային կառույցի մասին, և ինչքան էլ վարկաբեկված լինի այն, ունի արժեք, հետևաբար, պետք է ավելի գործուն լինենք և բացահայտենք այդ ամենը։

Կարծում եմ, այս տարի Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերն առիթ կտան եվրոպական մի շարք ուժերի՝ ուշադրությունը կենտրոնացնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին։ Իսկ դրանց բացահայտումը կնշանակի, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի նկրտումները հիմնազուրկ են, և մարդիկ կույր պիտի լինեն, որ ասեն, թե հնարավոր է վերադարձ անցյալին։ Անհրաժեշտ է միջազգային կառույցներում ավելի գործուն կերպով բացատրել Արցախի հիմնախնդիրը։

Վերջերս Երևանում կայացած ՙԵվրանեսթ՚ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ և ասաց՝ այդ ինչպե՞ս էր, որ Եվրախորհրդարանը ժամանակին իր աջակցությունն էր հայտնել Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքին, ինչպե՞ս է ինքը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ ասելով, որ այդ բանաձևերով ղարաբաղյան խնդրի լուծումը հանձնել են ԵԱՀԿ-ին, և դրանից ավելի անելիք չունեն։ Փաստն այն է, որ Ադրբեջանը երկու տարի եղավ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ և չկարողացավ իրեն հուզող հարցերն օրակարգ բերել։ Չկարողացավ, որովհետև, ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է արտահայտվել, Ադրբեջանը, խեղաթյուրելով բանաձևերը, ընդամենը խնդրի կարգավորման պարտականությունը հանձնում է ԵԱՀԿ-ին։ Ուզում եմ ասել, որ անհրաժեշտություն կա միջազգային հանրության և մասնավորապես քաղաքական գործիչների շրջանում լուսաբանել այս բոլոր իրողությունները՝ չընդհատելով մեր աշխատանքները։

Արցախի թեմայի հետ կապված՝ կուզենայի շեշտել կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարևորությունն ու ժողովրդի լայն մասնակցության անհրաժեշտությունը։ Ադրբեջանն այդ ուղղությամբ արդեն սկսել է սև քարոզչությունը և փորձում է ընտրությունները ճանաչելու հարցի շուրջ երկխոսության մեջ մտնել տարբեր պետությունների հետ։ Դա համարենք Ադրբեջանի գործը, իսկ մեր անելիքն այն է, որ այս ընտրություններն անցկացնենք փայլուն կերպով, որպեսզի արդյունքները համապատասխանեն ժողովրդի կամքին։ Արցախցին վերստին պետք է ցույց տա, որ ինքն իր ազատ կամքի տերն է, և այդ կամքով էլ կերտում է իր ապագան ու ընտրում իշխանություններին։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ