ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի եւ ՀՈՒՍԿ-ի կենտրոնում

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 132-ամեակի առիթով Թեհրան հրաւիրւած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը երէկ՝ դեկտեմբերի 13-ի երեկոյեան «ՀՈՒՍԿ» հաստատութեան կենտրոնատեղիում մտերմիկ շրջանակում հանդիպում ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի՝ ՀՈՒՍԿ-ի, տարբեր շրջանների նախագահների, վարչականների եւ միաւորների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, որին ներկայ էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը, Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը ողջունելով հիւրին հրաւիրեց իր խօսքը փոխանցելու:

Յակոբ Տէր-Խաչատուրեանը ողջունելով ՀՈՒՍԿ-ի հիմնադրման 40-ամեակը, համապարփակ գծերով ներկայացրեց աշխարհում Հայ Դատի գրասենեակների անժխտելի դերը հայ ժողովրդի արդար դատը միջազգային հանրութեան սեփականութիւնը դարձնելու համար: Նա իր ելոյթի ընթացքում գնահատանքով եւ կարեւորութեամբ անդրադարձաւ բոլոր նրանց մասին, ովքեր չեն խնայում իրենց կարելին Հայ Դատի բազմաոլորտ աշխատանքների առաջտարման ուղղութեամբ: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ ՀՈՒՍԿ-ի աշխատանքներին՝ հայ ժողովրդին եւ իրանահայութեանը իրանցի հասարակութեանը ծանօթացնելու առումով եւ այս հարցով անդրադարձաւ «Պայման»-ի հրատարակութեանը, նաեւ Հայ Դատի աշխատանքների գծով իւրայատուկ համարեց «Հայ Դատն այսօր» հերթական խորհրդաժողովները, այն բնութագրելով Հայ աշխարհի ներկայացուցիչների մասնակցութեամբ լուրջ քննարկումների հնարաւորութիւն:

«ԱԼԻՔ»
 Կ. Դ.