Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պատրաստվում է հրավիրել Հայ դատի քաղաքական առաջնահերթությունների ներկայացման դաշնային սեմինար

ԱՄՆ հիսուն նահանգներից Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային, նահանգային և տեղական ներկայացուցիչները հունիսի 4-ին հավաքվելու են Կալիֆորնիայի Ռոնալդ Ռեյգանի անվան գրադարան-թանգարանում՝ անցկացնելու Հայ դատի քաղաքական և կազմակերպական աշխատանքներին նվիրված սեմինար-քննարկում։

Սեմինարը ներառելու է քաղաքական խորը քննարկումներ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործունեության բոլոր ուղղությունների և ոլորտների վերաբերյալ՝ սկսած համայնքային քաղաքական ներգրավվածությունից մինչև հաղորդակցություն և մեդիա, ընտրականից մինչև օրենսդրական գործընթացներ։

Սեմինարին մասնակցելու են նաև ոլորտային հայտնի փորձագետներ, որոնք կքննարկեն ԱՄՆ արտաքին քաղաքականության առանձնահատկությունները Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայ դատի քաղաքական  առաջնահերթությունների սպասարկման ուղղությամբ առաջիկա մարտավարական քայլերը։

Սեմինարի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ռազմավարական առաջնահերթությունների, ինչպես նաև Կոնգրեսի և ԱՄՆ վարչակազմի հիմնական շահագրգիռ կառույցների հետ դրանց իրականացմանն ուղղված նպատակային աշխատանքի վրա։ Մասնավորապես՝

– ԱՄՆ-ի շարունակական ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Արցախի շրջափակումը,

– ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի և անվտանգային աջակցության դադարեցում,

– Արցախին ԱՄՆ-ի անհապաղ մարդասիրական օգնության տրամադրում,

– Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկում,

– Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված և խոշտանգված հայ ռազմագերիների ազատ արձակում,

– Հայաստանի անվտանգությունը որպես հայ-ամերիկյան երկկողմանի հարաբերությունների թիվ մեկ առաջնահերթության սահմանում,

– Արցախի Հանրապետության ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչում։

Անդրադառնալով սեմինարի կազմակերպմանը՝ Հայ դատի Ամերիկայի  հանձնախմբի անդամ Աիդա Դիմեջյանը նկատել է․ «Այս սեմինարը հնարավորություն կտա ավելի հզորացնել ամերիկահայ համայնքի ակտիվությունը տեղական, շրջանային և դաշնային մակարդակներում։ Դաշնային մակարդակով միավորելով Հայ դատի նվիրյալներին՝ վետերաններից մինչև հաջորդ սերունդը, հնարավորություն է ընձեռում կենտրոնացնելու մեր համայնքի հավաքական ջանքերը հանուն Արցախի անվտանգության»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

19.05.2023թ.