Հայ դատի կենտրոնական գրասենյակ
Ս.թ. փետրվարի 24-25-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը` Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության կենտրոնատեղիում։ Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն քաղաքական այս կազմակերպությանը ՀՅ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից։ ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է խորհրդի և նախագահության նիստերին և ընտրվել ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի անդամ։ Սոցինտերնի նախագահ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կազմակերպության նախագահության և խորհրդի նիստերի բացման ելույթներում ակնարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ։
Սոցինտերնի նախագահության և խորհրդի նիստերին Մարիո Նալբանդյանը ներկայացրել է Ադրբեջանի ցեղասպանական քայլերով Արցախի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված բռնության քայլերը, սպառնալիքներն ու պահանջները։ Սոցինտերնի խորհուրդը որդեգրել է Արցախի հարցով բանաձև, որտեղ, ի թիվս այլնի, ասվում է. «Մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական քաղաքական կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների լիարժեք իրացումը՝ ապահովել ժողովրդի հավաքական, անկաշկանդ և անվտանգ վերադարձը հայրենիք։ Լեռնային Ղարաբաղի համար միջազգային նորմերով երաշխավորված միջանկյալ կարգավիճակ ապահովել՝ երաշխավորելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների ամբողջ ծավալը, տրամադրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության արդյունավետ երաշխիքներ, ինչպես նաև Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապ»։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում, մարտի 13-ին, կայացել է «Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում` ավելի քան մեկ տասնյակ կոնգրեսականների, փորձագետների, Կոնգրեսի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների և լրատվամիջոցների ներգրավածությամբ։ Մասնավարապես, ուշագրավ ելույթներով են հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, միջազգային իրավունքի փորձագետ և վերջերս ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Գառնիկ Քերքոնյանը, վերջերս Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին միացած, իսկ նախկինում Հայ դատի Արցախի հանձնախմբի աշխատակից Գև Իսկաջյանը։
Կոնգրեսականներից ելույթ են ունեցել սենատոր Էդ Մըրքին, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, Կոնգրեսի ՆՓ անդամներ Գաբե Ամոն, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Սեթ Մագազիները և Բրադ Շնայդերը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործընկեր համայնքային կազկակերպություններից քննարկմանը ներկա էին «Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդ» և «Քրիստոնյաների պաշտպանություն» կազմարեպությունների ներկայացուցիչները։ Քննարկման մոդերատորն էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Կոնգրեսի առաջնորդներին կոչ է արել հրապարակայնորեն ճնշում գործադրել Բայդենի վարչակազմի վրա, որպեսզի վերջինս անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Արցախում ցեղասպան գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և արցախահայության անվտանգ և ապահով վերադարձի իրավունքն ուժով պաշտպանելու ուղղությամբ։
Մարտի 21-ին Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը, զույգ պալատների արտաքին հարցերի, ռազմական ծառայությունների և հատկացումների հանձնաժողովների նախագահներին հասցեագրված նամակով՝ Համբարյանը խիստ հանդիմանել է Բայդենի վարչակազմի ձախողումն Ադրբեջանի կողմից Արցախի հայերի ցեղասպանությունը կանխելու և բռնապետական վարչակարգին իր ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու գործում։ Համբարյանը նկատել է՝ վարչակազմը շարունակապես հրաժարվում է ականջալուր լինել տասնյակ օրենսդիրների կոչերին, բարձրաձայնված մի շարք նամակներում և բանաձևերում, որտեղ կոչ է արվում անհապաղ արձագանքել անցյալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, ինչի հետևանքով տարածաշրջանի 120․000 հայերը 10 ամսով զրկվեցին սննդի, վառելիքի, դեղորայքի և մարդասիրական ապրանքների հասանելիությունից: Համբարյանը հայտարարել է՝ Բայդենի վարչակազմը «ոչ միայն չկարողացավ կաշկանդել Ադրբեջանին, այլև բազմիցս խթանել և քաջալերել է Բաքվի ագրեսիան»։
Եվրոպա
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը, փետրվարի կեսերին, նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝ 2024թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցությունից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցության դեմ։ Նամակն ուղարկվել է նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեին, Ֆրանսիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտեին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպես նաև սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։
Ելնելով Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստից` «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին՝ որպես պետություն, ներկայացված լինել գալիք Օլիմպիական խաղերում և թույլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո։
Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ի իր լիագումար նիստում ընդունել է 2023թ. ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման, ինչպես նաև ԵՄ պաշտպանական և անվտանգության ընդհանուր քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցներ։
Եվրոպական խորհրդարանի երկու զեկույցներն էլ կարևոր դրույթներ են պարունակում Ղարաբաղյան հակամարտության, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների, Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ։
Մասնավորապես, ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման զեկույցը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը, կոչ անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ տրամադրելով իրենց իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ։ Խորհրդարանը նաև պահանջում է պաշտպանել Արցախում հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Բաքվի հարձակումը որակում է որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններում ձեռք բերված պարտավորությունների կոպիտ և ակնհայտ խախտում։
Եվրոպական խորհրդարանը 2024թ․ մարտի 13-ին ընդունել է «Եվրոպական միության և Հայաստանի միջև կապերի սերտացման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դիրքորոշումը հիշյալ բանաձևի վերաբերյալ հետևյալն է․ «Հայ դատի Եվրոպայի գրասենյակը երախտապարտ է Եվրոպական խորհրդարանին՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ օբյեկտիվ դիրքորոշման համար։ Իբրև համաեվրոպական բնույթի համայնքային կազմակերպություն՝ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը և իր տեղական հանձնախմբերն ակտիվորեն աշխատել են և աշխատելու են Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի ամուր, սերտ և դինամիկ կապերի հաստատման համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները, փոխլրացնող արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար այն ուղին է, որով պետք է առաջ շարժվել՝ հանուն ամուր և կենսունակ հայկական պետականության»։
Մարտի 24-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նոր գրասենյակի բացման արարողությունը․ նշանակալի իրադարձություն նրա հիմնադրությունից՝ 2002 թվականից ի վեր: Ի խորհրդանշում Հայ դատի առաքելության օժանդակման՝ կարմիր ժապավենը կտրել են Մայք և Էվելինա Սարյանները, որոնց ընտանիքի առատաձեռն նվիրատվության շնորհիվ էլ ձեռք է բերվել նոր գրասենյակը։ Բացման արարողությանը ներկա են գտնվել տասնյակ հյուրեր, այդ թվում՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի երկարամյա բարերարներ Րաֆֆի Արսլանյանը և Ատոմ Թենջուկյանը, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, բելգիացի պատգամավորներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի և Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչներ։
Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը/Արցախը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը կայացել է սենատոր Մարկ Դեմեսմեյքերի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համագործակցության արդյունքում, որին մասնակցել են բելգիացի խորհրդարանականներ, դիվանագետներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Քննարկման առաջնային նպատակն էր համապարփակ վերլուծության ենթարկել 2020 թ․ սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես՝ Արցախյան հակամարտության լույսի ներքո։ Բանախոսները միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և միջազգային հանրության արձագանքի տեսանկյուններից ներկայացրեցրել են տարածաշրջանային զարգացումները։ Հատուկ ուշադրություն են արժանացել միջնորդական ջանքերի կարևորության վերաբերյալ քննարկումները` անդրադարձ կատարելով հատկապես Եվրոպական միության դերին: Քննարկման մասնակիցները փորձել են նախանշել ապագա հեռանկարները, հնարավոր զարգացումները և կոնկրետ քայլերը՝ Արցախի հայերի անօտարելի իրավունքները պաշտպանելու համար:
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրյուսելում, համախմբել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկելու համար։ Քննարկմանը մասնակցել են Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչները։ Հիմնական քննարկումները ծավալվել են նաև ինքնորոշման և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հիմնարար իրավունքների շուրջ։ Ընդգծվել է Հայաստան տեղահանված 150.000 արցախահայերի բնակարանային կարիքները հոգալու հրատապ պահանջը՝ իբրև ժամանակավոր բնակության վայրերում նրանց արժանապատիվ կյանքն ապահովելու անհրաժեշտություն, մինչև իրավունքների միջազգային պաշտպանությամբ Արցախի հայությունը կարողանա ապահով վերադառնալ հայրենիք:
Միացյալ Թագավորություն
Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանի հրավերով Լոնդոնում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մարտի 17-ին Լոնդոնի «Նավասարդյան» կենտրոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքի հետ։ Միջոցառումն անցկացվել է Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց թեմի հովանու ներքո, Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի համակազմակերպմամբ:
Արման Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանից ներս՝ հատկապես Ներքին Հանդ, տեղում ստեղծված հումանիտար իրավիճակը, քննարկել ցեղասպանական շրջափակումից հետո Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները և անդրադարձել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների խնդրին։ Միջոցառման մասնակիցները նաև շեշտել են սփյուռքի համախմբման կարևորությունը՝ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում։ Համայնքի անդամները բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել։
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի կազմակերպմամբ և հանձնախմբի նախագահ Անեթ Մոսկոֆյանի ուղեկցությամբ՝ մարտի 18-ին Թաթոյանն այցելել է Վեսթմինսթերյան պալատ և հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ: Թաթոյանը խորհրդարանականներին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումները, Արցախի էթնիկ զտումները, սահմանային անվտանգության և սահմանամերձ գյուղերի ու քաղաքների բնակչության իրավունքների խախտումները և այլն։
Կանադա
Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները փետրվարի 22-ին այցելել է Տորոնտոյի «Հայ կենտրոն» և հանդիպում ունեցել ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Կանադա-Հայաստան երկկողմ հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել Արցախյան հիմնախնդրի, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ կանադական կառավարության դրական դիրքորոշումների վերաբերյալ։
Արդեն փետրվարի 26-ին դեսպան Թըրներն այցելել է Մոնրեալի և Լավալի «Հայ կենտրոններ» և մոտիկից ծանոթացել հայկական կենտրոնների և դրանց հովանու տակ գործող կազմակերպությունների տասնամյակների պատմություն ունեցող աշխատանքներին։
Դեսպանը նախ առանձնազրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ, որից հետո Հայ դատի Կանադայի հանձնախմբի գործադիր տնօրենի, հանձնախմբի անդամների և համայնքային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը մարտի 3-ին, ի պատիվ կանադացի սենատոր Լեո Հուսակուսի, կազմակերպել էր հատուկ ընդունելություն՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և համայնքային մի շարք կազմակերպությունների ղեկավարների ներկայությամբ։ Միջոցառման բացման խոսքում Հայ դատի Լավալի հանձնախմբի ատենապետ Հերակ Հերակլյանը ողջունել է սենատորին՝ բարձր գնահատելով վերջինիս երկարամյա հայանպաստ գործունեությունը, նրա աշխատանքն Արցախյան հիմնախնդրի և դրան առնչվող տարբեր զարգացումների վերաբերյալ։
Իր հերթին սենատոր Հուսակուսը հավաստել է Հայաստանին ու հայ ժողովրդին կանադական պետության բազմամյա բարեկամությունը։ Սենատորը հանգամանորեն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը, Արցախի շրջափակմանն ու հայաթափմանը։ Հուսակուսը իր քննադատական կարծիքն է արտահայտել վերջերս կանադական կառավարության կողմից Թուրքիայի հանդեպ կիրառված զինամթերքի արտահանման արգելքի մասին որոշման չեղարկման կապակցությամբ։ Նա կանադահայ համայնքային կոչ է արել նույն թափով շարունակել ակտիվ մասնակցություն ունենալ Կանադայի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում և նաև այդպիսով հետապնդել Հայ դատի պայքարը։
Մարտի 16-ին Մոնրեալի «Հայ կենտրոն» է այցելել Կանադայի պահպանողական կուսակցության փոխնախագահ Մելիսա Լանթսմանը սենատոր Լեո Հուսակուսի ուղեկցությամբ և հանդիպել Հայ դատի Կանադայի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում Հայ դատի Կանադայի հանձնախմբի նախագահ Խորեն Տիմիթյանն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, Ադրբեջանում կալանքի տակ գտնվող հայ ռազմագերիներին, Արցախի պատմական հուշարձանների դեմ իրագործվող ատրբեջանական վայրագություններին և արցախահայութեան ինքնորոշման իրավունքին՝ շեշտելով, որ Արցախի և արցախահայության այսօրվա իրավիճակը Կանադայի հայ համայնքին հուզող գլխավոր հարցն է։
Իր խոսքում Մելիսա Լանթսմանը ներկայացրել է Կանադայի ներքաղաքական կացությունն ու ընդդիմադիր պահպանողական կուսակցության քաղաքական հայեցակարգը՝ նշելով, որ իշխանության հասնելու պարագայում, պահպանողական կուսակցությունը ինչպես անցյալում, շարունակելու է համագործակցել Կանադայի հայ համայնքի և հատկապես Հայ դատի հանձնախմբի հետ։
Իրան
Հայ Դատի Թեհրանի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ փետրվարի 15-ին և 16-ին կազմակերպվեց «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը՝ Հայաստանից, Արցախից հրավիրված հյուրերի և իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչների ու ազգային մարմինների մասնակցութեամբ:
15-րդ խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար»: Խորհրդաժողովի հիմնական թեմաներն էին Արցախի հիմնահարցն ու կորուստը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակը, ապագա հնարավոր զարգացումները, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի անելիքները։
Խորհրդաժողովին մասնակցել և զեկույնցեր են ունեցել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, վերլուծաբան Արտույտ Զոհրաբյանը, Սպահանի հայոց թեմից Վարուժ Մովսիսյանը և այլք։
Նույն խորհրդաժողովի շրջանակում, փետրվարի 18-ին արդեն իրանական փորձագիտական շրջանակների և հյուրերի համար անցկացվեց «Իրանի ու Հայաստանի ազգային անվտանգությունը, տարածաշրջանային ու արտատարածաշրջանային սպառնալիքների շրջագծում» վերտառությամբ խորհրդաժողովը։ Խորհրդաժողովի ընթացքում եպույթներ ունեցոն և տարածաշրջանային քաղաքական ու անվվտանգային զարգացումներին անդրադարձան հայ և իրանցի մի խումբ փորձագետներ
Հայկական իրավական կենտրոն
«Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» (նախագահ՝ Սիրանուշ Սահակյան), Հայ դատի համակարգում գործող «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» հովանու ներքո, 2024թ․ մարտի սկզբին պաշտոնապես հայ ութ զինվորականների գործեր է ներկայացրել ՄԱԿ-ի հարկադիր կամ ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին։ Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային խմբի մանդատը ներառում է մարդկանց հարկադիր անհետացումների մանրակրկիտ հետաքննություն՝ բացահայտելու վերջիններիս անհետացման հանգամանքները, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքի ձևավորում։
Ներկայացված գործերից յուրաքանչյուրում տուժած զինվորական անձինք եղել են կամ զորակոչված, կամ կամավոր զինծառայողներ։ Ցավոք, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունները չեն նույնականացվել որպես անհայտ կորած անձանց մասունքներ։
«Հայկական իրավական կենտրոնը» ու «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնը» շարունակում են աշխատանքը հայ ռազմագերիների, անհետ կորած անձանց, ինչպես նաև կատարած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատախանատվության ենթարկելու ուղղությամբ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
02.04.2024թ.