Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Sydney Morning Herald-ը հայտնում է, որ հայկական համայնքի ղեկավարները հրաժարվել են հիշատակի միջոցառմանն ընթերցել վարչապետի հայտարարությունը: Իսկ հայտարարությունում Մորիսոնն ասում է, որ միանում է հայկական սփյուռքին՝ «սգալու և հիշելու այն սարսափները, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրության վերջին տարիներին»:
Ուշագրավ է, որ 2011 թվականին խորհրդարանում Մորիսոնը, չլինելով այդ ժամանակ վարչապետ, հայերի հետ տեղի ունեցածն անվանել էր «ցեղասպանություն» և ասել, որ դա «մարդկության դեմ իրականացված խոշորագույն հանցագործություններից մեկն է»: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նրա հայտարարության մեջ նման որակումն արդեն բացակայում է:
Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը, ով հրաժարվել է կարդալ վարչապետի հայտարարությունը, ասել է. «Նրա այս պահվածքը վիրավորական է Ավստրալիայի հայ համայնքի շուրջ 50 հազար անդամների համար, ովքեր մեծամասամբ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներ են»: Կայսերյանը նշել է, որ նման ձևակերպումներով Ավստրալիան Հայոց ցեղասպանությունը «հավասարեցրել է ավտովթարի»:
Թեպետ Ավստրալիան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն երկրի խոշորագույն նահանգները՝ Նոր Հարավային Ուելսը և Հարավային Ավստրալիան ճանաչել են պատմական փաստը:
Ապրիլի 24-ին Սիդնեյում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված խոշոր միջոցառման գլխավոր բանախոսը լինելու է Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը: