ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հրավերով ապրիլի 13-ին տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի՝ եվրոպական երկրներում գործող հանձնախմբերի պատասխանատուների առցանց քննարկում, որին մասնակցել են ավելի քան տասը երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուներ։
Քննարկման օրակարգը վերաբերել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և յուրաքանչյուր հանձնախմբի նախընթաց ամիսների աշխատանքի վերագնահատմանը, ընթացիկ ու առաջիկա աշխատանքներին՝ միտված Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի և ադրբեջանական շարունակական ագրեսիայի վերաբերյալ եվրոպական հասարակական-քաղաքական, պետական շրջանակների հետ նպատակադրված աշխատանքով օբյեկտիվ իրավիճակ ձևավորելուն։ Այս առումով գոհունակությամբ անդրադարձ է կատարվել Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված վերջին բանաձևերին և կարևորվել է ԵՄ գործադիր իշխանության կողմից խորհրդարանի քաղաքական դիրքորոշմանը հետևելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է կատարվել Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում Հայաստան ժամանող Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների այցերի արդյունավետությանը և ընդգծվել դրանց շարունակականության ապահովման կարևորությունը։
Առանձնահատուկ քննարկվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և նրա ղեկավար Գասպար Կարապետյանի դեմ սկիզբ առած կեղտոտ հակաքարոզչության նոր ալիքը, որն ինչպես նախորդները, ուղղակիորեն ղեկավարվում են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպայում կոռուպցիոն դրսևորումներով իրականացվող ադրբեջանական հակաքարոզչությանն իրավական, հասարակական, քաղաքական և քարոզչական տեսանկյուններից հակադարձելու և ադրբեջանական հերթական սադրանքը ձախողելու ուղիները։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
14.04.2023 թ.