ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի հայկական հանձնախումբը ատորագրահավաք է սկսել՝ որով կոնգրեսականները նախագահ Բայդենին կոչ են անում միանալ Կոնգրեսին Հայոց ցեղասպանությունը հստակ և ուղղակիորեն ճանաչելու հարցում: Հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը:
Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնե կրտսերը, Կոնգրեսական Դեյվիդ Գ. Վալադաոն և Ջեքի Շպյերի ստորագրությամբ նամակում մասնավորապես ասված է՝
Հարգելի նախագահ Բայդեն,
Այս ամսվա վերջին `ապրիլի 24-ին, աշխարհը կնշի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սպանությունը և միլիոնավորների տեղահանությունը: Սակայն տասնամյակներ շարունակ, մինչ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, Միացյալ Նահանգների նախագահը լռում է: Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին և բոլոր նրանց, որոնք սատարում են ճշմարտությանն ու արդարությանը` խնդրելով Ձեզ ապրիլի 24-ի հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու ընթացքում և որպես փոխնախագահ: Մեկ դար առաջ տեղի ունեցածի պատմական փաստը վիճարկման ենթակա չէ:
Պարոն Նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ. «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել, և այն պետք է ավարտվի: Մենք ձեզ հորդորում ենք հետևել ձեր ստանձնած պարտավորություններին և ասել ճշմարտությունը:
Հարգանքներով՝
Կոնգրեսական Ադամ Շիֆը
Կոնգրեսական Գուս Բիլիրակիս
Ֆրենկ Փալոնե կրտսեր
Կոնգրեսական Դեյվիդ Գ. Վալադաո
Կոնգրեսական Ջեքի Շպյեր
Հիշեցնենք, որ դեռ անցյալ ամիս 38 սենատոր կոչով դիմել էր Բայդենին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: