Մոսկվայի Հայ Դատի գրասենյակը իր խորը մտահոգությունն է հայտնում և խստորեն դատապարտում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի կողմից ԵԱՀԿ Մինսկի կառույցի պաշտոնական լուծարման որոշումը՝ ընդունելով այն որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն ոտնահարում։ Այն անտեսում է Ադրբեջանի կողմից հայրենազրկման և ցեղասպանության ենթարկված հազարավոր հայերի հիմնարար իրավունքներն ու հնարավորություն է տալիս Բաքվին սպառնալիքի և ուժի կիրառման միջոցով շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը։ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը ավելի քան երեք տասնամյակ հանդիսացել է միակ միջազգային միջնորդական ձևաչափը՝ երաշխավորելով տարածաշրջանային անվտանգությունն ու առաջ մղելով հակամարտության խաղաղ, արդար և կայուն կարգավորումը։
Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկյան կառույցների լուծարման համատեղ կոչը արդյունք էր հայկական կողմի վրա գործադրված շանտաժի ու սպառնալիքի, և համաձայն միջազգային իրավունքի, այն չէր կարող համարվել լեգիտիմ պահանջ։ Բռնի տեղահանված և հայրենազրկված արցախահայերն ունեն անքակտելի իրավունքներ, և միջազգային հանրությունը պարտավոր է հաշվի առնել և ապահովել այդ իրավունքների անխափան իրացումը, նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները սպառնալիքի, շահադիտական կամ քաղաքական այլ նկատառումներով այսօր անտեսում են այդ իրավունքները։ Միջազգային հանրության այս լռությունն ու հանդուրժողականությունը թչ միայն չեն մոտեցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլև հիմքեր են ստեղծում նոր, ավելի ծավալուն և երկարատև հակամարտության, քանզի անարդարացիորեն անտեսվում են կողմերից մեկի՝ Արցախի բնիկ ժողովրդի բոլոր շահերն ու իրավունքները։
Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը կոչ է անում ԵԱՀԿ-ին և նրա անդամ պետություններին, այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի Դաշնությանը, ԱՄն-ին և Ֆրանսիաային վերանայել իրենց որոշումը, հարգել Արցախի ժողովրդի անբեկանելի իրավունքներն ու թույլ չտալ, որ Արցախում էթնիկ զտումներ իրականացրած Ադրբեջանը շարունակի իր ցեղասպան քաղաքականությունը։ Առանց միջազգային միջնորդական ձևաչափի և անվտանգության գործուն երաշխիքների հնարավոր չէ հասնել Արցախյան հակամարտության կայուն կարգավորման։ Այդ ձևաչափի անգործությունն էր, որ պատերազմից հետո առիթ տվեց Ադրբեջանին բնաջնջման սպառնալիքի տակ հայրենազրկել Արցախի բնիկ ժողովրդին։ Այդ ձևաչափի վերացումը կխրախուսի Ադրբեջանին շարունակելու իր ցեղասպանական քաղաքականությունը՝ զուգահեռաբար վերացնելով հայերի հետքը հայկական Արցախից։
Ըստ այդմ, կոչ ենք անում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ ավելի գործուն երաշխիքներով և գործիքակազմով ապահովելու համար Արցախից բռնի հայրենազրկված հայերի վերադարձի իրավունքը, Բաքվում ապօրինի պահվող անձանց՝ գերիների և ռազմաքաղաքական ղեկավարների
ազատության իրավունքը, պատմամշակութային ժառանգության պահպանության իրավունքը և արցախահայերի ինքնորոշման իրավունքը։ Այս ձևաչափի վերականգնումն ու լիարժեք գործունեությունը միակ նախապայմանն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության ապահովման համար։
Երեսունչորս տարի առաջ այս օրը, սեպտեմբերի 2-ին, Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի և ԽՍՀՄ Սահմանադրությամբ սահմանված կարգով որոշում կայացրեց անջատվել ԽՍՀՄ-ից և ընտրել անկախության ճանապարհը։ Այսօր այդ ժողովուրդը աշխարհից ակնկալում է հարգել ինքնորոշման իր իրավունքն ու վերադարձնել բռնի զտումների և ցեղասպանության արդյունքում իրենից խլված հայրենիքը։
Մոսկվա, 02 սեպտեմբերի 2025 թվական