(hayernaysor.am) Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի հանձնախմբի ատենապետ Սեպուհ Դավթյանին պարգևատրեց «Պողոս Նուբար», մեդալով իսկ հայ հասարակական-քաղաքական գործիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ) ղեկավար Յուրի Նավոյանին՝ ոսկե մեդալով:
Ներկայացնելով Սեպուհ Դավթյանին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Նա իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է Կիպրոսում, իր գործունեությամբ մեծ ավանդ ունի համայնքային կյանքը կազմակերպելու, զարգացնելու, հզորացնելու, առաջ տանելու գործում: Մեծ է Սեպուհ Դավթյանի ավանդը սփյուռքահայ երիտասարդների հայեցի դաստիարակության գործում: Վերջին 6 տարիներին նա «Նարեկ» վարժարանների հոգաբարձուների խորհրդի անդամ է»:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ պարոն Դավթյանը խոստովանեց, որ պարգևն իր համար անակնկալ էր. «Միշտ հավատացել եմ, որ պարգևատրում են հերոսներին: Ես ոչ մի սխրանք չեմ գործել: Բայց ողջ կյանքում եղել եմ այնտեղ, որտեղ կարող էի օգտակար լինել, ծառայել մեր ազգին: Որքան ուժ ու կարողություն տա ինձ Աստված, պիտի շարունակեմ ծառայել Հայրենիքիս», – ասաց նա:
Ստացած բարձր պարգևի համար շնորհակալություն հայտնեց նաև Յուրի Նավոյանը. «Շնորհակալ եմ բարոյական գնահատականի համար: Ընդունում եմ այն որպես արժևորում այն համագործակցության մթնոլորտի, որ ստեղծվել է Մոսկվայում»:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Դուք հայ դատի, մեր իրավունքների վերականգնման համար մղվող պայքարի մերօրյա հերոսներն եք: Ձեզ գնահատելը մեր պարտականությունն է: Մեր բոլոր հարցադրումները պետք է միասնական լինեն, և մեր խնդիրները միասնաբար լուծենք»: