«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ԵՄ ղեկավարությանը կոչ է անում աջակցել արցախահայության հավաքական ապրելու իրավունքին

Հայաստանի Հանրապպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նամակով դիմել է Եվրոպական միության ղեկավարությանը՝ բարձրացնելով Արցախից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։

Նամակում մասնավորապես ասվում է. «Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դիմում ենք ԵՄ ղեկավարությանը՝ ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) բնակարանային արժանապատիվ պայմաններով ապահովման համար՝ մինչև պաշտպանության միջազգային մեխանիզմների երաշխավորումը, որոնցով հնարավոր կլինի ապահովել նրանց հավաքական վերադարձն Արցախ: Զուգահեռներ տանելով 1988թ․ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած միջազգային բնակարանաշինական նախագծերի հետ, հարթակը նաև հուշում է, որ նմանատիպ նախաձեռնությունները կարող են միջնաժամկետ լուծում տալ՝ կանխելով հազարամյա մշակույթի ոչնչացումը:

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակն ընդգծում է Եվրոպական միության դերը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական միջնորդ, երբ 2021 թ․ բանակցային գործընթացն առաջնորդում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նամակում ասվում է, որ թեև ԵՄ-ն շարունակաբար ընդունում էր Արցախի հայության մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ ԵՄ ղեկավարությունը հաճախ շեշտում էր Արցախահայության «ինտեգրման» կարևորությունը Ադրբեջանում և հանդես էր գալիս դրա օգտին, նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շրջափակման և սովամահության էր ենթարկում  նրանց և իրականացնում էր ռազմական ագրեսիա։ Հարթակը հղում է անում Եվրոպական խորհրդարանի  2023 թ․ հոկտեմբերի 5-ի բանաձևին, որն արտահայտում է «խորը դժգոհություն այն փաստի առնչությամբ, որ Եվրախորհրդարանի ահազանգերը Արցախի իրավիճակի և աղետալի հետևանքների ռիսկերի վերաբերյալ անտեսվել են Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի կողմից: Նամակի հեղինակները շեշտում են, որ անպատժելիությունը միայն քաջալերեց Ադրբեջանի հետագա կործանարար քաղաքականությունը։

Նամակում նաև շեշտվում է․ «եթե ռուս խաղաղապահների անգործությունը թույլ տվեց Ադրբեջանին իրականացնել իր զազրելի հանցագործությունը, այնուամենայնիվ ԵՄ-ն նույնպես կրում է պատասխանատվության իր բաժինը վերը նշված պատճառներով։ Խոսքը չի վերաբերում Եվրոպական խորհրդարանին, որը պատվով կատարեց դերը որպես ժողովրդավարության պալատ և շարունակաբար անաչառ դիրքորոշում էր ցուցաբերում իրավիճակի վերաբերյալ»:

Էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր բռնի տեղահանված հայեր ապաստան են գտել ՀՀ-ում։ Թեև Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրել նրանց կարճաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ, բայց և այնպես դրանք բավարար չեն արժանապատիվ կյանք ապահովելու համար: «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը երախտագիտությամբ է ընդունում ԵՄ կողմից մարդասիրական օգնության հատկացումը Արցախից բռնի տեղահանված հայերին աջակցելու համար։ Այնուամենայնիվ, այդ մարդասիրական օգնությունը լուծում է միայն կարճաժամկետ կարիքները: Փաստացի, արդեն մի քանի հազար Արցախահայեր արդեն լքել են Հայաստանի Հանրապետությունը և չեն վերադարձել։ Սա իրական աղետ է։ Եթե ​​իրավիճակը շարունակվի, ժամանակի ընթացքում Արցախահայության ուրույն մշակույթը և բարբառները կվերանան։

Հիշյալ նամակն ուղղված է Եվրոպական միության ղեկավարությանը` մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվիեր Վարհելիին, ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամերի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Նամակը հասցեագրվելու է նաև ԵՄ անդամ-պետությունների կառավարություններին, մասնավորապես այն երկրների կառավարություններին, որտեղ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ներկայացուցչական մարմին ունի։


Ծանոթագրություն: 2020 թ․ սեպտեմբերից Արցախի նկատմամբ Ադրբեջանի կործանարար քաղաքականությունը հանգեցրել է 150․000 տեղաբնիկ հայության բռնի տեղահանմանը իրենց հայրենիքից։ Օգտագործելով այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են լայնամասշտաբ պատերազմը, շրջափակումը, սովը և հոգեբանական ահաբեկումը՝ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել հայ բնակչության նկատմամբ։ Կատարվածը արժանացել է դատապարտման, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից:

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ է, որը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց հասցեագրված նամակ էր՝ արցախահայությանն աջակցելու հորդորով, որը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական  կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանը, միաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնություն
04 ապրիլ 2024թ․