Հայ ժողովուրդն այդքան հիմար չէ, որ ընդունի նման անհիմն բացատրությունները. Հարութ Շիրինյան

lragir.am-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը

Ինչպե՞ս եք գնահատում հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, երբ ռազմագերիների հարցով որևէ պայմանավորվածություն հնարավոր չեղավ ձեռք բերել:

Հունվարի 11-ի հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը Հայաստանի կառավարության երկրորդ շատ մեծ ձախողումն է և մասնավորապես ՀՀ վարչապետի համար: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, թե ինչպես վարչապետը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի հարցը չլուծելով համաձայնվեց մասնակցել տնտեսական օրակարգի բանակցություններին` հաշվի առնելով, որ ինքը խոստացել էր, որ դա չի անելու: Մանավանդ որ ձեռք բերված համաձայնությունը ևս որևէ հայանպաստ կետ չէր պարունակում: Հունվարի 11-ից առաջ և անցած 30 տարիների ընթացքում որևէ ժամանակ չէինք տեսել կամ լսել, որ Հայաստանը որևէ պահանջ է ներկայացրել Ադրբեջանի միջոցով Ռուսաստան կամ Իրան հասնելու համար: Մինչդեռ բոլորս գիտենք, որ թե Ալիևի, թե Էրդողանի համար երկարամյա նպատակ է ցամաքային կապ ստեղծել Ադրբեջանի և Նախիջևանի միջև: Հետևաբար, նրանք, որոնք այս հայտարարությունը ներկայացնում են իբրև արդար, հավասարակշռված, իրենք էլ են տեղյակ, որ հայ ժողովուրդն այդքան հիմար չէ, որ ընդունի նման անհիմն բացատրությունները:

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտմամբ է այս հարցը չլուծված պահում, որպեսզի Հայաստանի ժողովրդի բոլոր ջանքերն ու ուշադրությունն այս խնդրի վրա պահի՝ հեռու պահելուվ բոլոր աշխարհաքաղաքական և ռազմավարական խաղերից, որոնք տեղի են ունենում ի նպաստ թուրք-ադրբեջանական շահերի: Հետևաբար, ռազմագերիների հարցը շուտ պետք է լուծվի նաև միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և ԵՄ կառույցների մասնակցությամբ:

Այդ հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին խոսեցին և Պուտինը, և Փաշինյանը: ՌԴ նախագահը հայտարարեց, որ ինքը նույնպես կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ԼՂ խնդրի կարգավորմանը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ ձևաչափը նորից վերակենդանանում է: Հնարավո՞ր է, որ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել օրինակ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հեռախոսազրույցը, և վերջինս վերահաստատել է, որ խնդրի կարգավորումը չեն թողնելու միայն Ռուսաստանի վրա:

Պետք է հիշել և հիշեցնել, որ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որ լիազորություն ունի Արցախի հիմնախնդիրը լուծման հասցնելու, ներառյալ Արցախի կարգավիճակի մասին բանակցություններ վարելու: Հստակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հաջողության չհասավ, ինչպես կարելի էր անել և խաղաղորեն լուծել հիմնախնդիրը, սակայն պետք է շարունակել հավատալ, որ այն խաղաղ կկարողանա նվազագույնը Արցախի կարգավիճակի հարցը լուծել՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Լավ է, որ ՌԴ նախագահ Պուտինը արտահայտվեց այս հարցի մասին և վերահաստատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տակավին անելիք  ունի Արցախի խնդրի լուծման մեջ: Գիտենք նաև, որ Ֆրանսիայի նախագահը նույն տեսակետն ունի, և այս հարցում Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի բանաձևերը իրենց կարևորությունը պետք է ունենան բանակցություններում:

Սակայն բնական է, որ մյուս երկու համանախագհ երկրների ներկայացուցիչները տարածաշրջանային, տնտեսական հարցերի լուծման բանակցություններին չեն մասնակցում, ինչպիսին էր հունվարի 11-ի հանդիպումը: Իրենց բացակայությունը չի խնդիրը, այլ Հայաստանի ներկայությունը: Այսօր հայ ազգի համար անվտանգության բոլոր պայմանները չեն միացված, որպեսզի մենք սահմանները բացելու կամ տնտեսական կապեր ստեղծելու մասին խոսենք ցեղասպանական ձգտումներ ունեցող մի երկրի հետ, որը ոչ միայն Արցախի տարածքն է ուզում առանց իր հայ բնակչության, այլ հրապարակայնորեն նույնիսկ խոսում է Սյունիքի, Սևանի և Երևանի մասին: