Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է հետևել անվտանգությանը և զգոնություն ցուցաբերել՝ պայմանավորված «տոնական օրերին հանցագործությունների աճի հավանականությամբ»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ անհասկանալի է, թե «ինչու է ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում հանցագործության մասին մի երկրում, որտեղ հանցավորության մակարդակն ամենացածրերից մեկն է, և որը մոլորակի ամենաանվտանգ վայրերից է ճանապարհորդների համար (ըստ ԱՄՆ Պետդեպի տվյալների)»:

«Առավել անհասկանալի է, թե ինչու է մեր դեսպանությունը Հայաստանում գտնվող ամերիկացիներին կոչ անում զգոն լինել՝ անդրազգային ահաբեկչական կազմակերպություններից և անհատներից եկող վտանգի պատճառով, որը որևէ ներկայություն կամ նախադեպ չի ունեցել Հայաստանում», – ասվում է ANCA-ի արձագանքում:

Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հետևյալ հայտարարությունն էր տարածել. «Տոնական օրերին ընդառաջ Երևանում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին զգոնություն դրսևորելու մասին, քանի որ Հայաստանում կարող է աճել հանցագործությունների հավանականությունը, ինչպես օրինակ՝ գողության, գրպանահատության, բնակարանային կողոպուտի: Տոնական օրերին վտանգ կա նաև անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների և անհատների գործողությունների առումով, որոնք առաջնորդվում են Եվրոպայում տարածված ծայրահեղական գաղափարախոսությամբ»:

ArmDaily.am