Ադրբեջանի զայրույթը զարմանալի չէ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Հայ Դատի Նիդերլանդների հանձնախմբի պատասխանատու Սարինե Աբրահամյանն՝ անդրադառնալով Նիդերլանդների ուղղված Բաքվի հիստերիային։
Նշենք, որ Նիդերլանդների կառավարության կայքում հրապարակված արտաքին քաղաքական ծրագրում Արցախը ներկայացվել է որպես Ադրբեջանի կողմից գրավված և օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը։ «Լեռնային Ղարաբաղի գրավումը Ադրբեջանի կողմից» արտահայտությունն էլ առաջացրել է պաշտոնական Բաքվի զայրույթը:
«Ադրբեջանի զայրույթը և ԱԳ նախարարության մակարդակով արձագանքն այս փաստաթղթում տեղ գտած ձևակերպումների վերաբերյալ զարմանալի չէ: Խոսքը վերաբերում է Նիդերլանդների կառավարության համաձայնագրին, որ իրականում նորընտիր կառավարության ծրագիրն է: Իսկապես աննախադեպ է, որ միջազգային քաղաքական մի դեպքի առանձնահատուկ ուշադրություն է դարձվում: Դա ինքնին խոսում է այս հարցի նշանակության մասին»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
Աբրահամյանի համոզմամբ՝ Նիդերլանդների այս քայլը կարևոր մեկնակետ է և Հայաստանի համար, և Հայ Դատի հանձնախմբի համար:
«Օգտագործել «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավում» արտահայտությունը, նշանակում է , որ Նիդերլանդներն այս երևույթը հենց այդպես էլ գնահատում է: Այս փաստաթղթում տեղ են գտել նորընտիր կառավարության ամբողջ մանդատի ծրագիրն և արտաքին ու ներքին կարևոր հարցերի շուրջ դիրքորոշումը: Դժվար է ասել՝ կոնկրետ ինչ կարելի է ակնկալել, բայց այն, որ այսօրվա օկուպացված Արցախը Նիդերլանդների կողմից գնահատվում է որպես Ադրբեջանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղ, մեզ համար ու Հայ Դատի հանձնախմբի համար կարևոր մեկնակետ է, որի վրա պետք է հիմնվել ու Նիդերլանդների կառավարությանը հաշվետու պահել»,- եզրափակել է Սարինե Աբրահամյանը:
Նիդերլանդների այս քայլը կարևոր մեկնակետ է. Սարինե Աբրահամյան – Alphanews