ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(նոյեմբերի 15-դեկտեմբերի 25)

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի շուրջ իրավիճակի լարման առիթով, երբ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն այն բնորոշեց  որպես պատրիարքության 16-դարյա պատմության «ամենամեծ գոյաբանական սպառնալիք», ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես եկավ զորակցական հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով․ «Բռնի ուժ կիրառելու փորձեր են կատարում և սպառնալիքներ հնչեցնում ոչ միայն խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմը, այլ նաև՝ Երուսաղեմի ոստիկանությունը։ Երուսաղեմի հայ համայնքը և Հայոց պատրիարքությունը միասնաբար լծված են դիմադրության՝ ի պատասխան բռնությամբ հարցի լուծումը պարտադրելուն։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է՝ իր ողջ կարողականությամբ և գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, զորավիգ է կանգնում Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իր հազարամյա իրավունքները։

Հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառաբար տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։

Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար՝ այդ իրաւունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին»։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների վաթսուն ներկայացուցիչներ՝ սենատոր Ալեքս Պադիլլայի և ՆՓ անդամ Աննա Էշույի նախաձեռնությամբ, դեկտեմբերի սկզբին դիմել են և՛ Սենատի, և՛ ներկայացուցիչների պալատի ղեկավարներին՝ կոչ անելով ԱՄՆ-ի արտաքին ռազմական ֆինանսավորման ակտով 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով անվտանգային աջակցություն տրամադրել Հայաստանին, իսկ ցեղասպանություն վերապրած արցախահայությանը՝ հավելյալ մարդասիրական օժանդակություն։ Սույն առաջարկն արվել է եկող շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվող ԱՄՆ ազգային անվտանգության հավելյալ ֆինանսավորման օրենսդրական նախագծի քննարկմանն ընդառաջ։ Սույն նախաձեռնությունը մեծապես առաջ է մղվել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, որոնց ընթացքում հանձնախումբը իրականացրել էր համայնքային լայն մոբիլիզացիա։ Կոնգրեսականի գրության մեջ անդրադարձ է կատարվում նաև ադրբեջանական հերթական սադրանքներին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հերթական ագրեսիայի վտանգին. «Մենք հատկապես մտահոգված ենք, որ Ադրբեջանը կշարունակի իր ագրեսիան՝ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք։ Չարագուշակորեն Ալիևը վերջերս հարավային Հայաստանը անվանեց «արևմտյան Ադրբեջան» և կոչ արեց «ազատագրել» ութ հայկական գյուղերն Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Կովկասի համար այս շրջադարձային փուլում, անհրաժեշտ է, որ ԱՄՆ ղեկավարությունը զսպի Ադրբեջանի հետագա ագրեսիան և հայերին հնարավորություն ընձեռնի պաշտպանելու իրենց ժողովրդավարությունը»: Մեկնաբանելով երկկուսակցական գրությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է. «Մենք շնորհակալ ենք ներկայացուցիչ Էշույին և սենատոր Պադիլային՝ նախագահ Բայդենին ուղղված այս կոչի համար, ինչը ներդրում է Հայաստանի անվտանգության գործում և իմաստալից աջակցություն Արցախից տեղահանվածներին։ Նախագահ Բայդենի՝ հայկական հարցերի վերաբերյալ սխալ կողմում դիրաքավորման պայմաններում, երբ զինում էր Ադրբեջանին և լքում Արցախը, Կոնգրեսը ակտիվանում է՝ առաջնորդելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի գոյատևմանն ուղղված սպառնալիքներին ամերիկյան պատասխանը»:

Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի հրավերով և համագործակցաբար «Թաթոյան» հիմնադրամի հետ, նոյեմբերի 11-16-ը Կալիֆոռնիա այցելեց Սյունիքից պատվիրակություն Կապանի և Գորիսի համայնքապետեր Գևորգ Փարսյանի և Առուշ Առուշանյանի ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի մասնակցությամբ։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ամերիկյան քաղաքական գործիչների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական ոճիրներն ու մարդու իրավունքների խախտումները, ներառյալ ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք և դրա արդյունքում Կապանում և Գորիսում ստեղծված իրավիճակը։ Հանդիպումներին մասնակցել են նաև «Թաթոյան հիմնադրամի» ամերիկյան բաժնի ղեկավար Կարո Ղազարյանը և ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները։ Պատվիրակության անդամները ներկա են գնտվել նաև Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի տարեվերջյան ավանդական միջոցառմանը, որի ընթացքում խորհրդակցություններ անցկացրել կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հետ։

Կանադա

ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) քննարկման ընթացքում, նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում բավական օբյեկտիվ ելույթ է ունեցել Կանադայի ներկայացուցիչը` Ադրբեջանի համար մարդու իրավունքների բերելավման համար ի թիվս այլնի առաջարկելով ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել հայ ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» աշխատանքներում, ի դեմս Հայկական իրավական կենտրոնի, ներգրավված էր նաև Հայ դատի համակարգը, ինչի շրջանակում փորձ է արվել բարձրացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերհալ միջազգային իրազեկվածությունը։

ՀՅԴ Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին Մոնրեալում մասնակցել են Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի տարեկան ընդունելությանը՝ նախարարի հետ քննարկելով Արցախի հայության ներկա իրավիճակին վերաբերող խնդիրներ, ինպես նաև Երևանում կանադական դեսպանատան հիմնադրությունից հետո երկու երկրների միջր հարաբերությունների զարգացման ներկա ընթացքը։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբի ներկայացուցիչները դեկտեմբերի 7-ին և 8-ին Մոնրեալում առանձնաբար հանդիպել են նաև Կանադայում ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիէր Փոլիևրի ու նրա խորհրդականների հետ։ Զույգ հանդիպումների ընթացքում, հանձնախմբի ներկայացուցիչները, համայնքային այլ ներկայացուցիչների հետ միասնաբար, կուսակցության ղեկավարին հետ  քննարկել են կանադահայությանը հուզող այնպիսի հարցեր, ինչպիսն Արցախի հայության ճակատագիրն է ու Հակաստան-Կանադա հարաբերությունների հետագա զարգացումը։

Մեծ Բրիտանիա

ՄԹ խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոթոնը դեկտեմբերի 23-ին նամակ է հղել արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Քեմերոնին` կոչ անելով «հրապարակայնորեն կոչ անել ազատ արձակել բոլոր հայերին, ովքեր պատանդ են գտնվում Ադրբեջանի կողմից»: Այս կոչը պետք է լինի ավելի մեծ ծրագրի մի մասը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու՝ իր ագրեսիայի և էթնիկ զտումների համար և ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ վերադարձն իրենց հայրենիք։ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է առանցքային դեր խաղա բոլոր ռազմագերիներին և Արցախի պաշտոնյաներին Ադրբեջանի բանտից անվերապահ ազատ արձակելու գործում: Նա պետք է օգտագործի իր դիվանագիտական ​​լծակները և փորձը՝ ցույց տալու համար, որ գոյություն չունի որևէ իրավական հիմնավորում, որը թույլ կտա շարունակական բանտարկությունը։ Կառավարությունը պետք է ցույց տա, որ չի ընդունում պատանդներ վերցնելու և նրանց ազատ արձակման դիմաց պահանջներ ակնկալելու Ադրբեջանի դիրքորոշումը։ Մեծ Բրիտանիան ունի լծակներ և կարողություն՝ իրականացնելու այս հրատապ գործողությունը՝ մինչև Սուրբ Ծնունդը բոլոր բանտարկյալների ազատ արձակման շուրջ բանակցելու համար»:

Հաշվետու ժամանակահատվածում Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, ինչպես նաև  Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի անդամների ակտիվ աշխատանքի շնորհիվ, հայության համար առանցքային կարևորություն ներկայացնող հիմնախնդիրների շարունակել են քննարկման առարկա մնալ բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակներում։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը դեկտեմբերի սկզբին անցկացրել է իր ավանդական տարեվերջյան միջոցառումը՝ Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների անդամների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում հայկական շահերի պաշտպանության գործում ունեցած կարևոր ներդրման համար պարգևատրվել են երեկոյի պատվո հյուր Լինդսի Սնելը, Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանի անդամ Հյու ՄակԴերմոտը և Լարա Ալեքսանդրը։ Երեկոյի ընթացքում կատարվել է նաև հանգանակություն։ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքներին նպաստելու համար հանգանակվել է 180․000 ավստրալիական դոլար։

Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ՝ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, առաջին անգամ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանում ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ։ Նորակազմ խմբի համանախագահն ու քարտուղարը սեպտեմբերի վերջին, Հայ դատի հանձնախմբի հրավերով այցելել էին Հայաստան և տեղում ծանոթացել Արցախի հայաթափման արդյունքում Սյունիքում և Հայաստանի տարբեր հատվածներում ստեղծված աղետալի իրավիճակին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

26.12.2023թ.