Հայ դատի համակարգում գործող, Վաշինգտոնում տեղակայված Հայկական իրավական կենտրոնի և Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համագործակցության արդյունքում հրապարակվել են խիստ հրատապություն ունեցող երկու զեկույցներ՝ վերնագրված ՝ «Պայքար արժանապատիվ սգի և հուղարկավորության համար» և «23 անհետ կորած Բերքազորի բենզինի պահեստի պայթյունից հետո»։
Առաջին զեկույցով արձանագրվում է, որ «2023թ․ սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման արարողությունները իրականացվել են ոչ պատշաճ ձևով։ Հանգուցյալների հարազատները ստիպված են եղել իրենց սիրելիների մարմինները հուղարկավորել եղբայրական, զանգվածային գերեզմաններում, նույնիսկ սեփական տների բակերում։ Իսկ ժամանակավոր թաղման վայրերը չեն կարող հանդիսանալ որպես գերեզմաններ։ Հաշվի առնելով հայերի գերազմանները պղծելու Ադրբեջանի վաղեմի պրակտիկան՝ հանգուցյալների աճյունները ոչնչացման վտանգի առաջ են կանգնած։ Նման պղծումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, եթե արդեն տեղի չի ունեցել։ Արցախում Ադրբեջանի կողմից պղծված գերեզմանների արբանյակային լուսանկարները կից տեղեկություններով փաստագրվել են Caucasus Heritage Watch-ի (CHW) կողմից։ CHW-ի համապատասխան զեկույցներից տեղեկանում ենք, որ ավիրվել է 5 գերազմանոց, 5-ը՝ վնասվել են, իսկ 4-ը համարվում են վտանգված:
Հանգուցյալներից 21-ը սպանվել են մարտական գործողությունների ժամանակ, 2 մարդ սպանվել է անօդաչու թռչող սարքի, հրետանու կամ բեկորային վնասվածքի հետևանքով: Դեպքերից 3-ը եղել են քաղաքացիական անձանց մահվան դեպքեր, այդ թվում՝ 9-ամյա մի տղա, որը զոհվել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության վրա օդային հարձակումների հետևանքով։ Զոհվածների ժամանակավոր թաղման արարողությունները կազմակերպել են ընտանիքի անդամները՝ արտակարգ հրատապության պայմաններում։ 46 հանգուցյալները թաղված են Ստեփանակերտի զինվորական պանթեոնում, Ճարտարի, Մարտունու, Ներքին Հոռաթաղի, Խնապատի, Արմենավանի, Վանք գյուղի, Գիշիի, Մուշկապատի, Կոլխոզաշենի և Խնձրիստանի գերեզմանատներում։ Թաղման վայրերի ճնշող մեծամասնության ճշգրիտ կոորդինատները տրամադրել են հանգուցյալների ընտանիքների անդամները։ Այդ տվյալները ստուգվել և գծագրվել են Google map-ի վրա։ Այն ներկայացված է զեկույցում։
Բռնի տեղահանության հանգամանքով պայմանավորված ընտանիքները չեն կարողացել պատշաճ կերպով կազմակերպել կամ մասնակցել իրենց հարազատների թաղման արարողություններին և ծեսերին, որոնք կրոնական տեսանկյունից մեծ կարևորություն ունեն»։
Երկրորդ զեկույցն անդրադառնում է Բերքազորի բենզինի պահեստի պայթյունից հետո անհետ կորած համարվող 23 անձանց։ «Ադրբեջանը միջադեպի առնչությամբ որևէ քննչական գործողություն չի ձեռնարկել և պայթյունի հետևանքով անհետ կորած հայերի պատշաճ որոնում չի իրականացրել: Հետաքննություն չանցկացնելով Ադրբեջանն անտեսել է իր իրավական պարտավորությունները։ Պայթյունին նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ է թույլ տվել․ շրջափակում, համատարած խուճապ, վառելիքի սակավ մատակարարում և պատերազմ: Եվ այդ խախտումների շարունակականությունն է հանգեցրել սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունին։
Ադրբեջանն ունի Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական վերահսկողություն, մուտք պայթյունի վայր, ինչպես նաև անհետ կորած անձանց ԴՆԹ հետազոտության համար նախատեսված նմուշները ստանալու հնարավորություն։ Չձեռնարկելով համապատասխան միջոցներ անհետ կորածների որոնման և նրանց մասին տեղեկությունների տրամադրման առնչությամբ՝ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը՝ զրկելով ընտանիքներին իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի մասին իմանալու իրավունքից: Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հասանելի բոլոր տեղեկությունները։
Հրապարակված զեկույցով փաստագրել է պայթյունի հետևանքով անհետ կորածների պատմությունները, որոնք կուղարկվեն միջազգային կառույցներին։ Այն նպատակ ունի ապահովել միջազգային ճնշում, որպեսզի Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները և աշխատանքներ իրականացնի պայթյունի հետևանքով անհետ կորած 23 անձանց հայտնաբերման համար։
Այս զեկույցը միասնական տեղեկատվական ռեսուրս է, որը ստուգված տվյալներ է տրամադրում անհետ կորածների կյանքի և պայթյունի պահին նրանց հետ կապված այլ հանգամանքների մասին։ Զեկույցով կոչ է արվում Ադրբեջանին տրամադրել բոլոր հասանելի տեղեկությունները պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց մասին՝ նրանց հայտնաբերելու աշխատանքներին օգնելու համար։ Նման տեղեկատվությունը թաքցնելով Ադրբեջանը խոչընդոտում է որոնողական աշխատանքների բնականոն ընթացքը՝ անտեսելով միջազգային իրավունքը և երկարացնում է ընտանիքների տառապանքը, որոնք իրավունք ունեն առնվազն տեղյակ լինելու իրենց հարազատների ճակատագրերի մասին»։
Զեկույցները հասանելի են հետևյալ հղումներով՝
https://iclaw.am/upload/publication-documents/67af1813f0ad1.pdf
https://iclaw.am/upload/publication-documents/678f753a313a2.pdf
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
14 մարտ 2025թ․