Իսրայելի հայ համայնքը լիահույս է, որ երկրի նոր նախագահը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր փուլ կսկսի

(armenpress.am, հունիս 12) Իսրայելում Ռեուվեն Ռիվլինի նախագահ ընտրվելու կապակցությամբ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն ու հատկապես ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամները ստացել են բազմաթիվ շնորհավորանքներ:

Պառճառն այն է, որ Ռիվլինը համարվում է իսրայելահայերի բարեկամն ու ամենատարբեր ամբիոններում բազմիցս կոչ է արել, որ ցեղասպանություն տեսած հրեաները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը նշում է, որ համայնքի եւ հատկապես Հայ դատի գրասենյակի հետ բարեկամությունը ձգվում է ավելի քան մեկ տասնամյակ:

«Հայ համայնքում բոլորը երջանիկ են, որ Ռիվլինն է ընտրվել նախագահ: Նա աչքի է ընկնում հումանիստական, քաղաքակրթական արժեքներով: Նա մի քանի անգամ Քնեսեթում ելույթի ժամանակ ասել է` ամոթ է, որ ցեղասպանություն ապրած հրեա ժողովուրդը չի ճանաչում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այժմ մենք լիահույս ենք, որ Իսրայելում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր փուլ կմեկնարկի, որը կավարտվի պատմական արդարության հանդեպ հաղթանակով: Եվ պատճառն այստեղ ոչ թե այն է, որ Ռեուվեն Ռիվլինը հայամետ է, ոչ, նա քաղաքակիրթ, հումանիստ եւ մարդկային բարձր արժեքներ կրող անձնավորություն է»,-ասաց Ժորժետա Ավագյանը:

Նա շեշտեց, որ հրեա ժողովուրդը նույնպես երջանիկ է եւ շատ գոհ, որ 7 տարի Ռիվլինն է գլխավորելու իրենց երկիրը:

Ժորժետա Ավագյանը նշում է, որ Հայ դատի ներկայացուցիչները մտադիր են հանդիպել Ռեուվեն Ռիվլինին: «Մեզ համար շատ անսովոր է, որ պետք է նամակ գրենք Ռիվլինին` շնորհավորենք եւ հանդիպման համար պայմանավորվենք: Սակայն, կարգն է այդպես: Մեր ընկերը լինելուն զուգահեռ նա նաեւ նախագահ է եւ պետք է պահպանել պաշտոնական արարողակարգը: Հանդիպման ժամանակ էլ կպայմանավորվենք հետագա անելիքների եւ ծրագրերի մասին»,-ասաց Ժորժետա Ավագյանը` հավելելով, որ վստահ են, որ հիասթափություն չեն ապրի եւ Իսրայելի նորանշանակ նախագահը կպահի խոստումը:

Ժորժետա Ավագյանը հույս հայտնեց, որ 2015թ. ապրիլի 24-ին Ռեուվեն Ռիվլինը Հայաստանի նախագահի հրավերով կգա Հայաստան եւ կմասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվելիք ոգեկոչման արարողությանը: Նա նաեւ հույս հայտնեց, որ նոր նախագահի նշանակմամբ Հայաստան-Իսրայել հարաբերությունները կլինեն ավելի բարձր մակարդակի վրա:

Հունիսի 11-ին Իսրայելի Կնեսետը երկրի նախագահ Է ընտրել խորհրդարանի նախկին խոսնակ, հինգ թեկնածուներից աջ ճամբարի միակ ներկայացուցիչ Ռեուվեն Ռիվլինին, որը կփոխարինի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսին: Ընտրությունների երկրորդ փուլում «Լիկուդ» իշխող կուսակցությունը ներկայացնող 74-ամյա Ռիվլինին աջակցել են ներկա գտնվող 119 խորհրդարանականներից 63-ը: Պետության ղեկավարն ընտրվում Է խորհրդարանի գաղտնի քվեարկությամբ: Հաղթելու համար նախագահի թեկնածուին պահանջվում Է ապահովել 120 խորհրդարանականներից 61-ի աջակցությունը: Իսրայելում, որը խորհրդարանական հանրապետություն Է, պետության ղեկավարն օժտված Է հիմնականում ներկայացուցչական գործառույթներով: Իրական իշխանությունը կենտրոնացած Է վարչապետի ձեռքում:

Հասմիկ Հարությունյան

armenpress.am

Նկար՝ Ժորժետա Ավագյան