Օտարերկրեայ դեսպանութիւնների մասնակցութեամբ՝ ՄԱԿ-ի Ցեղասպանութիւնների կանխման ու պատժի ենթարկման կոնւենցիայի 65-ամեակը՝ Հայ ակումբի սրահում

«ԱԼԻՔ», Կ. Դաւթեան – Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան եւ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն՝ «ՀՈՒՍԿ»-ի համատեղ նախաձեռնութեամբ՝ երէկ երեկոյեան Հայ ակումբի սրահում կազմակերպւել էր միջոցառում՝ նւիրւած ՄԱԿ-ի՝ Ոճրագործութիւնների ու Ցեղասպանութիւնների կանխման ու պատժի ենթարկման կոնւենցիայի 65-ամեակին:

Genocide-Hoosk-2013
Միջոցառման սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ուղղեց Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը: Դեսպանը կարեւորութեամբ անդրադարձաւ յիշեալ կոնւենցիայի հաստատման անհրաժեշտութեանը եւ ընդգծեց, որ դրա հաստատման գործում անժխտելի դեր է ունեցել իրաւաբան Լեմքինը, որը առաջին անգամը լինելով օգտագործել եւ շրջանառութեան մէջ է դրել ցեղասպանութիւն բառը:

Դեսպանն անդրադարձաւ այն խնդրին, որ Հայոց Ցեղասպանութիւնը, հիմնաւոր փաստարկ է հանդիսացել՝ Լեմքինի կողմից յիշեալ կոնւենցիայի մշակման գործում, քանզի Լեմքինը բազմիցս էր նշել, որ Հայոց Ցեղասպանութեան փաստն էր հիմք հանդիսացել իր համար, որպէսզի ձեւակերպւի Ցեղասպանութեան բառը եւ այն ներառի կոնւենցիայի մէջ՝ որպէս իրաւական տերմին:

Ձախից՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեան, Շաւարշ Քոչարեան, Սեւան Պետրոսեան, Գրիգոր Առաքելեան
Ձախից՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեան, Շաւարշ Քոչարեան, Սեւան Պետրոսեան, Գրիգոր Առաքելեան

Օրւայ բանախօս Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի քաղաքական բաժնի անդամ, իրաւագէտ Սեւան Պետրոսեանը, համապարփակ ներկայացրեց Ցեղասպանութեան կոնւենցիայի նախապատմութիւնը եւ անդրադարձաւ Լեմքինի աշխատանքին, թէ ինչպէս է Ցեղասպանութիւնը, որպէս իրաւական տերմին օգտագործել, որը կիրառւում է թէ՛ խաղաղութեան, եւ թէ՛ պատերազմական պայմաններում: Բանախօսը անդրադարձաւ նաեւ կոնւենցիայի կարեւոր յօդւածներին եւ նշեց, որ թէեւ կոնւենցիան հաստատւել է Հայոց Ցեղասպանութիւնից տարիներ անց, սակայն դա կարելի է կիրառել նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտելու հարցով, քանզի նոյնը կատարւեց գերմանացիների կողմից հրեաների պարագայում:

Օրւայ առիթով ելոյթ ունեցաւ նաեւ՝ պաշտօնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետութեան արտգործնախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը: Նա իր գնահատանքի խօսքն ուղղելով Իրանում ՀՀ դեսպանութեանը եւ իրանահայ համայնքին կազմակերպած միջոցառման համար, ասաց. «Ցեղասպանութիւնը իւրաքանչիւր հայի ցաւն է եւ Օսմանեան կայսրութեան ժամանակ կատարւած Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պարտաւորեցնող հանգամանք է մարդկութեան համար, որպէսզի նման ոճրագործութիւն այլեւս չկրկնւի»: Նա աւելացրեց, որ եթէ Թուրքիայի ներկայ իշխանութիւններն ընդունեն Հայոց Ցեղասպանութիւնը՝ կը հաստատեն, որ դա եղել է պետական քաղաքականութիւն, որով եւ թուրք ժողովուրդը կազատւի ցեղասպանի պիտակից (Գրիգոր Ղազարեանի անգլերէնի թարգմանութեամբ):

Միջոցառման աւարտին ներկաներին խօսք ուղղեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը անդրադառնալով կոնւենցիայի կարեւորութեանը, ցաւով նշեց այն հանգամանքը, որ այդ կոնւենցիան ՄԱԿ-ի կողմից մարդկային իրաւունքների յարգման առումով կարեւորագոյններից է, որը սակայն յաճախ չի կիրառւում, քանզի այսօր եւս աշխարհում ականատես ենք նմանօրինակ վայրագութիւնների:

Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական կատարումներով, ուր Կոմիտասի ստեղծագործութիւնների կատարումներով հանդէս եկան՝ Թենի եւ Թեմա Յակոբեանները եւ Յասմիկ Կարապետեանը: Օրւայ հաղորդավարն էր Անահիտ Աւետեանը:

Միջոցառմանը ներկայ էին Իրանում հաւատարմագրւած տարբեր երկրների դեսպաններ եւ դեսպանութիւնների ներկայացուցիչներ, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Թեմակալ առաջնորդի փոխանորդ՝ Տ. Մակար ծ. վրդ. Աշգարեանը եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ: