ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի հայտարարությունը

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը խստիվ դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները, որոնց հետևանքով տարածաշրջանում աճում է նոր պատերազմի սպառնալիք և վտանգվում են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ հայերի կյանքն ու անվտանգությունը:

Ցեղասպան Թուրքիան միջազգային հանրության անտարբերության և լուռ համաձայնության ներքո շարունակում է իր ոճրագործությունները՝ շիկացնելով առանց այդ էլ պայթյունավտանգ հակամարտության գոտին: Այս ագրեսիայով Թուրքիան նոր շունչ է հաղորդում տասնյակ հազարավոր մարդկային զոհերի գնով սանձազերծված « Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման մնացուկներին և ցանկանում է վերականգնել իր ապակառուցողական ազդեցությունը հակամարտության գոտում: Այսպիսով, Թուրքիան, ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ, ստեղծում է ռազմական գործողությունների սրացման, ջարդերի և տեղահանության, ահաբեկչական խմբավորումների ակտիվացման և մարդասիրական աղետի նոր վտանգ:

Այս գործողություններն ուղղակիորեն հակասում են մարդու իրավունքներին, Սիրիայի, որպես ինքնավար պետության, տարածքային ամբողջականությանն ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային բոլոր կոնվենցիաներին: Սա մի գործընթաց է, որի զարգացումը իր հերթին կծնի նոր մարտահրավերներ և որը հղի է տարածաշրջանային անվտանգությունը խարխլելու վտանգով:

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը կոչ է անում Ռուսաստանի Դաշնության Նախագահին, ՌԴ Պետական Դումային, ՌԴ Դաշնային Խորհրդին և ՌԴ ԱԳՆ-ին՝ գործի դնելու բոլոր հնարավոր լծակները՝ կանխելու համար Թուրքիայի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիան, ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը տրամադրել հումանիտար աջակցություն և միջոցներ ձեռնարկել հետագա բռնությունները կանխարգելելու և հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցով կարգավորելու ուղղությամբ: Մենք իրավունք չունենք թույլ տալու 1915-1923 թվականների ցեղասպանության կրկնությունը:

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայությանը կոչ է անում ամեն կերպ սատարել Թուրքիայի ագրեսիայի արդյունքում տուժած հայկական բնակչությանը՝ մեղմելու ահագնացող հումանիտար աղետն ու վերականգնելու ռազմական ներխուժումից տուժած բազմահազարանոց հայկական համայնքի բնականոն կյանքը:

Մենք հավատում ենք, որ քաղաքակիրթ աշխարհը, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, ոչ միայն կդատապարտեն, այլև հավուր պատշաճի գնահատական կտան սանձազերծված բռնություններին և կոնկրետ քայլերով կկանխեն մարդկության դեմ ուղղված այս ոճրագործությունը:

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ