(panorama.am) Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, Panorama.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը նշեց, որ Իլհամ Ալիևի ելույթը պարզապես հեռու է առողջ բանականությունից:
Հիշեցնենք, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը կրկին հակահայկական հայտարարություններով է հանդես եկել: Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների հարցերին նա պատասխանել է կոպիտ տոնով և մեղադրել մարդու իրավունքների ոտնահարման մեջ եվրոպական ժողովրդավարական պետություններին:
«Հասկանալի է, որ խոսքի ազատություն է, ով ինչ ուզում է՝ կարող է ասել, սակայն եթե որևէ երկրի նախագահ այս ձևով ու ոճով է խոսում նման ատյանում, եթե մարդն այդքան սուտ խոսելու համարձակություն ունի և խոսքի ազատության անվան տակ Եվրոպայի խորհրդում հանդուրժվում է դա, սկսում եմ մտածել, թե արդյոք այդ ատյանում մենք պետք է մնանք, թե ոչ: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է խոսել նման մարդու հետ»,- ասաց Կիրո Մանոյանը:
Վերջինիս համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահի յուրաքանչյուր ասածի հայատյաց էությունը հստակ պետք է ներկայացվի միջազգային հանրությանը, և չպետք է մտածել, որ այլոք խնդիրները պատկերացնում են այնպես, ինչպես մենք:
«Ալիևն ասում է, թե Հայաստանի նախագահն ասել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական է: Այսինքն՝ այդ նույն դահլիճում Հայաստանի նախագահի ասածն այդքան գլխիվայր ներկայացնելը, էլ չեմ ասում նրա հայտարարությունը, թե այսօրվա Հայաստանը հին ադրբեջանական տարածք է, զարմանալի է ուղղակի: Այդ մարդը մի քիչ էլ որ շարժվի, ուղղակի պետք է կապել-տանել՝ որպես գլուխը կորցրած մարդ, որ կարող է վտանգ ներկայացնել աշխարհի համար»,- շեշտեց Կիրո Մանոյանը: