Ս/թ սեպտեմբերի 13-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ «Հայ Դատի արդիական խնդիրները ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում» խորագրով համաժողով, որը նախաձեռնել էր ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը: Ողջյունի խոսքով ներկաներին դիմեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Բորիս Սահակյանը և ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը:
Օրվա բանախոս, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, կարևորելով հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների բնականոն զարգացումը, շեշտեց, որ Հայ Դատի պաշտպանությունը, թե պետական, թե խորհրդարանական և թե հանրային դիվանագիտության կարևորագույն խնդիրներից է, և որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնվի ազգային գաղափարախոսության վրա: Նրա խոսքով՝ հենց ազգային գաղափարախոսությունն է ընկած Հայ Դատի գործունեության հիմքում:
[modula id=”16499″]
Բանախոսը կարևորեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի խնդրի կարգավորման և հայ-թուրքական խնդիրներում ռուս-հայկական համագործակցության ընդհանուր սկզբունքների մշակումը, որոնցում պետք է արտացոլվեն նաև պանթուրքիզմին, պանօսմանիզմին նեոպանթուրքիզմին համատեղ հակազդելու հնարավորությունները:
«Մենք կարող ենք և պարտավոր ենք զարգանալ՝ առանց զիջելու մեր ազգային, ռազմավարական շահերը։ Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ առանց զիջումների ապագա չունենք, ոչ միայն արհամարհում են մեր ժողովրդին, այլև, զիջումները պայմանավորելով կուտակված խնդիրների գոյությամբ՝ բացառում են դրանց լուծման ցանկացած հայանպաստ տարբերակ»,- նշեց Արմեն Ռուստամյանը։
Իր ելույթում թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին շեշտը դրեց թուրք պատմագիր և սոցիոլոգ Թաներ Աքչամի նման գիտնականների հետ համագործակցության վրա: Աքչամը այն թուրք գիտնականներից է, ովքեր ճանաչում և քննադատում են Հայոց ցեղասպանությունը:
Քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը կարևորեց գիտաժողովում ծավալված բանավեճը, շեշտելով, որ հայ-ռուսական հարաբերություններում 2018-ի մայսից հետո առկա են սրացումներ և տարաձայնություններ:
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի հանձնախմբի անդամ Սարգիս Սարգսյանը իր զեկույցում նկատեց, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի ադրբեջանական հակահայ քարոզչության սայլին լծված ռուս, կամ ռուսաստանյան քաղաքական, հասարակական գործիչների, քաղաքագետների տեսակետները Հայաստանում չընկալվեն, որպես Ռուսաստանի պետական, պաշտոնական դիրքորոշում:
Իրենց ելույթներում կոնֆերանսի մասնակիցները կարևորեցին Հայ Դատի խնդիրների արդարացի լուծման անհրաժեշտությունը տարածաշրջանային, և համապարփակ անվտանգության ապահովման առումով:
Միջոցառումը եզրափակվեց համզագյանի մշակութային և կրթական միության «Զեյթուն» ազգագրական համույթի ելույթով։