Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբն ամերիկահայ ամենամեծ ու ազդեցիկ քաղաքական կազմակերպութիւնն է, որի նպատակներն ու գործունէութիւնն ուղղուած են համահայկական նշանակութեան հարցերի լուծմանը: Արեւմտեան եւ արեւելեան շրջանների մասնաճիւղերով եւ Ուաշինկթընի մէջ գործող Կենտրոնական գրասենեակով՝ այս կառոյցը բազմաթիւ քաղաքներում իր գրասենեակների միջոցով ակտիւօրէն արծարծում է ամերիկահայ համայնքի շահերն ու խնդիրները Միացեալ Նահանգներում: Հայ Դատի յանձնախմբի գործունէութիւնը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ Ամերիկայի քաղաքական գործընթացներում, կառավարութեան տարբեր շրջանակներում ամերիկահայերի հաւաքական տեսակէտի ներկայացում, հայ համայնքի քաղաքացիական ակտիւացում, քարոզչական, լոբբիստական աշխատանքներ եւ այլ:
«Մենք հայ ազգի երկրորդ բանակն ենք, հայ ժողովրդի պաշտպանութեան առաջին գծում ենք: Մեր կազմակերպութեան օրակարգում առկայ բազմաթիւ հարցերով ձգտում ենք հիմնական նպատակին, այն է՝ հայ ազգի կենսունակութեան ապահովմանը՝ ազգերի սեղանի շուրջ մեր տեղը ունենալով, ինչը պէտք է դրսեւորուի համաշխարհային զարգացումների մասնակիցը լինելով, աշխարհից սովորելով եւ մերը աւելացնելով», Հայ Դատի յանձնախմբի Ուաշինկթընի Կենտրոնական գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանն այսպէս ամբողջացրեց կազմակերպութեան նպատակն ու առաքելութիւնը, 2013թ.ի «Գրասրութ» խորհրդաժողովի ժամանակ, կառոյցի Արեւմտեան շրջանի աշխատանքների մասին՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի տնօրէնների խորհրդի նախագահ իրաւաբան Նորա Յովսէփեանի հետ մեր բացառիկ հարցազրոյցը:
Ստորեւ մեր հարցազրոյցը.
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տասնամեակներ շարունակ Հայ Դատի յանձնախումբը իրականացրել է ամերիկահայերի շահերի ներկայացման ու տարաբնոյթ խնդիրների լուծման աշխատանքներ: Տարիների ընթացքում իրականացուել են բազմաթիւ ծրագրեր, լուծուել են համահայկական նշանակութեան հարցեր: Մեր ազգային հիմնահարցերն ու մեր ազգի առաջ մարտահրաւէրներն այսօր էլ բազում են՝ սկսած Սփիւռքում ազգային ինքնութեան պահպանումից, մինչեւ համահայկական նշանակութեան այլ հարցեր, որոնք պահանջում են համախմբում: Որո՞նք են Հայ Դատի աշխատանքներում առաջնահերթութիւնները:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Հայ Դատը ներգրաւուած է լայն քաղաքական եւ կրթական գործընթացներում: Մենք աշխատում ենք հայ ազգի կենսական նպատակների՝ Հայաստանի հզօրացման, բարգաւաճման եւ որպէս ժողովրդավար երկիր կայացման ուղղութեամբ, Արցախի ինքնորոշման եւ անկախութեան իրաւունքի համար: Դրանց հասնելու համար Հայ Դատի յանձնախումբը հանդէս է գալիս մի շարք, այդ թւում՝ օրէնսդրական նախաձեռնութիւններով, որոնք միտուած են Հայաստանի, Արցախի զարգացման համար ԱՄՆ կառավարութեան կողմից առաւելագոյն օգնութեան տրամադրմանը: Հայ Դատի օրակարգի առաջնային հարցն է Հայոց Ցեղասպանութեան համապատասխան ճանաչումն ու հատուցման հարցը, Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչութեանը համապատասխան արձագանգ ապահովելը, Հայաստանի ու Արցախի դէմ այս երկրների գործողութիւնների կասեցման աշխատանքները: Մեր կազմակերպութեան նպատակն է նաեւ ամերիկահայերին ներգրաւել ԱՄՆ քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներում, ակ-տիւացնել մեր համայնքի մասնակցութիւնը երկրի որոշումների կայացման գործում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ մեխանիզմներով էք իրականացնում հանրութեան ներգրաւումը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Հայ Դատի յանձնախումբը կապող մարմին է ընտրուող պաշտօնեաների, կառավարութեան անդամների ու հանրութեան միջեւ: Մենք ակտիւօրէն համագործակցում ենք տեղական կառավարող մարմինների ներկայացուցիչների, ընտրուող պաշտօնեաների հետ՝ մշտապէս ներկայացնելով հայ համայնքին յուզող խնդիրները: Միաժամանակ, համերկրային, նահանգային, տեղական մակարդակում ընտրութիւններից առաջ մեր համայնքին ծանօթացնում ենք հայամէտ թեկնածուներին: Քաղաքական կեանքին հայերի մասնակցութիւնը քաջալերելու առումով յատկանշական էր ընտրութեան իրաւունք ունեցողներին արձանագրելու եւ քուէարկողներին քաջալերելու՝ Ամերիկայի Հայ Դատի Արեւմտեան շրջանի «Hye Votes» արշաւը: Նշեմ, որ մէկ տարում Լոս Անջելեսում յաջողեցինք գրանցել 5000ից աւելի նոր ընտրող: Սան Գաբրիէլ հովտի մեր գրասենեակի աշխատանքի արդիւնքում Մոնթեբելլոյի ընտրութիւններում «Հայ Վոթս»ը կարողացաւ կրկ-նապատկել ընտրողների թիւը եւ ամերիկահայերի շնորհիւ՝ 15 տոկոսը դարձաւ 30, եւ ընտրուեցին մեր նախընտրած թեկնածուները: Մեր համայնքը պէտք է կարողանայ վճռորոշ դեր ունենալ ընտրութիւններում, ըստ այդմ, մեր ձայնն առաւել բարձր կը հնչի՝ դիւրացնելով մեր հետապնդած հարցերի լուծումը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ ի՞նչ սկզբունքով է առաջնորդում Հայ Դատի յանձնախումբն ընտրութիւնների ժամանակ այս կամ այն թեկնածուի նախընտրութիւնը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Մենք մշտական շփման մէջ ենք արդէն ընտրուած պաշտօնեաների հետ, որոնց հետ քննարկում ենք հայ համայնքին առնչուող հարցեր, բարձրաձայնում ենք առկայ խնդիրներն ու փորձում միասին գտնել լուծումներ: Առաջադրուած թեկնածուների դէպքում էլ հանդիպում ենք նրանց եւ տեղեկանում ծրագրերից, ներկայացնում ենք մեր օրակարգը՝ արդիւնքում կողմնորոշուելով, թէ ով կարող է լաւագոյնս ներկայացնել նաեւ մեր համայնքի շահերը: Ընտրուելուց յետոյ, մենք ակտիւ համագործակցում ենք տուեալ պաշտօնեայի կամ գործչի հետ: Օրինակ, Լոս Անջելեսի ներկայի քաղաքապետ Էրիկ Գարսետիի հետ մենք աշխատում ենք արդէն 12 տարի, երբ նա քաղխորհրդի անդամ էր եւ ներկայացնում էր նաեւ «Լիթլ Արմենիա» շրջանը: Գարսետին մշտապէս արձագանգել է մեզ եւ տարբեր միջոցներով աջակցել մեր նախաձեռնութիւններին: Քաղաքապետի պաշտօնում ընտրուելուց յետոյ Գարսետիի հետ հանդիպման ժամանակ, մեր յանձնախումբը կրկին բարձրացրեց մի շարք հարցեր՝ քաղաքապետարանում հայ աշխատակիցների թիւն ընդլայնելուց մինչեւ Լոս Անջելեսի ու Երեւանի միջեւ քոյր քաղաքների կարգավիճակի թարմացման հարցը: Գարսետին էլ իր հերթին վերահաստատեց հայ համայնքի հետ առաւել արդիւնաւէտ աշխատելու իր պատրաստակամութիւնը, յայտարարեց, որ շարունակելու է աջակցել Արցախի անկախութեան, նաեւ՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցերին:
Մէկ տարուայ ընթացքում, մենք 150ից աւելի նման հանդիպումներ ենք ունենում դաշնային, նահանգի, գաւառի, քաղաքի կառավարութեան ներկայացուցիչների, պաշտօնեաների հետ, որի ընթացքում գաղափարներ ենք փոխանակում, մեր Դատն ենք առաջ տանում: Մասնաւորապէս, Քալիֆորնիայի խորհրդարանում ներկայացնում ենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման բանաձեւեր, փորձում հասնել տարբեր մակարդակներում Արցախի անկախութեան ճանաչմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք աշխատում էք նաեւ պետական կառոյցներում ամերիկահայերին հնարաւորինս ներգրաւելու ուղղութեամբ: Այս առումով առաջնային է նաեւ հայկական հարցերին տիրապետող եւ պայքարունակ երիտասարդների պատրաստումը, ովքեր լինելով իրենց գործում արհեստավարժներ, նաեւ առաջ կը տանեն Հայ Դատը: Ինչպիսի՞ ծրագրեր ունէք երիտասարդների համար:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Հայ Դատի յանձնախումբն ունի տարբեր ծրագրեր, որոնց միջոցով փորձում ենք մեր երիտասարդներին սովորեցնել, թէ ինչպէս կարող են մասնակիցը դառնալ քաղաքական-հասարակական գործընթացների: «Հայ Վոթս» ծրագրում, օրինակ մեծամասնութիւն են կազմում աւագ դպրոցների ու քոլեջների ուսանողները: Մենք ունենք նաեւ Վարժողական ծրագիր, որին մասնակցող երիտասարդները մի քանի ամիս հետեւում են մեր գործունէութեանը, մասնակցում են մեր բոլոր ձեռնարկներին, այդ թւում՝ տարբեր պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ բազմապիսի թեմաներով հանդիպումներին են ներկայ լինում, որտեղ մենք բարձրացնում եւ քննարկում ենք տարաբնոյթ հարցեր: Այսպիսով, 17-23 տարեկան երիտասարդները շաբաթը 20 ժամ յատկացնելով մեր ծրագրին՝ ձեռք են բերում անհրաժեշտ փորձառութիւն, որ նրանց օգնում է հասկանալու քաղաքական-հասարակական գործընթացներն ու ակտիւ լինելու կարեւորութիւնը: Մենք նաեւ աջակցում ենք նրանց աշխատանք գտնելու հարցում: Հայ Դատի յանձնախմբի Արհեստավարժների միութիւնը յատուկ ուսուցողական ծրագիր է սկսել, որի նպատակն է օգնել համալսարան ընդունուող կամ աշխատանք փնտռող երիտասարդներին: Մեր մասնագէտները ուղղորդում եւ խորհուրդներ են տալիս, թէ ինչպէս առաւել արդիւնաւէտ գործել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ լայն հանրութեան հետ ինչպէ՞ս էք աշխատում:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Տարբեր քաղաքներում ունենք գրասենեակներ, որտեղ մեր անդամների միջոցով իրականացնում ենք բազմաբնոյթ աշխատանքներ: Հիմնականում կազմակերպում ենք համայնքի համար անհրաժեշտ տեղեկատուական հաւաքներ, հրաւիրում ենք տարբեր ոլորտների մասնագէտների, ընտրուած պաշտօնեաների եւ բարձրաձայնում ենք արդիական խնդիրներ, փորձում տալ պատասխաններ: Նշեմ, որ այս տարի Հայ Դատի յանձնախումբը հաշուի առնելով, որ Գլենդելի բնակչութեան 40 տոկոսը հայ բնակիչներն են՝ համախմբեց համայնքին էլեկտրականութեան եւ ջրի սակագների բարձրացման քաղաքապետարանի նախաձեռնութեան դէմ: Մենք համայնքի հետ իրազեկման աշխատանքներ անցկացնում ենք նաեւ լրատուամիջոցներով՝ հեռուստատեսութեամբ եւ թերթով, մասնաւորապէս՝ «Ասպարէզ»ի միջոցով: Օրինակ, մենք սիրահայերին մեր զօրակցութիւնը յայտնելու նպատակով Գլենդելում անցկացրինք ձեռնարկ-արշաւ, որտեղ մեր անհամաձանութիւնը յայտնեցինք՝ Սիրիայի դէմ ԱՄՆի հնարաւոր յարձակման հարցում: Այս հաւաքին մեզ յաջողուեց համախմբել ամերիկահայ համայնքի զգալի հատուածին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի աշխատանքների հիմնական աշխատանքներից է քարոզչութիւնը, որի շրջանակներում գործունէութիւն է ծաւալւում մի շարք ուղղութիւններով՝ համարժէք պատասխանել թուրք-ադրբեջանական քարոզչամեքենային, որ յաճախ թիւր եւ ստայօդ տեղեկութիւններ է տարածում:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Այո, եւ միաժամանակ, մենք ամերիկեան պետական եւ քաղաքական գործիչներին ներկայացնում ենք մեր պատմութիւնը, մշակոյթը, երկիրն ու մեր ազգային նշանակութեան հարցերը: Այս առումով յատկանշական էր այս տարուայ Սեպտեմբերին Հայ Դատի Արեւմտեան շրջանի, Քալիֆորնիայի խորհրդարանի եւ Լոս Անջելեսի քաղաքապետարանի անդամների այցը Արցախ եւ Հայաստան: Նահանգի օրէնսդիր մարմնի խօսնակ æոն Փերեզի գլխաւորած պատուիրակութեան կազմում էին օրէնսդիրներ Խաչօ Աչաջեանն ու Ադրին Նազարեանը, Չերիլ Բրաունը, Սքոթ Վիլքը, քաղխորհրդի անդամներ Փոլ Գրիգորեանն ու Բոբ Բլումենֆիլդը: Նման կազմով այս ճամփորդութիւնը շատ յաջողուած էր՝ մենք այցելեցինք Ցեղասպանութեան յուշահամալիր, Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային վայրեր, հանդիպումներ ունեցանք խորհրդարանների նախագահների հետ: Հայաստանում, Փերեզը յայտարարեց, որ խորհրդարանի մակարդակով կ՛աշխատի երկկողմ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ: Յատկանշական էին Արցախում մեր պատուիրակութեան հանդիպումները բարձրաստիճան պաշտօնեաների, նախագահ Բակօ Սահակեանի հետ: Քննարկուեցին Արցախի եւ Քալիֆորնիայի միջեւ տարբեր ուղղութիւններով համագործակցութեան հնարաւոր ձեւերն ու միջոցները, տեղեկութիւններ ստացանք Արցախի անվտանգութեան, դիւանագիտական յարաբերութիւնների ներկայ իրավիճակի եւ Ադրբեջանի կողմից շարունակուող ագրեսիայի (յարձակումներու-Խմբ.) մասին: Ամերիկացի օրէնսդիրները խոստացան բարձրաձայնել այս հարցերի մասին ԱՄՆում իրենց գործընկերներին եւ նախագահ Օբամային: Անձամբ ինձ համար անմոռանալի էր պահը, երբ ելոյթով հանդէս եկայ Արցախի խորհրդարանում: Ուշագրաւ էր մի փաստ՝ մեր պատուիրակութեան բոլոր անդամները խնդրեցին իրենց անձնագրում ունենալ Արցախի մուտքի արտօնագրման կնիք՝ անտեսելով իրենց ուղղուած ադրբեջանական սպառնալիքները, որ կնիք ստանալու դէպքում նրանք կը ճանաչուեն «անցանկալի անձ» Ադրբեջանում եւ կը յայտնուեն այդ երկրի սեւ ցուցակում: Նշեմ, որ այս չափազանց յաջողուած այցը Հայ Դատի Արեւմտեան շրջանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան, Քալիֆորնիայի խորհրդարանի եւ Լոս Անջելեսի քաղաքապետարանի համատեղ նախաձեռութիւնն էր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այս տարի անցկացուեց Հայ Դատի յանձնախմբի արդէն երկրորդ «Գրասրութս» խորհրդաժողովը, որ իւրատեսակ ձեւով հանրութեանն է ներկայացնում ձեր աշխատանքների ողջ տրամագիծը: Միաժամանակ, այս ձեռնարկը հարթակ է դառնում համահայկական նշանակութեան հարցերի վերհանման եւ գործողութիւնների ծրագրեր մշակելուն: Ինչպէ՞ս ընթացաւ 2013թ.ի խորհրդաժողովը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի «Գրասրութս» խորհրդաժողովը որոշեցինք անցկացնել երկու տարին մէկ, եւ սա արդէն երկրորդն էր: Նպատակն այն է, որ աշխարհի տարբեր երկրներից հրաւիրելով մասնագէտների՝ քննարկենք Հայ Դատի հետապնդման նոր միջոցներ եւ լուծումներ գտնենք մեր հարցերին: Խորհրդաժողովի երեք օրերի ընթացքում այցելուների թիւը 1400ից անց էր: Եօթ տարբեր բաժիններում մեր 30 խօսնակները ներկայացրեցին իրենց աշխատանքներն ու առաջարկները: Նշեմ, որ բանախօսների թւում էին յայտնի արուեստագէտներ, իրաւաբաններ, պատմաբաններ, լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ («Ասպարէզ» իր էջերով մանրամասն անդրադարձած է «Գրասրութս» խորհրդաժողովին-Խմբ.): Խորհրդաժողովն ամփոփուեց տարբեր երկրների Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչների կողմից, ովքեր համացանցի միջոցով մասնակցեցին մեր ձեռնարկին եւ պատմեցին իրենց երկրների գործունէութեան մասին: Մեզ համար ուրախալի էր, որ խորհրդաժողովի մասնակիցների շարքում մեծ թիւ էին կազմում երիտասարդները: «Ասպարէզ»ի կայքի միջոցով, ուղիղ հեռարձակման շնորհիւ, մեզ հետեւելու հնարաւորութիւն ունէին նաեւ այլ երկրներից մեր հայրենակիցները: «Գրասրութս» 2013ի շրջանակներում անցկացուած Հայ Դատի Արեւմտեան շրջանի տարեկան ձեռնարկի ժամանակ էլ մեծարուեցին մի քանի անհատներ, ովքեր ներդրում են ունեցել համահայկական նշանակութեան հարցերում: Նշեմ, որ ձեռնարկին ներկայ էին համայնքի գրեթէ բոլոր միութիւնների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչները:
Հայ Դատի յանձնախմբի գործունէութիւնը հնարաւոր է դառնում հայրենասէր նուիրեալների շնորհիւ, ովքեր գործում են կամաւոր հիմունքով՝ համախմբուելով վեհ գաղափարի շուրջ: Սակայն այս դէպքում եւս անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս կարող է համայնքը օգտակար լինել կազմակերպութեանը:
ՆՈՐԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Մեր աշխատանքներն ուղղուած են ի նպաստ ողջ հայութեանը եւ ոչ մէկ կազմակերպութեան կամ հատուածների շահերին՝ թէ՛ Սփիւռքում, թէ՛ Հայաստանում: Մեր աշխատանքի համար անհրաժեշտ նիւթական միջոցները ստացւում են նուիրատուութիւնների միջոցով: Հայ Դատի յանձնախմբի տարեկան ձեռնարկը ամենամեծ շահոյթն է ապահովում: Մեզ աջակցել ցանկացողները կարող են ուղղակիօրէն նուիրատուութիւն անել մեր տարբեր մասնաճիւղերին, նաեւ՝ մասնակցել կազմակերպութեան աշխատանքներին: Մեր գործում տարիքային սահմանափակումներ չկան, եւ մեր գրասենեակների դռները բաց են հայկական հարցերի ջատագով իւրաքանչիւր հայի համար:
Կոչ եմ ուղղում մեր բոլոր հայրենակիցներին, որ գան, մասնակցեն Հայ Դատի աշխատանքներին: Համախմբուած լինելու դէպքում մենք կը յաջողենք շատ հարցերում, քանզի մեր ուժը նաեւ մեր քանակի մէջ է:
Զրոյցը վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ