(ԱՊԱՌԱԺ) ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նոյեմբերի 20-21-ը մասնակցել է Թեհրանում կայացած <<Հայ Դատն այսօր>> խորագրով խորհրդաժողովին:
Թվով 11 զեկուցաբերներ, հրավիրված Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, ինչպես նաեւ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատուն մանրամասն անդրադարձան Հայ Դատի իրականացման ճանապարհին առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարման ելքերին ու հնարավորութուններին, որոնք գոյութուն ունեն աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում:
Խորհրդաժողովը բաղկացած էր երկու մասից. առաջին մասը Պարսկաստանի Իսլամական հանրապետության ներկայացուցիչներ հետ համատեղ էր:
Հայ Դատի Պարսկաստանի հանձնախմբի հրավերով` խորհրդաժողովին ներկա էին Պարսկաստանի մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռազմավարական հետազոտությունների համապատասխան ինստիտուտների ներկայացուցիչներ, դիվանագետներ, քաղաքական դեմքեր, որոնք բավականին լուրջ պաշտոններ են զբաղեցնում:
Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր երեւան հանել հայկական եւ պարսկական կողմի տեսակետները Կովկասում կատարված եւ կատարվող գործընթացների վերաբերյալ:
Ինչպես նշեց Դավիթ Իշխանյանը aparaj.am-ի հետ զրույցում, պարսկական կողմը շատ բաց, անկաշկանդ եւ յուրահատուկ տեսակետներով է ներկայացել խորհրդաժողովին, երբեմն մեր շահերից չբխող, երբեմն էլ՝ բխող տեսակետներով:
‹‹Ակնհայտ էր այն քաղաքական գիծը, որ ներկա գտնվողները կարծես թե ոչ բավարար են համարում Իրանի կողմից վարվող քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն, ըստ նրանց, Հայաստանի նկատմամբ ավելի խորը, բարեկամական եւ ավելի գործնական հարաբերություններ պետք է կառուցվի, եւ այդ հարաբերությունների մեջ պետք է Հայաստանին ընդունեն որպես իրական բարեկամի, հավատարիմ հարեւանի եւ դաշնակից երկրի, մինչդեռ, ըստ նրանց ,երբեմն Հայաստանի նկատմամբ նկատելի է Պարսկաստանի վեկտորի փոփոխություն դեպի Ադրբեջան, երբեմն՝ դեպի Ռուսաստան,››- նշեց նա:
Ինչ վերաբերում է Պարսկաստանի դերակատարությանը Ղարաբաղյան հարցում, պարսկական կողմը անհանգիստ է՝ հատկապես նկատի առնելով նրա դուրս մղումը Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացից:
Իրանական կողմի զեկուցաբերների ելույթներում դժգոհություն կար նաեւ Իրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ վարվող քաղաքականությունից, հատկապես վերջերս նախագահ Ռոհանիի կողմից կատարված մի քանի նախաձեռնություններից:
Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցչի ելույթը Հայ Դատի համար տարվող պայքարի գործընթացում Արցախի դերի ու նշանակության մասին էր:
Դավիթ Իշխանյանն իր ելույթում նշեց, որ Արցախի Դատը Հայ Դատի բաղկացուցիչ մաս է եւ հողային պահանջատիրության առումով՝ առաջին շոշափելի հաջողությունը: Արցախի դերը եւ նշանակությունը, Արցախը Հայաստանին դե ֆակտո վերամիավորման փաստը հաստատում է, որ Հայ Դատի պահանջատիրական պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում հաջողություններ արձանագրելն իրատեսական է:
Անդրադառնալով տարածքների ընդլայման հարցին՝ նա նշեց, որ Սեւվրի պայմանագրով Հայաստան ունենալու ակնկալիքը վերջին 90 տարիների ընթացքում փոքր- ինչ շոշափելի դարձավ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի արդյոնքում: Այստեղ կարեւոր էր համահայկական ուժերի միավորումը եւ մեկ միասնական ճակատով գործելու անհրաժեշտությունը:
‹‹Արցախի գաղափարի շուրջ խամախմբվելով՝ հայությունը կարողացավ անկախ կրոնական քաղաքական, մշակութային տարբեր հայացքներից եւ պատկանելիությունից, կենտրոնանալ մեկ միասնական գաղափարի շուրջ, դա էլ եղավ մեր հաջողության գրավականը ››,- ասաց նա:
Նա նշեց, որ Արցախյան պայքարը լուրջ հարված հասցրեց պանթուրքական գաղափարներին եւ դրանց գործնական նկրտումներին, իսկ դրա մեջ մեր կողմից սեպ խրելու շատ կարեւոր հանգամանք էր Պարսկաստանի հետ 115 կմ նոր սահմանի հաստատումը: Չպետք է մոռանանք, որ տասնամյակներ շարունակ այդ սահմանը Թուրքիան փորձում է ուղղակիորեն դարձնել իրենը եւ դարձնել Թուրքիա –Ադրբեջան- Միջին Ասիա կապող կարեւոր գիծ:
Դավիթ Իշխանյանը Թեհրանում նաեւ մասնակցեց ՀՅԴ 124 -ամյակի տոնակատարությանը, ինչպես նաեւ Արցախի ներկա կացության մասին զեկույցով հանդես եկավ հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ: