Վերջերս Մոսկվայում ստեղծվել է «Ռուսաստանի հայագետների ընկերության» հիմնադրման նախաձեռնող խումբ, որի կազմում են ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Պլունգյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Բուրաստան Զուլումյանը, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանը, գրող, նկարիչ, արվեստաբան Նինա Գաբիրիելյանը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:
Նախաձեռնող խումբը նպատակ ունի հունիսի վերջին Մոսկվայում հրավիրելու «Հայագիտությունը Ռուսաստանում. պատմություն և ժամանակակից հեռանկարները» գիտաժողովը, ուր և կներկայացվի «Ռուսաստանի հայագետների ընկերության» հիմնադրման առաջարկությունը:
Խորհրդային տարիներին ընդհատվել են Սանկտ-Պետերբուրգի և Մոսկվայի հայագիտական փառահեղ ավանդույթները, սակայն այսօր մեծաթիվ հայ համայնքի համար արդեն վաղուց հասունացել է Ռուսաստանում հայկական կրթության և գիտության վերածնումը, ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրությունների կազմակերպումը տարբեր բնագավառներում` պատմություն, ազգագրություն, գրականություն, լեզվաբանություն, քաղաքագիտություն և այլն:
«Ռուսաստանի հայագետների ընկերությունը» կնպաստի մի քանի կարևորագույն խնդիրների լուծմանը. հայկական խնդիրներով զբաղվող գիտնականների համախմբմանը, գիտական և կրթական կենտրոնների ստեղծմանը, երիտասարդ գիտնականների հայագիտական ուսումնասիրությունների խրախուսմանը: Նախատեսվում է, որ ընկերությունը Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան ակադեմիական, կրթական և հետազոտական ինստիտուտների, տարբեր երկրներում գործող համանման կազմավորումների գործընկերը կդառնա:
Ռուս-հայկական համագործակցություն
Նկար՝ Յուրի Նավոյան