(tert.am) ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գտնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը` ուղղված Թուրքիայի Նախագահ Էրդողանի հրավերին, համարժեք էր:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի Նախագահը ՀՀ Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի (նույն Չանաքքալեի ճակատամարտը-Tert.am) ճակատամարտի 100-ամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել:
«Լավ էր, որ պատասխան նամակում ներկայացվում էր Թուրքիայի քաղաքականությունը և լավ էր, որ մեր Նախագահը հիշեցնում էր, որ Թուրքիայի Նախագահն արդեն Հայաստան գալու հրավեր ունի»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նա բնական համարեց, որ Թուրքիան տարբեր հնարքներով փորձելու է հանդես գալ մինչև ապրիլի 24-ը, և մենք պետք է պատրաստ լինենք բոլոր հավանական քայլերին և բոլորին էլ` համարժեք պատասխանենք: «Պարզ է, որ Թուրքիան սա անում է, որովհետև բավական վատ կացության մեջ է հայտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով: Սա ոչ թե իրենց կողմից նախահարձակ քայլ է, այլ՝ հակազդեցություն, ոչ միայն Հայաստան պետության, այլ հայ ժողովրդի կողմից արդեն նախատեսված և արդեն որոշ չափով ընթացքի մեջ գտնվող միջոցառումներին և քայլերին, ինչի ուղղությամբ իրենք անհանգստացած են»,- ասաց նա:
Հարցին, թե Ձեր կարծիքով կհաջողվի Թուրքիային ապրիլի 24-ին շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցից, Կիրո Մանոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ճիշտ հակառակը` Թուրքիան իր այս քայլով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց հենց Ցեղասպանության տարելիցի՝ ապրիլի 24-ի վրա, որովհետև Թուրքիայի նպատակը շատ բացահայտ էր»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի իշխանության կողմից Սերժ Սարգսյանի նամակն անարձագանք թողնելուն, ապա Կիրո Մանոյանն ասաց, որ դա բնորոշ է Թուրքիայի քաղաքականությանը` հիշեցնելով, որ իրենք նաև անտեսեցին Հայաստան գալու Նախագահի հրավերը: «Սա իրենց քաղաքականությունն է և նոր չէ, երբ ինչ-որ հարցի վերաբերյալ իրենք լուրջ տեքստ չեն կարող ներկայացնել ու փորձում են անտեսել»,- ասաց նա:
Կիրո Մանոյանը հիշեցրեց նաև, որ նույնը եղավ 2005 թվականին, երբ որ Թուրքիան ապրիլի 24-ից մի քանի օր առաջ Հայաստանին առաջարկել էր կազմել պատմաբանների հանձնաժողով: «Այն ժամանակվա Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր` ասելով, որ մեր երկու երկրների միջև հարցերն այնքան մեծ են, որ պատմաբանների ուսերին պետք չէ թողնել և եկեք սկսենք նախ միջպետական հարաբերություններից: Թուրքիան երեք տարի անընդմեջ` մինչև ՀՀ նախագահի կողմից ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնությունը, ժխտում էր, որ Հայաստանը պատասխանել է իրենց: Նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը բացահայտ սուտ էին խոսում` ասելով, թե իրենց դիմումին չենք արձագանքել»,- ասաց նա և նշեց, որ դա իրենց վարքագիծն է: «Երբ իրենք չեն կարողանում ի նպաստ իրենց արձագանքել, փորձում են անտեսել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ըստ նրա, ի վերջո, Թուրքիայից որևէ մեկը կգա Հայաստան ապրիլի 24-ին, նա ասաց, որ պետք չէ բացառել, սակայն Թուրքիայի այս քայլից հետ հավանականությունն ավելի քիչ է: