ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցին նւիրւած միջոցառում ոչ-հայ լսարանի համար

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայոց Ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի արդար դատի մասին բարձրաձայնելը աշխարհով մէկ եւ ի մասնաւորի Թեհրանում՝ մեր ոչ-հայ հայրենակիցների շրջանակներում, տասնամեակներ եղել է այն առաքելութիւնը, որին լրջօրէն հետամուտ է եղել Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոն («ՀՈՒՍԿ» հաստատութիւն)՝ Հայ Դատի յանձնախումբը:

Ահաւասիկ, կովիդի պատճառով երկամեայ ընդմիջումից յետոյ, երէկ՝ մայիսի 10-ի երեկոյեան ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական միջոցառում Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի առիթով, ոչ-հայ լսարանի համար, Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբի) դահլիճում: Միջոցառումը, որը իրենց ներկայութեամբ պատւել էին Իսլ. խորհրդարանի Զրադաշտների պատգամաւորը,ասորիների ներկայացուցիչը, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների յարակից բաժինների եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ,Իրանում ԻԿՕՄ-ի նախագահը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ատենապետներ, «Ալիք» հաստատութեան եւ ազգային մարմինների, միութիւնների ու կառոյցների ներկայացուցիչներ, Իրանի քաղաքական ու մտաւորական շրջանակներ եւ մեծ թւով լրագրողներ, մեկնարկեց Իրանի պետական հիմնով: Հայ Դատի խօսքը պարսկերէնով ներկայացրեց Սարինէ Թորոսեանը, ով ընդգծեց, որ իրանցիները առաջին ազգերից էին, որոնք հէնց Ցեղասպանութեան տարիներին, շնորհիւ իրանցի մտաւորականների ու դիւանագէտների, հարցին իրազեկ դարձան եւ Իրանը դարձաւ ապահով ապաստարան Ցեղասպանութիւնից ճողոպրածների ու ապաստանեալների համար եւ Իրանում հայերի ու մուսուլմանների եւ բոլոր իրանցիների խաղաղ գոյակցութիւնը լաւագոյն վկան է պատմական այս իրողութեան: Նա ապա անդրադարձաւ Թուրքիայի միջոցով ներկայ ժամանակահատւածում եւս շարունակւող պանթուրքիստական նկրտումների, ի մասնաւորի 2020 թւականին ահաբեկչական խմբաւորումների Բաքու փոխադրելով եւ սիոնիստական ռեժիմի հետ յարաբերութիւններին եւ Արցախի բռնագրաււած տարածքներում եւ Իրանին կից սահմաններում սիոնիստական նոր ռազմայենակների կառուցմանը, դա սպառնալիք համարելով Իրանի եւ Հայաստանի անվտանգութեան համար: Միջոցառմանը ցուցադրւեց փաստավաւերագրական տեսաֆիլմ Հայոց Ցեղասպանութեան եւ դիւանագիտական հետագայ զարգացումների մասին: Ծրագիրը յագեցած էր բանախօսութիւններով: Մոհամմադ Բաղեր Ամիրանին, որպէս առաջին բանախօս հակիրճ պատմական ներկայացնելով, կարեւորեց Թուրքիայի դէմ տնտեսական բոյկոտի արշաւը: Աթուսա Սամիին, ով «Նեշանէ» հրատարակչութեան տնօրէնն է եւ ունի բազմաթիւ թարգմանութիւններ՝ անգլերէնից-պարսկերէնի, ինչպէս՝ Հայաստանի Հանրապետութեան երկհատոր գիրքը, ներկայացրեց իր վերջին թարգմանութիւններից՝ Թաներ Աքչամի գրչին պատկանող «Ցեղասպանութեան հրահանգը» գիրքը, որի շնորհանդէսը կատարւել է ժամանակին: Իրանի գէօպոլիտիկ ինստիտուտից Աֆշին Մոթաղին իր ելոյթի ընթացքում դատապարտելով Հայոց Ցեղասպանութիւնը, հիմնարկի պատրաստակամութիւնը յայտնեց Ցեղասպանութեան հարցով ՀՈՒՍԿ-ի հետ համատեղ միջոցառումներ իրականացնել: Վերջին բանախօս հրաւիրւեց Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, որն անդրադառնալով պանթուրքիզմի եւ սիոնիզմի միմեանց կապակցող օղակների մասին, կարեւորեց ապագայի տեսլականով ծրագրամշակման անհրաժեշտութիւնը:

Օրւայ եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ Ցեղասպանութեան դատապարտմանը եւ ընդգծեց, որ Հայաշխարհը երբեք չի մոռանալու ցեղասպանի իրականացրած Ցեղասպանութիւնը, հակառակ ներկայի քաղաքական ժխտողական քայլերի, եւ համայն աշխարհում 10 միլիոն հայութիւնը շարունակելու է իր պայքարը:

Միջոցառմանը ցուցադրւեց երաժշտագէտ եւ երաժշտութեան դասախօս՝ դոկտ. Վարդան Սահակեանի մշակած «Համայն մարդկութիւնը մէկ մարմնի անդամներ են» երաժշտական տեսահոլովակը:

Միջոցառման գեղարւեստական բաժնում դաշնամուրի կատարումներով ելոյթ ունեցաւ Դերէն Բրաթեանը, իսկ ջութակի կատարումներով Դանիէլ Քեշիշ Դանիէլեանը:

Միջոցառումը աւարտւեց ընդունելութեամբ:

www.alikonline.ir