(galatv.am) Ուժեղ ու ազդեցիկ կլիներ միայն այն դեպքում, եթե նախագահ Օբաման «ցեղասպանություն» որակումը տար դեպքերին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը Ցեղասպանության թանգարանում նոր ցուցահանդես-սրահի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապրիլի 24-ին Օբաման հանդես կգա ազդեցիկ հայտարարությամբ: Դեսպանի այս խոսքերը ենթադրությունների տեղիք տվեցին, որ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը իր ուղերձում, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ եւս խուսափել է 1915 թ-ի կոտորածը «ցեղասպանություն» որակելուց, նա իր այս տարվա հայտարարության մեջ կրկնել է անցած տարվա «Մեծ Եղեռն» արտահայտությունը:
«Դեսպանի հայտարարությունը պետք է այլ իմաստով հասկանալ, կարծես թե այն այլ նպատակներով էր արված և ոչ թե իսկական ուժեղ հայտարարության մասին խոսելու»,- նշում է Կիրո Մանոյանը, իսկ Օբամայի պարագայում «ցեղասպանություն» բառի հնչեցմանը պետք է սպասել ու կարևորել, քանի որ Օբաման մինչ նախագահ դառնալը քննադատել է այն քաղաքականությունը, որը հիմա նաև ինքն է վարում: «Նա խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կփոխի այդ քաղաքականությունը, հիմա էլ այնպես է հայտարարում իր ուղերձում, որ ինքը անձնական ինչ կարծիք որ ունի, դա պահում է, բայց որպես նախագահ ուրիշ կարծիք ունի, արդեն սա սկսել է անհեթեթ դառնալ, բացի այդ, նա չի խոսում այն մասին, թե այդ Մեծ Եղեռնը ով է գործել, կարծես թե մեղավոր չկա սրա մեջ, դա արդեն վիրավորական է դառնում»,- նշեց Կիրո Մանոյանը:
Ի՞նչն է կաշկանդում Օբամային, որպեսզի որպես ԱՄՆ նախագահ հնչեցնի «ցեղասպանություն» բառը, Կիրո Մանոյանը ասել դժվարանում է: Ինչքանո՞վ է բավարարում թուրքական կողմին Օբամայի այս հայտարարությունը, ևս միանշանակ ասել չի կարելի, փաստ է՝ «ցեղասպանություն» բառի չօգտագործումը Թուրքիային գոհացնում, սակայն ամենայն հավանականությամբ չի բավարարում:
Ինչ վերաբերում է վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը, ապա Կիրո Մանոյանը վստահեցրեց, որ Հայ դատի ամերիկյան հանձնախումբը իր աշխատանքը կշարունակի:
Նաիրա Նալբանդյան
Օբամայի կողմից Ցեղասանություն բառի օգտագործումը կարեւոր է քաղաքական հաշվարկների համար
(yerkir.am) Ես կարծում եմ, դեսպանի ասածն անհիմն էր եւ անհասկանալի, բայց թե ինչու էր նա այդպես ասել, պետք է հարցնել իրեն. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը’ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, թե ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը «շատ ուժեղ հայտարարություն կլինի»:
Իսկ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձում որեւէ նոր շեշտադրում չկար, նշեց Մանոյանը’ դրանից առաջ ամեն ինչ նույնությամբ ասված էր…
Թե ինչու է այդչափ կարեւորվում Օբամայի կողմից Ցեղասպանություն բառի օգտագործումը, Մանոյանը բացատրեց, որ եթե նկատի ունենանք Ամերիկայի հայությունը, ապա նրա համար կարեւոր է, որովհետեւ նախագահի’ իրենց ընտրած թեկնածուն կկատարի իր խոստումը: Իսկ եթե նկատի ունենանք ընդհանրապես հայությունը, ապա ԱՄՆ-ի նախագահի կողմից բառի օգտագործումը քաղաքական հաշվարկների համար է կարեւոր: Այնքանով, պարզաբանեց Կիրո Մանոյանը, որ դա Թուրքիայի վրա լրացուցիչ ճնշում կհանդիսանա: «Հենց դա է պատճառը, որ այդ բառը նա չի ասում: Եղել է ԱՄՆ նախագահ, որ արտասանել է Ցեղասպանություն բառը, եւ դա, պարզ է, որ ճնշումը Թուրքիայի վրա բարձրացրել է, ու հենց դրա համար էլ հիմա չի ուզում նորից Ցեղասպանություն բառն օգտագործել»,- շեշտեց Մանոյանը:
ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանություն եզրույթի օգտագործումը կնշանակի, որ նա ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը. Դա իրավական հետեւանք չի ունենա, այլ միայն քաղաքական հետեւանք ու ճնշում, քանի որ ճանաչումը ենթադրում է այս հարցի կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության փոփոխություն: