(armtimes.com) Պաշտոնական Անկարան երեկ այդպես էլ չարձագանքեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի նախօրեին հնչեցրած հրավերին:
Հիշեցնենք, նախօրեին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստում Սերժ Սարգսյանը բավական ծավալուն ելույթ էր ունեցել եւ Թուրքիայի նախագահին 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրել Երեւան՝ «առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:
Թուրքական մամուլը ընդհանուր տարածել է Սարգսյանի ելույթից հատվածներ, սակայն որեւէ թուրք պաշտոնյա չի մեկնաբանել ելույթը եւ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու փաստը:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ մեր զրույցում, անդրադառնալով հրավերին եւ դրա շուրջ եղած արձագանքին, նկատեց, որ Սարգսյանի հրավերը Թուրքիայի կողմից հնարավոր է այդպես էլ անարձագանք մնա: «Չեմ զարմանա, եթե Թուրքիան ընդհանրապես անտեսի այս հրավերը այնպես, ինչպես անտեսել էր 2005 թվականի Հայաստանի այն ժամանակվա նախագահի պատասխանը՝ պատմաբանների հանձնաժողով կազմելու իրենց առաջարկին: Թուրքերը դրանից հետո երեք տարի անընդհատ ասում էին, որ Հայաստանը մեր առաջարկին չի պատասխանել, մինչդեռ իրականում Հայաստանը պատասխանել էր, բայց իրենց ուզած պատասխանը չէր: Հիմա էլ կարող են անտեսել այս հրավերը, քանի որ դա իրենց սրտով չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը:
Խոսելով Թուրքիային հրավեր ուղղելու մասին` պարոն Մանոյանը նկատեց, որ հայկական կողմը այս կերպ մարտահրավեր է նետում Թուրքիային. «Սա ֆուտբոլ նայելու հրավեր չէ, այլ քաղաքական ենթատեքստով հստակ ասվում է, որ եթե իսկապես ուզում եք ճանաչել պատմությունը, եկեք տեսեք, թե Հայաստանում ժողովուրդը ապրիլի 24-ին ինչպես է իր հարգանքը մատուցում: Եւ այդ իմաստով՝ դա մարտահրավեր է, քան հրավեր»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ դա Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձի պատասխանն է:
Հիշեցնենք՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 23-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում ցավակցություն էր հայտնել «20-րդ դարասկզբին կյանքները կորցրած հայերի» թոռներին: Էրդողանի այս հայտարարությանը միջազգային հանրությունը դրական գնահատեց՝ որակելով երկխոսություն մեկնարկելու փորձ: Հայաստանն ու հայկական սփյուռքը, սակայն, Էրդողանի այդ հայտարարությունը որակել են Հայոց ցեղասպանության իրողությունը նորովի ժխտելու փորձ:
«Հայաստանի այս ընտրած վերջին կեցվածքը Թուրքիայի այդ կեղծ ցավակցությունը բացահայտելուն է ուղղված, ուստի այն նույն շրջանակները, ովքեր Էրդողանի կեղծ հայտարարությամբ խանդավառվել էին, պարզ է, որ հիմա դրական չեն արձագանքի, բայց որ ուղերձը ստացել են, դա հաստատ է»,- ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն: